Էրդողանի այցը Ռուսաստան Վաշինգտոնի հետ Անկարայի կապերի վատացման նշան է. The Wall Street Journal

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների վատացման հերթական նշանն է դարձել: Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձը դարձել է ճշմարտության պարագա: Անկարան եւ Վաշինգթոնն այլեւս ընդհանուր արժեքներ եւ հետաքրքրություններ չեն կիսում: Նման կարծիք են հայտնել The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում քաղաքագետներ Սթիվեն Քուկը` Միջազգային հարաբերությունների գծով վաշինգթոնյան խորհրդից եւ Մայքլ Քոփլոուն` Իսրայելյան քաղաքականության ֆորումից:

Համատեղ հոդվածի հեղինակները համոզմունք են հայտնել, որ «նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումը, որոնք երկկողմանի հարաբերությունների ընդլայնման կոչ են արել, «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կապերի վատացման հերթական նշանն է դարձել չհաջողված հեղաշրջումից հետո», միաժամանակ նաեւ հավելել, որ ԱՄՆ-ին եւ Թուրքիային այլեւս չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել:
Նրանք հիշեցրել են, որ 1974 թվականին Թուրքիայի` Կիպրոս ներխուժումից եւ մի հատվածը զավթելուց, ինչպես նաեւ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքը բռնազավթելուց հետո ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդներին հաջողվել էր ընդհանուր լեզու գտնել:

«Սակայն, այս անգամ ամեն ինչ այլ է», -գտնում են նրանք` իրենց կարծիքը հիմնավորելով նրանով, որ երկու պետությունները հակադիր դիրքորոշումներ ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու, Սիրիայի հյուսիսում քրդերին պաշտպանելու, Իրաքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու եւ Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցերում:

Փորձագետների գնահատականով` երկրների տեսակետների տարբերությունը առավել ակնհայտ է դրսեւորվել Թուրքիայի տարածքում Ինջիռլիք օդային ռազմաբազայի օրինակում, որը դարձել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ հակաահաբեկչական կոալիցիայի գործողությունների ամրակետ:

«Թուրքերը ԱՄՆ-ին հարկադրել են ամբողջ մեկ տարի բանակցություններ վարել այդ ռազմաբազայից ԻՊ-ի դեմ օդային հարվածներ հասցնելու թույլտվության համար», -նշել են նրանք:

Հեղինակների կարծիքով` Թուրքիայի իշխանությունների դրդմամբ հասարակության զգալի հատվածը ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ, եւ այն բանում, որ Վաշինգթոնը Թուրքիային չի արտահանձնում Փենսլիվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Նրանց գնահատականով, կասկածների եւ մեղադրանքների նկատմամբ ԱՄՆ-ի արձագանքը «եղել է վախկոտ, գործնականում հանրային բողոքի առանց մեկ խոսքի»:

«ԱՄՆ-ի հասցեին անհիմն մեղադրանքները ցույց են տալիս, որ Էրդողանը ունակ է սահմանափակել Ամերիկայի մուտքը Ինջիռլիք բազա միայն ցուցադրելու համար այն բանը, որ նա կարող է դա անել: ԱՄՆ-ի համար խելամիտ կլիներ մշակել ուժերի վերատեղակայման պլան Թուրքիայի սահմաններից դուրս, հոգ տանել Կիպրոսում, Հորդանանում եւ իրաքյան Քրդստանում օդանավակայանների օգտագործման մասին», -առաջարկել են փորձագետները:

«Այդ բոլորը պետք է վերջնականորեն ամերիկյան քաղաքական գործիչներին պարզաբանի պատկերը եւ ցուցադրի նրանց, որ Թուրքիային եւ ԱՄՆ-ին այլեւս ընդհանուր արժեքներ եւ շահեր չեն միավորում: Փոխանակ այն բանին, որպեսզի ուշադրություն չդարձվի Էրդողանի հակաամերիկյան դրսեւորումներին, անհարժեշտ է ավելի հուսալի դաշնակիցներ որոնել», -ամփոփել են քաղաքագետները:

Հարաբերությունների սառչելուց 8 ամսյա ժամանակաշրջանից հետո առաջին անգամ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Պուտինը երեքշաբթի բանակցություններ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում: Երկրների միջեւ հարաբերությունները վատացել էին անցյալ տարվա նոյեմբերին Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ թուրքական օդուժի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումից հետո:

Ռուսաստանը Թուրքիայից պահանջել էր ներողություն խնդրել, պատժել մեղավորներին եւ փոխհատուցել վնասը: Մինչ այդ պահանջների կատարումը Մոսկվան փաստորեն դադարեցրել է շփումները Անկարայի հետ, ինչպես նաեւ արգելք էր մտցրել թուրքական ապրանքների ՌԴ ներկրման վրա: Հուլիսին Էրդողանը Պուտինին նամակ էր հղել եւ ներողություն խնդրել միջադեպի համար:

Տեսանյութեր

Լրահոս