Մշակույթի նախարարությունը ոգևորված է Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռք բերման առաջարկով
Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունելի և ոգևորիչ է համարում Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը: «Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով` նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան»,- գրել է խոսնակը, հավելելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է նման դեպքում անհրաժեշտ ցուցանմուշների հավաքակազմ ապահովել, աջակցել տեղափոխության և ցուցադրանքը կազմակերպելու հարցում:
Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ:
Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Նա Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարողն է։ Լուսինեն մեծացել է Ախալցխայում։ 1952 թվականին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, սովորել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1957 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա: 1972 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: Ժողովրդի կողմից սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։