Բաժիններ՝

«Գոռս կձգտի մինչև օլիմպիական ոսկի, նա ոչ մի անգամ չի ընկճվում». «Ասպարեզ»

Օլիմպիական արծաթ նվաճած գյումրեցուն անհամբեր սպասում են ընտանիքում

Օլիմպիական արծաթ նվաճած գյումրեցի Գոռ Մինասյանին Ավտոկայան թաղամասում բոլորն են ճանաչում, ընտանիքի անդամների հետ նա արդեն 22 տարի շարունակ ապրում է Գյումրու տնակային ավանում` փոքրիշատե վերանորոգված տնակում:

«Գոռը իմ տղան է, մոր եւ քույրերի հետ է ապրում»,- «Ասպարեզ»-ի հետ զրույցում ասել է տիկին Մարիամը՝ շտապելով ցույց տալ Գոռենց տունն ու օլիմպիական արծաթ նվաճած գյումրեցու մորը` տիկին Նարինեին է զանգում:

Որդու հաղթանակից հետո Գոռի տան անդամներին շնորհավորելու են գալիս բարեկամներն ու հարազատները, սեղանը միշտ պատրաստ է, մայրը գյումրեցուն վայել հյուրասիրությամբ է դիմավորում մարդկանց:

Գոռը տան միջնեկն է, տան միակ արու զավակը, իրենից մեծ ու փոքր քույր ունի: Մայրը` տիկին Նարինեն, մանկավարժ է, աշխատում է Գյումրու թիվ 38 դպրոցում, հայրը մահացել է, երբ Գոռը եղել է ընդամենը 6 տարեկան:

Gor minasyan-mama

Գոռի սենյակում իր մրցանակներն ու գավաթներն են. մեդալների կողքին հանգուցյալ հոր լուսանկարն է փակցված:

Տիկին Նարինեի 3 երեխաներն էլ բարձրագույն կրթություն են ստացել, 3-ն էլ ծնվել են տնակային պայմաններում. անօթեւանների հերթացուցակում ընդգրկված այս ընտանիքին պետությունը հատկացրել է բնակարանի գնման վկայական, բազմանդամ ընտանիքի մի մասն է տեղափոխվել նոր բնակարան, Գոռն իր ընտանիքի մյուս անդամների հետ մնացել է այս պայմաններում:

Մայրն ու քույրն ասում են, որ Գոռը չի սիրում, երբ իրենք կամ հարեւանները խոսում են, թե օլիմպիական արծաթ նվաճած Գոռ Մինասյանն ապրում է տնակում:

«Նա սիրում է, որ ինքնուրույն իր նպատակին հասնի, չի ուզում, որ այս տնակը դառնա խոսակցության թեմա,-ավելացնում է կրտսեր քույրը:

Գոռ Մինասյանը ծնվել է 1994-ին` Գյումրիում, հաճախել թիվ 38 դպրոց, ապա` Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացել է մայրաքաղաքում: Գոռը ծառայում է հայկական բանակում, զորակոչվել է հուլիսի 1-ին:

Մայրը պատմում է, որ մանկական ու պատանեկան տարիներին Գոռը հաճախել է տարբեր պարապմունքների` կարատե, մարմնամարզություն, ըմբշամարտ: «Բայց ոչ մի տեղ չգտավ իրեն, լացով էինք տանում-բերում պարապմունքների, հետո ես հիշեցի, որ Գոռի պապիկը` սկեսրայրս, ծանրամարտով է զբաղվել, առաջարկեցի տանել ծանրամարտի պարապմունքների, արդեն 12 տարի է` պարապում է ու մի օր դեռ չի եղել, որ բացակայի պարապմունքներից, նույնիսկ վատառողջ լինելու դեպքում է հաճախել պարապմունքների,-պատմում է մայրն ու շարունակում,- երբ 2015 թ-ի Աշխարհի առաջնությունում 3-րդ տեղ գրավեց Գոռս, իրեն պարգեւատրեցին ավտոմեքենայով, բայց մինչեւ հիմա չի վարել, բերել, կանգնեցրել է»:

Գոռի խաղին մայրը չի կարողացել հետեւել, խոստովանում է` դժվար վայրկյաններ էին:

Օլիմպիական 31-րդ խաղերին ծանրամարտի տղամարդկանց մրցապայքարի գերծանր քաշային կարգում Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ` Ռուբեն Ալեքսանյան ու Գոռ Մինասյան: Գոռ Մինասյանը գլխավերեւում պահեց 241 կգ ծանրաձողն ու գրանցեց երկամարտի 451 կգ` իր լավագույն արդյունքը գերազանցելով ամբողջ 14 կգ-ով եւ նվաճեց արծաթե մեդալ:

«Գերագույն նպատակը օլիմպիական խաղերին մասնակցելն էր ու մեդալ բերելը, նա ասել էր, որ մեդալ անպայման բերելու է, բայց, իմ կարծիքով, սրանով չի էլ բավարարվի Գոռս, կձգտի մինչեւ օլիմպիական ոսկի, նա ոչ մի անգամ չի ընկճվում, մինչեւ հիմա չեմ տեսել, որ ինքը հիասթափվի»:

Անի Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս