«Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը չի ընդդիմանա Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրին». Ռիչարդ Կիրակոսյան
«Եվրամիությունն «Արևելյան գործընկերությունը» պահպանելու հնարավորություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային, «Արևելյան գործընկերություն» ծրագրին, ԵՄ-ում անվտանգության բաղադրիչն ամրապնդելու շուրջ դիսկուրսին։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ նշել էր, որ Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ։ Նա հայտնել էր, որ կազմակերպության գործունեությունը պետք է ուղղված լինի միասնական զինված ուժերի ստեղծմանը։ «Եվրամիության երկրները պետք է ուժեղ լինեն ռազմական տեսանկյունից։ ԵՄ-ն պետք է իր գործողությունները կոորդինացնի ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է նա։
Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով Յունկերի այս հայտարարության մասին, ասաց, որ դա չպետք է դիտարկել՝ որպես լուրջ հայտարարություն։ Ըստ նրա, սա ԵՄ որոշ պաշտոնյաների վերջին հայտարարությունների այն շարքից է, որոնք ԵՄ-ի ռազմական ու պաշտպանական ունակությունների ամրապնդման անհրաժեշտության մասին են։ «Բայց ինչպես տեսնում ենք, սա ոչ առաջին, ոչ վերջին նման մեկնաբանությունն է։ Եվրոպական անվտանգությունը հիմնականում ապահովվում է առանձին երկրների կողմից նրանց ռազմական ունակությունների հաշվին, իսկ դա խախտվում է միգրացիոն սպառնալիքի և ներքին ահաբեկչության ներքո։ Մենք չպետք է ակնկալենք, որ ԵՄ-ն հանկարծակիորեն կվերածվի կոշտ ռազմական ուժի»,- նման տեսակետ հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը։
Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագան կարևոր է այլ՝ քաղաքական, տնտեսական և նույնիսկ փափուկ անվտանգության աջակցության ոլորտների, օրինակ՝ կիբեր անվտանգության ոլորտի տեսանկյունից։ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ԵՏՄ-ին միանալը ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ վտանգի մակարդակի բարձրացում ապահովող քայլ էր։
«Ցավոք սրտի, դա բացահայտեց Հայաստանում որոշումների կայացման սահմանափակումները։ Բարեբախտաբար, եղավ հազվադեպ հանդիպող երկրորդ հնարավորություն Հայաստանի համար՝ վերականգնել, վերանվաճել և վերակառուցել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Ե՛վ Երևանում, և՛ Բրյուսելում կա քաղաքական կամք՝ չկորցնելու համար այս հնարավորությունը։ Սկսած ապրիլյան բախումներից, բացի տնտեսական և քաղաքական ոլորտներից, կա անվտանգությանը վերաբերող ոլորտ Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության շրջանակում, որն առաջարկում է Հայաստանին, բացի կիբեր անվտանգությունից, պաշտպանական ոլորտի բարեփոխումների ամրապնդում, գնումների ոլորտի բարելավում, այսինքն՝ մի շարք ոլորտներ, որոնք չեն վախեցնում Ռուսաստանին, ոչ էլ՝ միջամտում հայ-ռուսական գործընկերությանը։
Այսինքն՝ սա հաշվի առնելով, կարելի է ասել, որ կա հնարավորություն ԵՄ-ի համար՝ պահպանել ԱլԳ-ն, բարձրացնել Հայաստանն Ադրբեջանի և Բելառուսի մակարդակից, բայց միևնույն ժամանակ՝ հասնել հարաբերությունների նոր իրավական հիմքին։ Մինչ այս պահը Ռուսաստանը սրան չի ընդդիմացել և, ամենայն հավանականությամբ, չի ընդդիմանա»,- այս կարծիքին է վերլուծաբան Կիրակոսյանը։ Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ մնում է հետևել բանակցություններին, որոնց հաջորդ փուլը կկայանա հոկտեմբեր ամսին։