«#Electricyerevan-ը վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ամենապայծառ դեպքերից մեկն էր»
«#Electricyerevan. պայքարից մեկ տարի անց ամփոփ գնահատականներ և դիտարկումներ» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ վերջին մի քանի տարվա մեջ դա Հայաստանի ամենապայծառ դեպքերից մեկն էր, երբ երիտասարդությունը՝ առանց որևէ քաղաքական ուժի կազմակերպման, ինքնաբուխ հավաքվեց ու նման բան կազմակերպեց. «Երբ ուժայինների կողմից բռնի ուժ կիրառվեց՝ ջրցան մեքենաներով, բերման ենթարկելով, 9 ժամից ավելի պահելով Ոստիկանությունում ու տարբեր տեղեր տանելով ինչ-որ անալիզների, այս ամենից հետո բացարձակապես հուսահատություն չեղավ, և նրանք նորից հավաքվեցին: Ինքս շատ ոգևորված էի ու այդպիսի երիտասարդական պոռթկում չէի հիշում՝ երբ է մեկ էլ եղել Հայաստանի պատմության մեջ»:
Ավետիք Իշխանյան խոսքով՝ երբ շարժումը երկու մասին բաժանվեց, ու սկսվեցին քննադատությունները, հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր պահանջել. «Նրանք փորձված և կազմակերպված քաղաքական ուժ չէին, քաղաքական հարցեր ի սկզբանե չէին դրել, ու ինչ-որ մի պահի պատասխանատվության այն հզոր բեռը, որ նրանց վրա ընկած էր, ու նրանցից պահանջում էին քաղաքական որոշումներ, նրանք պատրաստ չէին և բնական է, որ պատրաստ չէին: Այն, որ շատերը ցավում են, թե շարժումը կամաց-կամաց մարեց, դա էլ էր բնական: Այդ երիտասարդներն արեցին այն, ինչ այդ ժամանակ հնարավոր էր: Կարո՞ղ է դա կրկնվել, ես կարծում եմ՝ այո, կարո՞ղ է դա կրկնվել ավելի կազմակերպված ու ավելի հեռահար նպատակներով, ես հույս ունեմ, որ՝ այո: Նաև շատ կուզենայի, որ նրանք դառնային քաղաքական ուժ, որովհետև հոգնել ենք 80-ականների քաղաքական ուժերից: Նրանք թարմ ուժ ու փոփոխություններ կբերեն»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ նկատեց՝ եթե մինչև հունիսի 23-ի դեպքերը մարդիկ մտածում էին, որ 7 դրամի համար չարժե այդպես պայքարել, ապա հունիսի 23-ի Ոստիկանության գործողությունը մոտիվացրեց մարդկանց՝ դուրս գալ պայքարի. «Սա արդեն պայքար չէր 7 դրամի համար, սա արդեն սկզբունքային հարց էր: Իրականում Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելուց առաջ միշտ պետք է մտածի, որ դա կարող է իշխանության համար ավելի վտանգավոր լինել, քան ձեռք չտալը: Ոստիկանությունը բերման է ենթարկում 237 հոգու՝ պնդելով, որ նրանք կասկածվում են խուլիգանություն կատարելու մեջ: Ընդ որում՝ Ոստիկանությունը նաև նշում է, որ իրենք ակներև տեսել են, որ այդ մարդիկ խուլիգանություն են կատարում: Այնուհետև Քննչական կոմիտեն ասում է, որ ոչ մի խուլիգանություն չի եղել, և Ոստիկանությունն առ այսօր չի պատասխանել, թե այդ ինչ զանգվածային խուլիգանության մասին էր խոսքը: Ոստիկանությունն ամեն կերպ փորձում է ն հարցը ներկայացնել՝ առանց կենտրոնացված հրամանի գործողություն»:
«Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» հ/կ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ հունիսի 23-ը հանրային մասնակցության փորձ էր. «Այսինքն՝ կայացվում էր որոշում, որի առնչությամբ հանրությունն ուզում էր ապահովել իրեն ավելի ձեռնտու տարբերակի իրականացումը: Սակայն Ոստիկանությունն ուղղակի հանրային մասնակցության փորձը բռնի ուժով չթույլատրեց, որի արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ ունեցան ֆիզիկական վնասվածքներ, տեղի ունեցավ քաղաքացիների անօրինական ազատազրկում, հավաքների ազատության իրավունքը խախտվեց, մարդիկ հարկադիր ենթարկվեցին բժշկական ստուգումների, և այլն: Պետք է լիներ մարդկանց խումբ, ովքեր պատասխանատվության ենթարկվեին նման գործողությունների համար: Կարծում եմ, որ կադրերում երևացող բռնություն գործադրող ոստիկանները որոշակի պատասխանատվության կենթարկվեն, բայց ինքը՝ երևույթը և համակարգի ներգրավվածությունն այդ գործողություններում, որևէ ձևով գնահատականի չի արժանանալու»:
Դիտարկմանը՝ այս մեկ տարվա ընթացքում, երբ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, դեռ հույս ունի, որ որևէ ոստիկան պատասխանատվության կենթարկվի՞, Հ. Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ այն ցայտուն կադրերը, որտեղ կոնկրետ լրագրողի կամ ֆիզիկական անձի նկատմամբ գործողություն է իրականացվում, և հնարավոր չէ որևէ կերպ բացատրություն գտնել, այդ փոքր դրվագների համար առանձին անձինք որոշակի պատասխանատվության կենթարկվեն: Ընդ որում, գուցեև՝ ոչ քրեական»: