«Երբ մի երկիր ասում է՝ Հայաստանն իմ եղբայրական երկիրն է, մենք պետք է զգուշանանք դրանից». Թևան Պողոսյան

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, լուրեր շրջանառեցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից՝ ռուսական «Սու-24»-ի օդաչուի մահվան համար: Որոշ ժամանակ անց թուրքական պաշտոնական աղբյուրները հերքեցին դա՝ ասելով, որ Էրդողանն ընդամենը ցավակցել և ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար, և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարեն:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում պատգամավոր Թևան Պողոսյանն ասաց, որ, երբ դեպքը տեղի էր ունեցել, և հարաբերությունները պետությունների միջև սկսել էին վատանալ, ինքն ասել է, որ չկան սիրային, բարեկամական հարաբերություններ, կա երկու երկրների շահերի խնդիր, և ուշ թե շուտ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները կարգավորելու են:

«Մենք այնքան խելոք պետք է լինենք, որ մեր վարած քաղաքականությունը թույլ չտա, որպեսզի դա լինի մեր հաշվին: Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան և Ռուսաստանը բազմաթիվ պատերազմներ են ունեցել, եկել է մի պահ, որ իրենք իրենց հարաբերությունները կարգավորել են, ու շատ հաճախ դա եղել է մեր կամ մեկ այլ երկրի հաշվին: Մենք պետք է պատմությունից այդ դասերը սովորենք, ու երբ մի երկիր ասում է՝ Հայաստանը իմ եղբայրական երկիրն է, մենք պետք է զգուշանանք դրանից: Մեզ պետք չեն եղբայրներ, մեզ պետք են ամրագրված հարաբերություններ»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս