«Տարածաշրջանում Ռուսաստանի ամրապնդվելն ու ծավալվելը նպաստավոր է նաև Հայաստանի համար». իրանագետ
«Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը որակապես նոր փուլ է թևակոխում: Եթե մինչև այժմ այն բնութագրվում էր որպես ռազմատեխնիկական համագործակցություն, ապա այսուհետ գործ ունենք ռուս-իրանական օդատիեզերական համագործակցության ձևաչափի հետ: Այս դեպքում, հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները, Ռուսաստանի ներգրավումը հակաահաբեկչական գործողություններին, փաստերեն ռուսական կողմը կարողացել է Իրանի Համադան օդանավակայանից թռիչքներ իրականացնել ու ճնշել սիրիական ահաբեկչական խմբավորումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Իրանի կողմից սա բացառիկ թույլտվություն է օտարերկրյա պետությանը՝ իր տարածքում ռազմական ներկայություն ապահովելու տեսանկյունից. «Սա ռուսական կողմի քաղաքական ու դիվանագիտական հաջողությունն էր: Իրանական կողմի համար սա կարևոր նշանակություն ունի այն տեսանկյունից, որ ձեռք է բերում ազդեցիկ լծակներ տարածաշրջանում հատկապես ռազմական տեսակետից իր հեղինակությունն էլ ավելի ամրապնդելու համար»:
Ըստ իրանագետի՝ հաշվի առնելով, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան ու հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցություն ունի երկար դարերի պատմություն, տարածաշրջանում ՌԴ ամրապնդվելն ու ծավալվելը նպաստավոր է նաև ՀՀ-ի համար: Նա նաև նշեց, որ Թուրքիան տարածաշրջանում մղվում է երկրորդ պլան ու նրա լուրջ մրցակիցը դառնում է Իրանը:
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ պետք է աներ, որպեսզի դուրս չմնար այս գործընթացներից, նա այսպես պատասխանեց. «Մենք չենք մնացել խաղից դուրս վիճակում, պարզապես յուրաքանչյուր երկրի դեպքում պետք է նայենք Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Եթե նայում ենք երկկողմ հարաբերությունների տեսակետից այս ձևաչափով, բոլորովին էլ ետ չենք մնացել: Այլ հարց է, որ ռուս-իրանական համագործակցությունը տարածաշրջանում ունենալով առավել մեծ և ընդգրկուն մասշտաբներ, չէր կարող իր մեջ ներառել Հայասստանին: Բայց որ Հայաստանը կարող է և ունի կարևոր ներդրում ու դերակատարում այս հարցում, փաստ է»: