«Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանի ձեռքը, սա դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ». Գուրգեն Արսենյան
ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ իր ելույթում Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ներկայացված նախագծին.
«Արդյոք զարմանալի չէ՞, որ և՛ ընդդիմության ներկայացուցիչները, և՛ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները նույն կերպ քննադատում են այս Հարկային օրենսգիրքը: Հիմա հարց է ծագում՝ այս Հարկային օրենսգիրքը քաղաքական մեծամասնությա՞ն օրենսգիրքն է: Սա Հովիկ Աբրահամյանի՞ նոր փիլիսոփայությունն է՝ ՀՀ տնտեսության հետ կապված: Այն քաղաքական հայտարարությունները, որ արվում էին այս ամբիոնից, խոսում էին այլ բանի մասին՝ որ Հայաստանում տնտեսվարողների տնտեսվարման պայմանները պետք է հեշտացվեն, սա պետք է դարձնեն գրավիչ երկիր, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտում ունենան աշխատելու»,- նշեց նա՝ ընդգծելով՝ ՀՀ տնտեսվարողների մասին խոսում են՝ որպես որսի մասին.
«Դուք որսորդն եք՝ իրենք էլ՝ որսն են, ո՞նց անեք, որ բռնեք, չփախնեն: Էս Հարկային օրենսգրքով գնում եք նոր ընտրությունների՞, ի՞նչ եք ակնկալում: Սա դիվերսիա է՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ, բերելու է նոր արտագաղթի: Ի՞նչ է նշանակում՝ բերել, ասում են՝ 118 մլն շրջանառության հարկը ժամանակավոր էր, պետք է իջացնենք: Ի՞նչ եղավ, որ պետք է իջացնեք: Գերի՞ են ընկել էս մարդիկ հարկային պլանների կատարման ձեռքը: Գերի՞ են ընկել մարդիկ, որ 10 տարի բերաններս փակում ենք, ասում ենք՝ ամեն ինչ բանակի համար է, որ պարզվի, որ բանակում ամեն ինչ բարվոք չի: Հարգելիներս, դուք էն մարդիկ չեք, որ կարողանաք գերի վերցնեք ՀՀ տնտեսությունը: ՀՀ տնտեսությունը քվեարկում է ոտքով, գնում է երկրից: ՀՀ-ից հեռացել է լավագույն սերուցքը գործ անողների, որը գնացել և այլ երկրում է բարիքներ ստեղծում»:
Ըստ նրա՝ սա դիվերսիա է մեր երկրի նկատմամբ: Դիմելով քաղաքական մեծամասնությանը՝ զգուշացրեց՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի այսպիսի մոտեցումները դառնան դոմինանտ Հայաստանում. «Հայաստանը աշխատող, ստեղծող մարդկանց երկիր է միշտ եղել: Քաղաքական մեծամասնությունը դրսի ծրագիր է իրականացնում՝ ո՞նց անի, որ ՀՀ տնտեսությունը վերջնականապես թաղի ու երկիրը դատարկի: Ասում են՝ էս մեկն իջացնենք, էս մեկը՝ բարձրացնենք, ո՞ւմ հետ եք բարիշում, չհասկացա, գերի՞ ենք ընկել մենք ձեր ձեռքը: Փշալարի էս կողմից ենք նայում, իրանք էլ ավտոմատներով կանգնած էն բաներն են, հա՞: Ոչ, հարկային համակարգն ածանցյալ է, դոմինանտը չի, ու ածանցյալները պետք է զբաղեցնեն իրենց՝ ածանցյալների տեղը, ոչ թե մենք մտածենք՝ ո՞նց անենք, որ գնանք իրանց հետ լեզու գտնենք, որ հանկարծ մեր ընտանիքները չդառնան անվճարունակ»:
Գուրգեն Արսենյանն ընդգծեց, որ ՀՀ նախագահի մոտ է մտնելու, առանձնազրույց է ունենալու, որ ապացուցի՝ այս Հարկային օրենսգիրքը դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ.
«Մարդիկ, որ էս ամբիոնից գալիս պատմում են, թե ոնց են առաջ 24 ժամանոց ռեժիմով փաստաթղթերի ուղղման համակարգը հետո դարձրել 1 ժամանոց, հետո՝ 10 րոպեանոց, ոնց որ հարկատուները հանցագործներն են, իրանք էլ՝ վերակացուները: Ես ԱԺ-ի դահլիճում նստած ամոթ եմ ապրում, որ այսպիսի բաներ են հնչում այս ամբիոնից: Ամաչում եմ այն մարդկանց համար, ովքեր ստեղծում, աշխատում են և հարկեր են վճարում: Ժամանակն է, որ քաղաքական մեծամասնությունը և ընդդիմությունն իր վճռական խոսքն ասի: Եթե հիմա այդ վճռական խոսքը չասեք, վաղը-մյուս օրն աղետալի հետևանքների առաջ ենք կանգնելու:
Մեր ողնաշարը վերջնականապես կկոտրվի: Չենք ունենա մարդիկ, ովքեր նոր բան են ստեղծում, ովքեր կարողանում են հայկական արտադրանքի իրացումը դրսում իրականացնել: Փոխանակ մտածենք այն մասին, թե, օրինակ, Հայաստանի տնտեսվարողներին ինչ հեռանկարներ ցույց տանք, մտել ենք ԵՏՄ-ի մեջ: Ցույց տանք հեռանկարները՝ որ բլոկներում կարող են ավելի արդյունավետ աշխատել: Օրինակ, Դաղստանը 10 մլն զույգ կոշիկ է կարում, որ կյանքում կոշիկ կարելու հետ կապ չուներ, կարում է ու ապահովում ՌԴ-ի կոշիկի շուկայի մի մասը, էդ ո՞նց եղավ, խի՞ չեք գալիս ասում՝ ժողովուրդ, արտոնություն ենք տալիս էս-էս ոլորտներին, աշխատեք: Դրել եք՝ մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք: Թողենք գնա՞նք սաղս, որ պրծնե՞նք ձեզանից, չի ստացվի, չեք հասնելու ձեր նպատակներին: Բոլոր գործիքներով պայքարելու ենք, որպեսզի այս փոփոխությունները չլինեն»,- հայտարարեց նա: