«Միշտ բարձրաձայնել ենք, որ նպատակ ունենք եվրոպական երկրների հետ հարաբերություններ կառուցելու». Բակո Սահակյան. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

«Ազատություն»․ – Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ձեր արտերկրյա այցելության վայր եք ընտրում Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելը: Արդյո՞ք ենթատեքստ կա այստեղ, թե՞ պարզապես զուգադիպություն է:

Սահակյան․ – Ո՛չ ենթատեքստ կա, ո՛չ զուգադիպություն: Կա հստակ մոտեցում մեր ճակատագրի նկատմամբ, և այս երկար տարիների ընթացքում մենք միշտ բարձրաձայնել ենք, որ նպատակ ունենք եվրոպական երկրների հետ հարաբերություններ կառուցելու, և մեր հնարավորությունների շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Եվրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:

Դժբախտաբար մեր հարաբերությունները սահմանափակվում են խորհրդարանական գործընկերների հետ հանդիպումներով, փորձագիտական, վերլուծական շրջանակների հետ հանդիպումներով, ինչպես նաև մենք նման հանդիպումները օգտագործում ենք մեր հայրենակիցների հետ հանդիպելու, լսելու, ներկայացնելու մեր հայրենիքում տեղ գտած զարգացումները, մեր ձեռքբերումները, մեր խնդիրները, ինչպես նաև լսելու նրանց, և մենք կարևորում ենք այս այցելություններում հատկապես մեր հայրենակիցների հետ հանդիպումները, որովհետև մենք մեր քաղաքականությունը, ռազմավարությունը իրականացնում ենք միշտ ընդգծելով, որ մեր կյանքում տեղ գտած և՛ դժվարությունները հաղթահարել և հաղթահարում ենք մեր Սփյուռք – Հայաստան – Արցախ եռամիասնությամբ, և՛ նվաճումներն ենք արձանագրում այդ նույն եռամիասնությունը օգտագործելով: Այս հերթական այցելությունը բացառություն չէր․ մենք նման հանդիպումներ ունեցել ենք, մենք հանդիպել ենք Բելգիայի խորհրդարանականների հետ, և գտնում ենք, որ այս հանդիպումները նպաստում են մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կառուցելու, ինչպես նաև նպատակ են հետապնդում, որ այս և նման հանդիպումները նպաստելու են մեր երկրի անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից:

«Ազատություն»․ – Կայի՞ն նման ազդակներ, որ Ձեր ունեցած հանդիպումները կարող են նպաստել այս առումով:

Սահակյան․ – Բոլոր մեր եվրոպական գործընկերները նշում են, որ միջազգային հանրությունը պարտավոր է հարգելու Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը, որովհետև նրանք ձեռք են բերել իրենց անկախությունները հենց այդ իրավունքի համաձայն: Հետևաբար նրանք չեն կարող մերժել կամ կասկածի առնել մեր ցանկությունը, մտադրությունը և իրենց կարողությունների, իրենց լիազորությունների շրջանակներում փորձում են նպաստել, որպեսզի միջազգային հանրությունը վաղ թե ուշ ընդունի Արցախի Հանրապետության անկախությունը:

«Ազատություն»․ – Հետևելով Ձեր այցելությունների աշխարհագրությանը՝ սխալված չենք լինի ասելով, որ Դուք հիմնականում լինում եք եվրոպական երկրներում, Ձեր աշխատանքային այցերը հիմնականում արևմտյան երկրներում են՝ ի տարբերություն Հայաստանի նախագահի, ով հաճախ լինում է ԱՊՀ երկրներում: Սա Եվրոպային ավելի մերձենալո՞ւ փորձ է, թե՞ պարզապես դժվար է հյուրընկալվել Ռուսաստանի դաշնակից երկրներում:

Սահակյան․ – Հայաստանի նախագահը լինում է ոչ միայն ԱՊՀ երկրներում, ուղղակի հաշվի առնելով, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից մեկն է, հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի անդամ երկրներից մեկն է, բնականաբար այդ աշխատանքների և այդ պայմանագրերի շրջանակներում այցելություններ է իրականացնում նաև ԱՊՀ երկրներ և Ռուսաստանի Դաշնություն:

Բայց եթե դուք հետևում եք Հայաստանի նախագահի կամ Հայաստանի քաղաքական գործիչների այցելություններին, նրանք հաճախակի լինում են Բրյուսելում, հաճախակի լինում են Եվրոպայի տարբեր երկրներում, և չի կարելի ասել, որ նրանք նախընտրություն ունեն այս այցելությունների հետ կապված: Այդ ամենը իրականացնում են ըստ այսօրվա Հայաստանի պահանջներին, և մենք նույնպես միշտ ընդգծում ենք, միշտ հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարիդրացիական հարաբերություններ կառուցելու թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ տարածաշրջանի երկրների հետ:

Եվ այս քաղաքականությունը նոր չէ, որ տեղ է գտել Արցախի կյանքում, և այս քաղաքականությունը որևէ անգամ քննադատության չի ենթարկվել: Եվ մենք էլ գտնում ենք, որ այս մոտեցումը ողջունելի մոտեցում է, որովհետև իրականության մեջ մենք ուզում ենք այդ հարաբերությունները կառուցել աշխարհի տարբեր երկրների հետ, տվյալ դեպքում՝ այո՛, մենք չենք թաքցնում, որ մենք ուզում ենք կառուցել հարաբերություններ Եվրոպայի երկրների հետ:

«Ազատություն»․ – Պարո՛ն նախագահ, Ձեր այցը հաջորդում է մի աղմկահարույց միջադեպի, որի մասին չեմ կարող չհարցնել: Խոսքը Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ կապված միջադեպի մասին է: Մեկուկես տարում երկու աղմկահարույց միջադեպ՝ խոսքը Բերձորի և ընդդիմադիր պատգամավորի առևանգման և ծեծկռտուքի մասին է: Երկու դեպքում էլ թիրախը այլախոհներն են, իշխանությունների ընդդիմախոսները: Ի՞նչ է կատարվում Արցախում, ո՞ւր է այն ժողովրդավարությունը, որի մասին հաճախ խոսում եք և հակադրում հարևան Ադրբեջանին:

Սահակյան․ – Առիթ ունեցել եմ այս վերջին կատարված դեպքի հետ կապված իմ տեսակետը ներկայացնելու: Ես նաև հանդես եմ եկել հատուկ հայտարարությամբ, նշելով, որ կատարվածը լուրջ հարված է մեր երկրի համար, որովհետև մենք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ կառուցում ենք սոցիալական, իրավական պետություն, և մենք չենք սահմանափակվել միայն այդ առաջադրանքի մի մասի կատարմամբ:

Մենք ուզում ենք կառուցել իրավական և սոցիալական պետություն, որը կլինի նաև օրինակելի մյուսների համար՝ մյուս երկրների և ժողովուրդների համար:

Բարեբախտաբար այս տարիների ընթացքում մեր ձեռքբերումները այդ ուղղությամբ գնահատվել են միջազգային հանրության կողմից, տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնակցելով Արցախում իրականացվող գործընթացներին՝ լինեն դրանք ընտրություններ, հասարակական կյանքի ձևավորման հետ կապված գործընթացներ, քաղաքացիական մեր հասարակության ձևավորման հետ կապված գործընթացները, միշտ բարձր գնահատականի են արժանացել մեր ձեռքբերումները:

Ես գտնում եմ, որ նրանց գնահատականները համապատասխանում են իրականությանը, որովհետև համահունչ են նաև մեր գնահատականներին, և այս ուղին մենք բռնել ենք գիտակցաբար և հանուն այդպիսի երկիր կառուցելու մենք ցուցաբերում ենք մեր լավագույն հատկանիշները: Սա է մեր ուղին, և, բարեբախտաբար, այդ գործընթացի մասնակիցն է ոչ միայն Արցախի քաղաքական իշխանությունը, այլև մեր ողջ ժողովուրդը: Եվ դրա համար է հաջողվում մեզ այդ ուղղությամբ արձանագրել այդպիսի հաջողություններ: Իսկ այն, ինչ կատարվել է, ես քննադատել եմ, քննադատում եմ:

Ես տվել եմ համապատասխան ցուցումներ իրավապահ մարմինների պատասխանատուներին: Այս պահի դրությամբ կատարված աշխատանքները տվել են իրենց արդյունքները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները իրականացրել են օպերատիվ-քննչական բնույթի աշխատանքներ, ինչպես նաև բացատրական աշխատանքներ, և այդ միջադեպի մասնակիցները այս պահի դրությամբ ձերբակալված են, և իրականացվում է համապատասխան մարմինների կողմից հետաքննություն:

Ես ավելի քան համոզված եմ, որ այդ հետաքննությունը ընթացքավորվելու է, և օրենքի համապատասխան և՛ մեր դատական մարմինները կտան համապատասխան գնահատականներ, և՛ կընդունեն համապատասխան որոշումներ, և մենք կհամարենք այս ամենը իբրև եզակի դեպք և այսուհետև էլ լրացուցիչ ջանքեր կգործադրենք, որպեսզի այս դեպքը մեր պատմության մեջ լինի եզակի:

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս