«Պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը». Շարմազանովը` Ղազախստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին եւ խորհրդատու Ժալգալ Ադիլբաեւին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ կարեւորել Ղազախստանի Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու այդ համատեքստում հատկապես էական համարել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ ակտիվ եւ արդյունավետ համագործակցության ձեւավորումը: ԱԺ փոխնախագահը, խոսելով տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ղազախստանի աշխատանքի վերաբերյալ, կարեւորել է առավել համաձայնեցված գործընկերային համագործակցությունն ու իրար չհակասող դիրքորոշումների առկայությունը քվեարկություններում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես վերահաստատել է, որ Հայաստանը կողմ է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: «Մենք պատերազմ չենք ուզում, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, բայց պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը: Այս համատեքստում նա նշել է, որ Ադրբեջանից հնչող հայտարարությու նները անլուրջ ու անհեթեթ են ու չեն բխում բանակցային տրամաբանությունից:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ փոխնախագահը դեսպանին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անընդունելի է 21-րդ դարում, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ խոսում նախապայմանների լեզվով, ինչը եւս անընդունելի է:
Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձել է քաղաքակիրթ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ցեղասպանությունների ժխտումը հղի է նոր ցեղասպանությունների կրկնության վտանով:
Դեսպան Թիմուր Ուրազաեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է գործընկեր երկրների հետ հավասարակշռված եւ կառուցողական հարաբերությունների հաստատումը, անհրաժեշտ համարել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումն ու համագործակցության խորացումը միջխորհրդարանական մակարդակում եւ առեւտրատնտեսական ոլորտներում: ԴԵսպանն առաջնային է համարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ խնդիրների քննարկումը: Դեսպանը նաեւ նշել է, որ Ղազախստանը հատկապես հետաքրքրված է ՀՀ օրենսդրությամբ եւ այդ ոլորտում փորձի փոխ անակմամբ: