Ռուսական գերմիջնորդության տեսանելիությունը
Հաստատված է արդեն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ըստ հրապարակված լրատվությունների, հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահի առանձնազրույցը` երկու նախագահների հետ:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
Պարզ էր, որ քառօրյա պատերազմին հրադադար պարտադրելով Մոսկվան բոլոր կողմերին ուղերձ էր ուղարկում, որ հավակնում է լինել հարցի ոչ միան ռազմական իրադարձությունների վրա հակակշիռ ունենալու ղեկը, այլ նաեւ բանակցային գործընթացի վրա գերազդեցություն բանեցնելու կողմը:
Սակայն իրավարար լինելու համար կողմերի նկատմամբ ցուցադրական չեզոքություն էր պետք, անհրաժեշտ էր երկու կողմերին զինամաթրեք տրամադրել-վաճառել, զգույշ լինել` որպեսզի միջազգային կենտրոնների եւ ընդհանրապես միջնորդների որդեգրած պատասխանատվությունների համահավասարեցման վարքագիծը չխախտի, ամբողջանան բոլոր այն նախադրյալները, որոնք թե՜ երկու հակամարտող կողմերի եւ թե՜ միջազգային ընտանիքի համար իրավարարությունը ընդունելի կդարձնեն:
Հիմա թվում է, թե ծրագրվածը որոշ արդյունքներ է տվել: Ռուսաստանին մի ամսվա կարճ ժամանակամիջոցում հաջողվել է ճշտել հանդիպման թվականը. Սանկտ Պետերբուրգն իրբեւ հանդիպման վայր նույնպես հուշում է ռուսական դերակատարության մասին. եթե հավելենք նաեւ նախագահ Պուտինի ունենալիք առանձին հանդիպումները երկու նախագահներին հետ` առավել ևս կհամոզվենք ռուսական գերմիջնորդության վարկածի մեջ:
Շարունակելով այս տրամաբանությունը կարելի է ենթադրել, որ կազանյան հանդիպմանն առընթեր «մադրիդյան փաստաթղթի» օգտագործումը կփոխարինվի կազանյան եզրով: Հինգ տարի առաջ, ՌԴ արտգործնախարար Լավրովի կողմից ներկայացված առաջարկների ամբողջությունը կոչվում է կազանյան փաստաթուղթ, որը շատ պարզ հետեւությամբ խոսում է հարցի կարգավորման ռուսական դիվանագիտության նախաձեռնության մասին:
Կազանի փաստաթուղթն ամբողջությամբ չի հրապարակվել: Արծարծված կետերը, որոնք հրապարակայանացվել են տարբեր առիթներով, ամփոփվում են հետեւալ ձեւով.
Առաջին` հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից բոլոր շրջաններից, բացառությամբ Քարվաճառի եւ Լաչինի,
Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվում են խաղաղապահ ուժեր,
Երրորդ` Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանյալ կարգավիճակ, այն է` դե-յուրե ամրագրվում է այսօրվա դե-ֆակտո իրավիճակը,
Չորրորդ` Լեռնային Ղարաբաղը որոշակի պահի ստանում է կամարտահայտության, այն է` հանրաքվե անցկացնելու իրավունք, որի արդյունքներն Ադրբեջանն ընդունում է:
Ուրեմն, ի տարբերություն Մադրիդյանի, Կազանը նախ արծարծում է հայկական ուժերի հեռացման խնդիրը. մինչդեռ Մադրիդյանը իբրեւ առաջնային կետ ուներ կարգավիճակի հարցը` ընդգծելով հանրաքվե կազմակերպելու հրամայականը: Վիեննայի առիթով, պաշտոնական հայտարարությունների ճանապարհով խոսված էր նաեւ համապարփակը (փաթեթային) փուլային տարբերակով ընկալելու սկզբունքի մասին. այստեղ եւս հայկական կողմի համար պարզ էր, որ փուլայինի դեպքում նախ Արցախի կարգավիճակի ճշտումն էր պայմանը: Այս պայմանի վերարծարծումը անշրջանցելի է` ի տես ադրբեջանական եւ միջնորդական կողմերին ինչ որ բան համաձայնելու ուղությամբ տեսանելի դարձող ճնշումներին:
Առանց խորանալու կազանյան փաստաթղթի բանակցելիության հավանականությունների մեջ, հիշեցնենք Վիեննայում մի ամիս առաջ բանաձեւված պայմանավորվածության միտող կետերը.
Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:
Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից չշեղելու անհրաժեշտությունը:
Գ. Համաձայնությունը գոյացել է քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:
Համեմատական անդորրը կամ ադրբեջանական կողմի դրսեւորած զսպվածությունը սահմանին հրադադարը հարգելու խաբկանք է ստեղծել, որպեսզի Վիեննայից անդին փորձ կատարվի համաձայնության առաջին փուլը քննարկելուն:
Քիչ հավանական է, որ Սանկտ Պետերբուրգը շրջանցելով Վիեննան անցնի ուղղակի Կազանի փաստաթղթի քննարկմաըն: Իսկ Վիեննան պատահականորեն չէ, որ հղում է կատարել 94-ի հրադադարի պայմանագրին: 94-ի համաձայնագրից է բխում նաեւ Մեծ քաղաքական համաձայնագրի հանգելու համար տարվելիք աշխատանքների առաջադրանքը: Իսկ սա արդեն հրամայական է դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր