Կախա Կալաձեն իր երախտագիտությունն է հայտնել Իլհամ Ալիևին
Վրաստանի կառավարությունը գազաֆիկացման, ինչպես նաև այլ հարցերը լուծելու է ադրբեջանական SOCAR նավթային ընկերության հետ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Report կայքը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների վերաբերյալ Կախա Կալաձեն հայտարարել է, որ այդ հարցերն արդեն գտել են իրենց լուծումը. «Մենք աշխատում ենք SOCAR-ի հետ, և այդ հարցն փակված է»։
Նա նաև նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են: «Օրերս մենք Բաքվում էինք, շատ արդյունավետ հանդիպումներ ենք անցկացրել: Մենք բացում ենք նոր գազաբաշխիչ կետ: Ադրբեջանի կառավարությունն օգնում է Վրաստանի բնակչությանն ապահովել բնական գազով, ինչի համար էլ մեր երախտագիտություն ենք հայտնում Ադրբեջանի նախագահին»,- ասել է Կալաձեն:
Վրաստանի Մառնեուլի շրջանի Գըրըխլը գյուղում գազաբաշխիչ կետի բացման արարողությանը օրերս ներկա է եղել նաև SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, որը հայտարարել է, որ SOCAR-ը հաջողությամբ կատարում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի գազաֆիկացման աշխատանքները:
«Մինչև տարեվերջ ևս 40 հազար բաժանորդ կապահովվի գազով: SOCAR-ը կկատարի Վրաստանի կառավարության առաջ ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա: