Բաժիններ՝

Հայաստանն ու ԱՄԷ-­ն տնտեսական համագործակցության ներուժը մի քանի անգամ ավելի են համարում ներկա ցուցանիշներից

Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երկկողմ տնտեսական ցուցանիշները բազմապատկելու ներուժ ունեն: Այսպես են մտածում երկու երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հուլիսի 22­-ին Երևանում ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև ստորագրվել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Ստորագրման պաշտոնական արարողություններից հետո երկու գերատեսչությունների ղեկավարների տեղակալները պատասխանեցին լրագրողներին հարցերին:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ­Խուրին: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային գործունեությանընդհանուր սկզբունքները: Այն ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Ներկայում Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 41 երկրների հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ԱՄԷ-­ի հետ նմանատիպ համաձայնագիր Հայաստանը ստորագրել էր դեռևս 2012-­ին, նոր համաձայնագրով թարմացնում, ժամանակին համահունչ է դարձվում կարգավորումների փաթեթը:

«Որպես ներդրումային գործընկեր` մենք ունենք որոշակի նախապատմություն: 2015­-ին ԱՄԷ-­ից Հայաստան կատարվել է մոտ 25 միլիոն դոլարի ներդրում: Նախարարի հետ հանդիպմանը երկուստեք նշվեց, որ ներուժը մեծ է ու համատեղ աշխատանքներ պետք է իրականացվեն էլ ավելի բարենպաստ պատկեր ունենալու համար»,- ­ասաց Գարեգին Մելքոնյանը:

Նա նկատեց, որ բավականին տարբերակված առևտուր է առկա երկու երկրների միջև: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ` փոխնախարարն ասաց, որ 2016­-ի հունվար մայիսի դրությամբ առևտրաշրջանառության մեծ աճ է արձանագրվել` հատկապես արտահանման մասով: «Այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր արտահանման ծավալը ԱՄԷ կազմել է 13.5 միլիոն դոլար` ի համեմատ 2015-­ի նույն ժամանակահատվածի, երբ եղել է 3 միլիոն դոլար: Դա պայմանավորված է ադամանդի, ոսկերչական արտադրանքի, ծխախոտի արտահանման աճով: Հայաստան­ԱՄԷ տարեկան ընդհանուր առևտրաշրջանառությունը 2015­ին կազմել է 54.7 միլիոն դոլար»,-­ հավելեց պաշտոնյան:

Նա նշեց, որ Հայաստանը ԱՄԷ գործարարների համար որպես ներդրումային արդյունավետ ոլորտներ կարող է առաջարկել մշակող և սննդի արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության և ոսկերչության ոլորտները: Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ­Խուրին ընդգծեց, որ ստորագրված համաձայնագիրը կարևոր է մասնավոր հատվածի համար, քանի որ տալիս է բնականոն աշխատանքի երաշխիքներ` պաշտպանելով ներդրումներն ու կապիտալը: «Այս պահին մենք ունենք 6 ընկերություններ, որ աշխատում են Հայաստանում: Հուսով ենք նրանց թիվը կավելանա»,- ­ասաց նա: Պաշտոնյան հավելեց, որ ԱՄԷ-­ում ճկուն զարգացած է բանկային համակարգը, իրենք քաջալերում են ներդրումներ առողջապահության և կրթության ոլորտներում:

«Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու ներուժն այնքան մեծ է, որ կարող են առկա թվերը մի քանի անգամ ավելացվել ու բազմապատկվել»,- ավելացրեց ԱՄԷ ֆինանսների փոխնախարարը: Յունիս Հաջի ալ­Խուրին տեղեկացրեց, որ իրենք հետաքրքրված են նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծրագրերով, հատկապես, հիդրոէլեկտրակայաններով և նպատակ ունեն այստեղ ներդրումներ կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս