Հայաստանից երբևէ կատարված ամենամեծ գողությունը
Իշխանության, պետական կառավարման արդյունավետությունն ընդունված է գնահատել իրողություններով, փաստացի արդյունքներով, ցուցանիշներով, թվերով։ Դա որևէ իշխանության համար իր իսկ գործունեության գնահատման ամենացանկալի մեթոդն է։ Որովհետև գնահատման այդ մեթոդը բացառում է պոտենցիալի, մսխված հնարավորությունների, անհնարին դարձված հնարավորը չիրացնելու հանցավորության գնահատականը։
«Ի՞նչ կլիներ, եթե…» ձևակերպմամբ ցանկացած հարցադրում, առաջին հերթին՝ ֆուտուրիստական է։ Քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները՝ դա հասկանալով կամ ոչ, հրաժարվում են պատասխանել «եթե»-ով սկսվող կամ «եթե» պարունակող ցանկացած հարցի։
Իրականում ֆուտուրիստական լինելով՝ այդ հարցերը նաև շատ առարկայական են ու շատ հասցեական են։ Պատասխանից հրաժարվողներն էլ հրաժարվում են ոչ թե՝ ֆուտուրիզմի հանդեպ ունեցած անհագ զզվանքի, այլ՝ պատասխանատվության սեփական չափաբաժնից խուսափելու մղման պատճառով։
Մինչդեռ այդ հարցերը երբեմն շատ պարզ են, ավելի հաճախ՝ ունեն հայտնի պատասխաններ, իսկ ընդհանրապես՝ շատ ցավոտ են ու ողբերգական, որովհետև պատասխաններն այդ, ամեն ինչից բացի, անդառնալիության արտահայտություններ են։
Կլինե՞ր արդյոք ապրիլյան պատերազմը, եթե Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ երկրի պաշտպանունակությունը չպայմանավորեին միայն ու բացառապես Ռուսաստանի՝ միակ ու անփոխարինելի դաշնակից ու անվտանգության երաշխավոր լինելու առասպելով։
Կլինե՞ր արդյոք ապրիլյան պատերազմը, եթե քաղաքական, ռազմական ու մնացած իշխանությունները տարիներ շարունակ հասարակությանը չկերակրեին «ինչ անում ենք՝ հանուն Ղարաբաղի ենք անում» արդարացմամբ ու հասարակությանը դրանով կերակրելուց ազատ ժամերին բանակի համար նախատեսված միջոցներով չբավարարեին հարստանալու, ավելի շատ հարստանալու, չափից ավելի շատ հարստանալու սեփական հիվանդագին ցանկությունները։
Կլինե՞ր արդյոք ապրիլյան պատերազմը, եթե Հայաստանի իշխանությունները տասնյակ տարիներ շարունակ վարեին Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն, եթե արտաքին քաղաքականության պատասխանատուներն իրենց պատասխանատու համարեին սեփական, և ոչ թե՝ այլ երկրներում գտնվող վերադասների առջև։
Կլինե՞ր արդյոք ապրիլյան պատերազմը, եթե նույն այդ արտաքին քաղաքականությունն իրականացնողները Հայաստանը չգլորեին համաշխարհային քաղաքականության լուսանցք՝ ամեն ինչում աջակցելով այդ լուսանցքում հայտնված Ռուսաստանին։
Կլինե՞ր արդյոք ապրիլյան պատերազմը, եթե ապրիլի լույս երկուսի գիշերը արձակվեր այն հրամանը, որին այդքան սպասում էին հայտնի տեսանյութի զինվորները…
Կկայանա՞ր արդյոք Բաքվի այսօրվա հանդիպումն Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների միջև, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի իշխանությունը հարևան ու բարեկամ երկրի հետ հարաբերությունները կառուցեր ոչ թե՝ Ռուսաստանից ստացված դիրեկտիվներով, այլ՝ սեփական երկրի շահերից ելնելով։
Կլինե՞ր արդյոք Հայաստանը բոլոր այն տարածաշրջանային մեգանախագծերում, որոնք արդեն այսօր մոտ են իրականություն դառնալուն, բայց առանց Հայաստանի, եթե Հայաստանը վարեր իրականում նախաձեռնողական, և ոչ թե՝ քարոզչական նախաձեռնողականության իմիտացիա ստեղծող արտաքին քաղաքականություն։
Կլինե՞ր արդյոք Հայաստանի տնտեսությունն այսքան կործանված, եթե չլիներ ԵՏՄ-ին անդամակցելու տխրահռչակ որոշումը։
Կլինե՞ր արդյոք Հայաստանի տնտեսությունն այսքան անմրցունակ, եթե բնում չխեղդվեր մրցակցության ցանկացած դրսևորում։
Կլինե՞ր արդյոք Հայաստանի տնտեսությունն այսքան աղքատ, եթե մի քանի օլիգարխները չլինեին այդքան հարուստ։
Կլինե՞ր արդյոք «Սասնա ծռերի» գրավումը, եթե համապատասխան կառույցները կատարեին իրենց պարտականությունները։
Կլինե՞ր արդյոք «Սասնա ծռերի» գրավումը, եթե Ոստիկանությունը վերածված չլիներ ինքնուս թատերասերների ու բռնության սիրահարների ակումբի։
Կլինե՞ր արդյոք «Սասնա ծռերի» գրավումը, եթե Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր ոչ թե՝ իշխանության քաղաքական հակառակորդներին, առանձին գործիչներին հետևելու ու տնտեսական մրցակիցներին ճնշելու, այլ՝ իրականում ազգային անվտանգության խնդիրների ապահովմամբ։
Կլինե՞ր արդյոք «Սասնա ծռերի» գրավումը, եթե Հայաստանում քաղաքականությունը վերացված չլիներ այնչափ ու այնպես, որ զինված ճանապարհով հարցերի լուծումը չհամարվեր երկրում փոփոխություններն իրականացնելու միակ ճանապարհ։
Այս հարցերի շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Նույն տրամաբանությամբ կարելի է հնչեցնել երկրի կենագործունեության բոլոր, առանց բացառության բոլոր բնագավառներին վերաբերող հարցադրումներ, որոնց բոլորի հիմքում ընկած է եղած հնարավորությունները չօգտագործելու իրողությունը։
Եղածից գողանալու փաստի արձանագրումն ու գնահատումը շատ հեշտ է, գրեթե մեխանիկական գործողություն է։ Գողացողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, ժամանակի ու տարածության մեջ՝ գրեթե անհնարին թվացող, բայց կրկին մեխանիկական է։ Եթե իհարկե, վերջնականապես սպառված չեն նորմալ պետություն ունենալու հույսերը, ու եթե այդ սպառվածության հետ համակերպվածությունը չի վերածվել մշտական կեցության։
Շատ ավելի բարդ է գնահատել, թե տվյալ ժամանակաշրջանի իշխանությունը, քաղաքական վերնախավը՝ ընհանրապես, սովորական կամ հանցավոր անգործության, հնարավորը չիրականացնելու արդյունքում՝ ինչպիսի վնաս է հասցրել պետությանը։ Բարդ է, որովհետև խոսքը ոչ թե սովորական գանձագողության կամ կոռուպցիայի մասին է, այլ պետության ու հասարակության՝ գողացված, մսխված ապագայի։ Դա Հայաստանից երբևէ կատարված ամենամեծ գողությունն է, որի բացահայտողն ու որի համար պատասխանատվության ենթարկողը լինելու է, լավագույն դեպքում, պատմությունը։ Հետմահու։
Հարություն Ավետիսյան