«Անցումային փուլում հնարավոր է՝ որոշակի ցնցումներ լինեն». Էդմոն Մարուքյան

Մեր հասարակությունը երբեք չի զգացել, որ Սահմանադրությունն իրենն է: Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը, ով այսօր Սահմանադրության օրվան ընդառաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, թե մինչև Սահմանադրական փոփոխությունները և դրանից հետո էլ վստահ էր, որ մարդը չէ այդ Սահմանադրության կրողը:

«Խնդիրը նրանում չէր, որ Սահմանադրություն լավն է կամ վատն է, այլ այն, թե որքանով էին պահպանվում Սահմանադրության դրույթները: Եթե նույնիսկ չփոփոխված Սահմանադրության դրույթներն արժանի հարգանքի չէին ենթարկվում, փոփոխելուց հետո այնքան էլ վստահ չեմ, որ դառնալու է բոլորի համար հարգված փաստաթուղթ: Մենք խնդիր ունենք օրենքները, Սահմանադրությունը հարգելու ու դրանցով առաջնորդվելու»,- նշեց Է. Վարդանյանը:

Նա նկատեց, որ Սահմանադրությունից բխող օրգանական օրենքն Ընտրական օրենսգիրքն է, որն ընդունվեց, սակայն, իր գնահատմամբ՝ այն թույլ չի տալիս, որ բոլոր կուսակցություններն ունենան հավասար հնարավորություններ՝ քաղաքական դաշտում իրենց գործունեությունը ծավալելու:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ մենք ունենք փաստացի Սահմանադրություն, որը մեր կյանքն է, ու ունենք այդ փաստաթուղթը. «Մինչ փոփոխված Սահմանադրության ընդունումն էլ էր այդ իրավիճակը, ու մենք խնդիր ունենք այդ կյանքը եղած Սահմանադրությանը համապատասխանեցնելու: Սահմանադրությունը դեռևս ամբողջությամբ չի գործում, ու մենք չգիտենք՝ ի՞նչ ծավալով այն կսկսի գործել: Մի բան է, որ մենք ունենք տեքստ, մեկ այլ հարց են դրա կիրառողները. քաղաքական ինչ վերնախավ է ձևավորվում՝ այդ տեքստն օգտագործելու համար»:

Կարդացեք նաև

Է. Մարուքյանի կարծիքով՝ խնդիրն ավելի շատ վերաբերում է ոչ թե՝ նոր ուժերին, այլ՝ եղածներին. «Այսինքն՝ ասել, որ նորերի համար են այդ խնդիրները ստեղծված, այդպես չէ: Նոր ԸՕ-ով այնպիսի պայմաններ են ստեղծված, որ իշխող կուսակցությունը մի քանի քայլ առաջ լինի մյուսներից»:

Պատգամավորը կարծում է՝ անցումային շրջանում լուրջ խնդիրներ ենք ունենալու. «Դա կլինի 2017 թվականի վերջում՝ երևի խորհրդարանական ընտրությունների վերջում, երբ պետք է նախագահի լիազորություններն ավարտվեն: Այս անցումային փուլում հնարավոր է՝ որոշակի ցնցումներ լինեն, ու դրա համար պետք է բալանսավորված պառլամենտ»:

Տեսանյութեր

Լրահոս