«Հայաստանում պատանդների ճգնաժամը դադարեց, բայց ոչ` խնդիրները». Stratfor
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, որտեղ դարձյալ անդրադարձել է Երևանում վերջին շրջանում կատարված իրադարձություններին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն ու դրա հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ, երբ պատանդների հետ կապված երկշաբաթյա ճգնաժամն ավարտվեց, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ին խոստացավ ձևավորել ազգային համաձայնության կառավարություն` հույս ունենալով հանգստացնել դժգոհ բնակչությանը:
Մինչ պատանդների հետ կապված իրավիճակն ավարտվեց, կառավարության դեմ բողոքները չավարտվեցին` ընդգծելով ավելի լայն քաղաքական խնդիրները, որոնք նախագահը դեռ պետք է լուծի:
Կայուն դժգոհությունը երկրում և Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի պատճառով պատճառ կհանդիսանան այն բանի, որ Երևանի կառավարությունը քիչ տեղ կունենա երկրի ներսում ու արտաքին քաղաքականության մեջ մանևրելու համար:
Անցած երկու ամիսներին երկրի սահմաններից դուրս և երկրի ներսում հարուցված փոփոխականության շրջանը բավական դժվար էր Հայաստանի համար: Ապրիլին Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական էսկալացիան Երևանին հանկարծակիի բերեց, ինչի հետևանքով կորցրեց Լեռնային Ղարաբաղի ուժերի՝ թիկունքի համար ոչ մեծ, բայց նշանակալի տարածք:
Դեպքը 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի համար զոհերի թվով ամենամեծն էր, և թեև բախումները տևեցին 4 օրից մի փոքր ավելի, դա բավական էր ցույց տալու համար, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը հակված չէ Երևանի պաշտպանության հարցում:
Փոխարենը՝ Մոսկվան Հայաստանին պարտադրեց վերսկսել Ադրբեջանի հետ դիվանագիտական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
Բազմաթիվ հայեր դիտարկում են հակամարտությունը և հաջորդող բանակցությունները հետընթաց, քանի որ Հայաստանը կնախընտրեր պահպանել Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն:
Փաստացի, այդ հիասթափությունը հուլիսի 17-ին Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության շենքի գրավման հիմքում ընկած գլխավոր դրդապատճառներից էր:
Խումբը, որը բաղկացած էր ԼՂ պատերազմի բազմաթիվ վետերաններից, ստացավ Հայաստանի հասարակության լայն աջակցությունը: Հազարավոր մարդիկ բողոքում էին կառավարության դեմ, ինչը ստիպեց վերջինիս բանակցություններ սկսել խմբի հետ, որոնք հուլիսի 31-ին հանգեցրին խմբի հանձնմանը:
Անգամ, չնայած պատանդների հետ կապված ճգնաժամն ավարտվեց, Սարգսյանի կառավարության վրա ճնշումը մնում է: Պատանդների ճգնաժամի համար ցույցերը միայն վերջինն էին կառավարության դեմ բողոքի այն մեծ ակցիաների, որը տեղի ունեցավ վերջին մի քանի տարում: Անձամբ Հայաստանի նախագահն օգոստոսի 1-ին երկրի հասարակական, մշակութային և կրոնական ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստովանեց, որ Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն, և, որ երկիրը բախվել է բազմաթիվ խնդիրների:
Նա դրանց հաղթահարման նպատակով առաջարկեց մի քանի ամսում ստեղծել ազգային միասնության մարմիններ, որտեղ հարցերը կլուծվեն լայն կոնսենսուսի միջոցով:
Թեև նախագահը չնշեց դետալները, նա մատնանշեց սահմանադրական բարեփոխումներիկետը, որը հիմք է ծառայելու դրա ձևավորման համար:
Այդ բարեփոխումները մաս են հանդիսանում Հայաստանի կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու համար, որը հավանության էր արժանացել 2015թ. հանրաքվեի ժամանակ և որը պետք է սկսի գործել 2018-ից:
Տեսականորեն, անցումը պետք է օրենսդիր մարմնի գործառույթներն ընդլայնի նախագահի նկատմամբ, բայց բազմաթիվ քաղաքացներ մտավախություն ունեն, որ սա Սարգսյանի համար ճանապարհ է, որը չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, պահպանել իր իշխանությունն անուղղակի միջոցների օգնությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության, պատանդների ճգնաժամի և վերջին բողոքների հետևանքով հասարակությունը կորցրել է իր ախորժակը Սարգսյանի կառավարման շարունակության նկատմամբ:
Բազմաթիվ ցուցարարներ դեմ են նրա կառավարությանը, նորից չեն բացառվում բռնության ակտերը: Սարգսյանի փորձերը` ստեղծել ազգային համաձայնության կառավարություն, կարող են նրան որոշ ժամանակ տալ՝ փոխելու մարտավարությունը, սակայն նրա ջանքերի անկեղծությունը գտնվելու է սկեպտիկ քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
Անգամ, եթե Սարգսյանի վարչակազմը կանխարգելում է աղետը, Հայաստանի ձգձգվող աշխարհաքաղաքական դժվարությունները կառավարության համար նախկինի պես լի կլինեն լուրջ մարտահրավերներով, հատկապես՝ երբ խոսքն Ադրբեջանի հետ դանդաղ եռացող հակամարտության մասին է: