Բաժիններ՝

Որքանո՞վ են անվտանգ Արցախում գործող լողավազանները

Ստեփանակերտի տարածքում ստեղծված են հանգստյան 5 գոտիներ, որոնցում առկա են լողավազաններ, մի շարք այդպիսի հանգստյան գոտիներ կան նաև հանրապետության շրջաններում, որոնցից ոչ մեկում այս տարի սանիտարահիգիենիկ խախտումների կոպիտ դեպքեր չեն արձանագրվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական համաճարակաբանական և հիգիենայի տեսչության (ՊՀՀՏ) «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը` հավելելով, որ բնակիչները վստահորեն կարող են իրենց հանգիստն անցկացնել հանրապետության տարածքում գտնվող բոլոր լողավազաններում:

Արցախի հանգստյան գոտիների տնօրենները հիմնականում ուշադիր են լողավազանների մաքրության հանդեպ: Բացի այդ` «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ը կապված լողավազանների սանիտարահիգիենիկ վիճակի ստուգման հետ` ունի սեզոնային ստուգումների գրաֆիկ, որը հիմնականում սկսվում է մայիս ամսին, ավարտվում` հոկտեմբերին:

«Մենք բոլոր լողավազաններից ամիսը մեկ անգամ փորձաքննության համար նմուշ ենք վերցնում և փորձաքննության պատասխանները՝ լաբորատոր հետազոտության և գլխավոր բժշկի եզրակացությունից հետո, ըստ սահմանված գրաֆիկի, ուղարկում ենք տվյալ հանգստյան գոտիների տնօրենությանը: Մեր գործունեության մեջ մտնում է փորձաքննության արդյունքների հիման վրա խորհուրդներ տալ հանգստյան գոտիների տնօրեններին, որպեսզի շատ կարճ ժամկետներում վերացնեն նկատված թերությունները, բայց եթե նույն թերության համար ահազանգերը կրկնվում են դիմում ենք օրինապահ մարմիններին»,-ասել է Օֆելյա Գրիգորյանը` նշելով, որ կենտրոնի նպատակն է բոլոր ջրավազաններում, որտեղ մարդիկ հանգստանում են նախորօք կանխարգելել վտանգները, որպեսզի չառաջանան համաճարակների օջախներ:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ը ունի իր շրջանային մասնաճյուղերը, որոնք զեկուցում են շրջանային լողավազանների սանիտարահիգիենիկ վիճակի մասին, իսկ եթե խնդիրներ են առաջանում ու կարիք է լինում ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնելու՝ այդ դեպքում կենտրոնն ուղարկում է իր մասնագետներին:

Կենտրոնի մանրեաբանական լաբորատորիայի վարիչ Լուսինե Թովմասյանը նշում է, որ թեկուզ այս տարի տաք եղանակները նախորդ տարվա համեմատած քիչ էին, բայց լաբորատոր ստուգումների գրաֆիկները չէին խախտվում.

«Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը այն է, որ հետևենք և խմելու և ավազանային ջրի մաքրությանը»,-մանրամասնել է Լ. Թովմասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս