Տարածված միֆեր համակարգչային խաղերի մասին
Համակարգչային խաղերի վնասների մասին անընդհատ խոսվում է: Սակայն համակարգչային խաղերի մասնագետները կարծում են, որ միայն այդ խաղերից չհասկացողներն են շարունակ պնդում, թե դրանք միայն վնասակար են: Հոգեբանները ևս նշում են, որ ծնողներից շատերը համակարգչային խաղերի վրա են բարդում երեխայի դաստիարակության մեջ իրենց ունեցած սխալները:
Ձեզ ենք ներկայացնում համակարգչային խաղերի մասին բոլոր այն միֆերը, որոնք, ըստ մանկական հոգեբանների, կարող են ոչ թե՝ վնասել երեխային, այլ ընդհակառակը՝ օգնել:
Խաղերը վնասում են առողջությանը
Այս հարցին պատասխանելու համար նախ՝ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ձեր երևակայությունում պատկերված գեյմերն ու իրական գեյմերը նույն տեսքն ունեն: Շատերը կարծում են, որ հաճախ համակարգչային խաղեր խաղացողները շատ նիհար մարդիկ են, ովքեր չեն կարողանում անգամ մի փոքրիկ բարձրացնել: Եվ, իհարկե, ըստ տարածված միֆի, համակարգչային խաղեր խաղացողներն անպայման պետք է ակնոց կրեն, քանի որ համակարգիչը վնասում է տեսողությանը: Սակայն այս ամենը հեռու է իրականությունից: Իրականում, տեխնոլոգիաները հիմա այնքան են զարգացել, որ խելացի լինելու դեպքում կարելի է խուսափել առողջական խնդիրներից:
Այժմ մեծ տարածում ունեցող խաղերն ունեն սուպերհերոսներ, ովքեր շատ ամուր ֆիզիկական կազմվածք ունեն: Երեխան, տեսնելով, թե ինչ հաջողությունների է հասնում սուպերհերոսը, փորձում է ամեն կերպ նմանվել նրան:
Ի դեպ, վերջին 2-3 տարում խաղերի արտադրության ոլորտում մեծ տեղ են գրավում այն խաղերը, որոնք միտված են առողջ ապրելակերպի պահպանմանը:
Հետևաբար՝ երեխայի առողջությանը չվնասելու համար, ծնողները պետք է ուշադիր լինեն խաղերն ընտրելիս: Այսօր համակարգչային խաղերն այնքան շատ են, որ մի փոքր փնտրելու դեպքում կարող եք գտնել այն տարբերակը, որը կբավարարի ձեր երեխայի քմահաճույքները և չի վնասի նրա առողջությանը:
Խաղերը խանգարում են սովորելուն
Փոքր տարիքում երեխաների մեծամասնությանը դասերից շեղում է գրեթե ամեն ինչ: Եվ այստեղ խաղերի վրա մեղքը բարդելն այնքան էլ ճիշտ չէ: Ծնողները պետք է իրենք հսկեն մանուկ հասակում իրենց երեխաների կրթություն ստանալու գործընթացը: Երեխային խաղերից զրկել պետք չէ, բայց պետք է ուշադրություն դարձնել, որ խաղը դասերին չխանգարի:
Արդեն մի փոքր հասուն տարիքում երեխան ինքն է կառավարում իր ժամանակը և ինքն է ընտրում, թե ինչ պետք է խաղա:
Համակարգչային խաղ ասելով՝ պետք չէ հասկանալ միայն կրակոցներ, զոմբիներ կամ նմանատիպ երևույթներ: Շատ խաղերի դեպքում կարելի է համատեղել ուսման գործընթացը խաղի հետ: Նմանօրինակ խաղերը շատ մեծ դեր ունեն խաղերի արտադրության ոլորտում: Լեզվական խնդիրները հաղթահարելն այլևս դժվար չէ, քանի որ Հայաստանում ևս սկսել են արտադրվել խաղեր, որոնք և սովորեցնում են, և թույլ են տալիս վայելել խաղը:
Խաղերը հիմարացնում են
Խաղերը կարող են հիմարացնել երեխային այնպես, ինչպես հիմարացնում են հեռախոսային խաղերն ու հեռուստացույցը: Սակայն համակարգչային խաղերը վերը նշվածների պես պարզ ու առանց իմաստի մշակված խաղեր չեն: Լուրջ համակարգչային խաղերը միշտ ունենում են նպատակ: Այդ նպատակները կարող են տարբեր լինել: Խելացի լինելու դեպքում թե՛ երեխան և թե՛ մեծ մարդը միշտ կարող է սովորել համակարգչային խաղերից:
Մրցութային խաղերն օգնում են զարգացնել ռեֆլեքսները, ռազմավարական մտածողությունը: Այս խաղերի միջոցով մարդիկ սովորում են ճիշտ որոշումներ կայացնել լարված իրավիճակներում, արագ մտածել և գտնել լավագույն տարբերակը:
Խաղերը սպանում են անհատականությունը
Իրականում, համակարգչային խաղերը բացահայտում են գեյմերի կամքն ու բնավորությունը: Խաղային գործընթացը ստիպում է մարդուն անընդհատ արագ որոշումներ կայացնել, պատասխանատու լինել ոչ միայն քեզ, այլև խաընկերներիդ համար: Բացի այդ, համակարգչային խաղերը սովորեցնում են պարտվել, ինչը շատ կարևոր է կյանքում:
Խմբային խաղերում միշտ կա առաջնորդ: Այդ առաջնորդը ոչ թե ինքնառաջադրվում է, այլ նրան ընտրում են խաղընկերները: Սա թույլ է տալիս, որ գեյմերն անընդհատ ցույց տան լավագույն հատկանիշները, և երեխան սովորի դառնալ լիդեր, ինչպես նաև կարողանա պայքարել լավագույնը լինելու համար:
Խաղերը երեխաներին հեռացնում են ծնողներից
Այստեղ ևս մեկ անգամ պետք է խոսենք ծնողների սխալների մասին: Փոքր տարիքում ծնողներն են երեխաներին սովորեցնում համակարգչային խաղերի տեղը: Նրանք երեխային հանգստացնելու համար տալիս են նրանց իրենց սմարտֆոնը, նստեցնում են համակարգչի առաջ, և այլն: Փոքր տարիքում միշտ պետք է կազմակերպել երեխայի առօրյան այնպես, որ ծնողի հետ շփումը դառնա օրվա բաղկացուցիչ մաս:
Սիրարփի Աղաբաբյան