WSJ-ը Սիրիայի մասնատումը համարում է հակամարտության լուծման լավագույն տարբերակը
Սիրիական հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը երկրի մասնատումն է, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի փորձը`համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ, հաջողությամբ չի պսակվել:
ԱՄՆ նախագահը հղում էր կատարել իր գործընկերոջ հետ հարաբերություններում «վստահության բացերին»: Հոդվածագրի կարծիքով` ԱՄՆ վարչակազմի գաղափարներն արդեն սպառվել են և նրան այլևս ոչինչ չի մնում, քան անհապաղ վերադառնալ կրակի դադարեցման նույն անհաջող բանակցություններին:
Ավելի քան 5 տարում Սիրիայի հարցով ներկայացվել է 17 խաղաղ նախաձեռնություն, սակայն դրանցից ոչ մեկը հաջողություն չէր ունեցել: Կրակի դադարեցման նոր համաձայնագիրը դժվար թե փոխի իրավիճակը, կարծում է պարբերականը:
Շուտով Օբաման կլքի իր պաշտոնը, և նոր վարչակազմին անհրաժեշտ կլինի Սիրիայի հարցով նոր քաղաքականություն: Ինչպես նշվում է, առաջին և առավել կարևոր քայլը հրաժարվելն է «հիմնարար սկզբունքից», որը դրվել էր անցած տարի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից, այն է` որ Սիրիան պետք է միասնական երկիր լինի:
Հեղինակի կարծիքով` Սիրիայի պատերազմի արմատական պատճառը պայքարն է իշխանության համար` «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Ե´վ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և´ նրա հակառակորդներին անհրաժեշտ է միայն լիակատար հաղթանակ, և պարտվողին սպառնում է լիակատար ջախջախում:
Այս իրավիճակում լավագույն տարբերակը կարող էր լինել Սիրիայի բաժանումը, նշում է WSJ-ը: Գաղափարը նոր չէ, սակայն այն ունի բազմաթիվ քննադատներ և այն չի վերացնում բոլոր խնդիրները, սակայն թույլ է տալիս դրանք այնքան նվազեցնել, որպեսզի դրանք հաղթահարելն ավելի հեշտ լիներ:
Այսպես, ինքնուրույն ալավիական պետությունը թույլ կտար ապահովել Ասադի դինաստիայի քաղաքական շարունակությունը, կդառնար նաև անվտանգ «էթնիկ հայրենիք», հատկապես Ռուսաստանից անվտանգության երաշխիքների ստացումից հետո: Քրդական գոտին, որը կմիավորվեր Իրաքի Քուրդիստանի հետ, Թուրքիայի կողմից կարող է ընկալվել որպես սպառնալիք, սակայն ԱՄՆ-ի պաշտպանության ներքո կարող էր հուսալի ապաստան լինել խաղաղ բնակչության համար:
Ինչ վերաբերում է Սիրիայի մյուս մասին, ապա, ըստ հեղինակի, դրա խաղաղեցման համար կպահանջվի ՆԱՏՕ-ի սահմանափակ, սակայն վճռական միջամտությունը, որը պետք է ջախջախի ԴԱԻՇ-ին, աջակցի Սիրիայի ազատ բանակին, ինչպես նաև այդ գոտում տեղակայի երկարաժամկետ արաբական կայունացնող ուժեր: