«ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականությունը բարձրացնում է Հարավային Կովկասի անվտանգությունը». Սոսո Ցինցաձե

«Չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի հակազդել ՆԱՏՕ-ի որոշումներին՝ ինչ-ինչ, այդ թվում՝ ռազմական եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի արդյունքներին: Սոսո Ցինցաձեն դրական համարեց ՆԱՏՕ-ի բոլոր որոշումները: Ըստ նրա, կարևոր էր, որ ՆԱՏՕ-ն ճիշտ հասկացավ սպառնալիքի ուղղությունն ու փորձեց կանխարգելիչ քայլեր ձեռնարկել հնարավոր սադրանքներից առաջ:

Ցինցաձեի խոսքով՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն խոսում է Ռուսաստանի հետ երկխոսության մասին, փորձելով Ռուսաստանին նաև «չնյարդայնացնել»: «Թեև Ռուսաստանից հնչող պաշտոնական արձագանքները խոսում են այն մասին, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի քայլերը համարում է սադրանք, այնուամենայնիվ ՆԱՏՕ-ն ճիշտ քաղաքականություն է որդեգրել, խոսելով և՛ ուժի, և՛ երկխոսության դիրքերից: Կարծում եմ՝ առաջիկա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը որոշիչ կլինի, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է տեղեկացնել Ռուսաստանին իր քայլերի մասին և տեղեկանալ նաև պատասխան քայլերի մասին:

Իմ համոզմամբ՝ սա ՆԱՏՕ-ի համար ուղենիշային հանգրվան կդառնա, ՆԱՏՕ-ն կհասկանա՝ որքանով էին արդարացված կայացված որոշումները, մասնավորապես՝ խոսքը բազմազգ զորամիավորումները Բալթյան երկրներում ու Լեհաստանում տեղակայելու մասին է»,- ասաց Ցինցաձեն: Վերջինիս կարծիքով, Վրաստանը, թեև չստացավ այն, ինչ ցանկանում էր՝ ՆԱՏՕ անդամակցության պլան, այնուամենայնիվ լուրջ առաջընթաց արձանագրեց: «Ինչպես նախագահն արձանագրեց, մենք ստացանք աջակցության նոր մակարդակ ՆԱՏՕ-ի կողմից, նոր հավաստիացումներ, որ հաջորդ գագաթաժողովին այդ հարցը լուծված կլինի:

Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բարձրացան նոր մակարդակի այն պայմանագրերով, որոնք ստորագրվեցին և որոնք ՆԱՏՕ-ի՝ Վրաստանին պաշտպանության ոլորտի համար տրվող աջակցության մասին էին»,- ասաց Ցինցաձեն: Անդրադառնալով Հարավային Կովկասին ընդհանուր առմամբ, վրացի վերլուծաբանը կարևորեց տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարների մասնակցությունը գագաթաժողովին՝ անկախ համագործակցության ձևաչափի խորությունից: «Հայաստանի մասնակցությունն այդ մակարդակով ավելի մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթը:

Շատ փորձագետներ մտավախություններ ունեն, որ այդ համագործակցությունն ընդհանրապես կդադարեցվեր, և նման վտանգ կա, բայց ՀՀ իշխանությունները շարունակելու իրենց պատրաստակամությունն են հայտնում և իրենց մասնակցությամբ նաև ինչ-որ առումով աջակցում են ՆԱՏՕ-ի որդեգրած ուղուն, թեև հարաբերություններում լուրջ առաջընթաց, բացի դրանց ծավալի պահպանումից, չկա»,- արձանագրեց Սոսո Ցինցաձեն:

Նրա համոզմամբ, այնուամենայնիվ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը ծառայելու է տարածաշրջանային անվտանգությանը: «Այսինքն՝ ռուսական ծրագրերի իրագործումը ևս բարդանում է այս միջավայրում»,- նկատեց Ցինցաձեն:

Նա դրական համարեց այն չեզոք ձևակերպումները, որոնք ՆԱՏՕ-ի պաշտոնյաները որոշել էին կիրառել ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ չփորձելով սրել տրամադրությունները հակամարտության գոտում:

Տեսանյութեր

Լրահոս