Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը. Բեռլինի պատասխանն Էրդողանի՞ն. Թոմաս դե Վաալի անդրադարձը
Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալը հոդված է հրապարակել Foreign Affairs պարբերականում՝ «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» խորագրով:
Հոդվածում Թոմաս դե Վաալն անդրադարձել է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով 1915թ. Օսմանյան Թուրքիայում հայկական կոտորածները որակվեցին՝ որպես ցեղասպանություն:
Հոդվածագրի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունը դրա 100-ամյակից 1 տարի անց անակնկալի բերեց շատերին, ներառյալ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Նա արագ քննադատեց բանաձևն ու հետ կանչեց Բեռլինից իր դեսպանին:
Դատելով անցյալի օրինակներից՝ այս քվեարկությունը դժվար թե լրջորեն վնաս հասցնի թուրք-գերմանական հարաբերություններին:
Փորձագետը նշում է, որ Գերմանիան ոչ առաջինն է, ով անում է այդ քայլը, ոչ էլ վերջինը կլինի: Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ պետությունների օրինակին, որոնք նախորդ տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Գրեթե բոլոր պատմաբանները համաձայնում են, որ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր, չնայած այդ եզրը ստեղծվել է 30 տարի անց»,- գրում է դե Վաալը:
«Երբ օսմանյան թուրքերը սկսեցին տարհանել հայերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Գերմանիան նրանց սերտ դաշնակիցն էր։ Գերմանացի սպաները և զինվորներն ուղղակիորեն չեն մասնակցել տեղահանություններին, ինչի հետևանքով կայսրության գրեթե ողջ հայ բնակչությունը ոչնչացվեց, բայց նաև նրանք ոչինչ չեն արել թուրքերին կասեցնելու համար»,- գրում է դե Վաալը։
1921թ. գերմանացի գեներալ Լիման վան Սանդերսը, ով պատերազմի ժամանակ գերմանական ուժերի հրամանատարն էր Թուրքիայում պատերազմի ժամանակ, առաջին մեծ ներողությունը խնդրեց երիտասարդ հայի դատավարության ժամանակ, ով սպանել էր Թալեաթ փաշային՝ Ցեղասպանությունն իրագործած թուրք նախարարին: Բունդեստագի բանաձևը շարունակում է այն, ինչ Սանդերսից հետո կիսատ էր մնացել՝ խոսելով ջարդերի հարցում «Գերմանիայի պատմական պատասխանատվության» մասին:
Դե Վաալը Գերմանիայի Բունդեստագի բանաձևի ընդունումը կարևոր է համարում նաև Հոլոքոստի ստվերի պատճառով: 1940թ. Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «Ցեղասպանություն» եզրը՝ բնութագրելու հրեաների Հոլոքոստը:
«Այդ եզրին՝ Հոլոքոստին սերտ կապակցվածության պատճառով ցեղասպանության մյուս օրինակները, որ Լեմկինը վկայակոչել էր, ներառյալ՝ մեկ միլիոն հայերի կոտորածները, մնացին անտեսված։ Դրանք շարունակ համեմատվել և հակադրվել են շատ ավելի մեծ և դաժան սպանությունների հետ»,- գրում է հոդվածագիրը: Նրա խոսքով՝ դա օգնում է բացատրել, թե ինչու են թուրքերը սարսափելի վախենում «ցեղասպանություն» եզրույթից:
«Նրանք բնազդորեն զգում են, որ իրենց պապերի և նացիստների գործողությունների միջև հավասարության նշան է դրվում»,- գրում է դե Վաալը:
Հոդվածագիրը նշում է, գերմանացի օրենսդիրները Բունդեստագի բանաձևը շատ նուրբ են ձևակերպել՝ խուսափելու համար այնպիսի մեկնաբանություններից, թե Գերմանիան պակաս պատասխանատու չէ սեփական պատմական հանցագործության դեպքում։
«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք տարբերությունը Հոլոքոստից, որի համար Գերմանիան ունի իր մեղքը և պատասխանատվությունը»,- նշված է բանաձևում:
Հոդվածագրի կարծիքով՝ հետաքրքիր է նաև բանաձևի ընդունման ժամանակը: Ի վերջո, այն ընդունելու ակնհայտ ժամանակն անցած տարի էր՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Բայց շատ գերմանացի քաղաքական գործիչների համար սա անուղղակի, գուցե նաև՝ խորհրդանշական ճանապարհ էր՝ պատասխանելու ներգաղթյալների ճգնաժամի ժամանակ Էրդողանի սպառնալիքներին, երբ նա հայտարարում էր Եվրոպա հազարավոր ներգաղթյալներ ուղարկելու մասին, եթե թուրքերի համար չեղյալ չհայտարարվի ԵՄ մուտքի արտոնագիրը:
Նշվում է, որ Գերմանիան երկրորդ Թուրքիան է Եվրոպայում, որտեղ ապրում է ծագումով թուրք ավելի քան 3 մլն մարդ:
Դե Վաալը նշում է, որ բանաձևի նախաձեռնողներից է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ և Թուրքիայի ձախ քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (HDP) դաշնակից Ջեմ Օզդեմիրը: Թուրքիայում HDP-ն ավելին է, քան քրդական կուսակցություն, ու «հովանոց» է դարձել Թուրքիայի փոքրամասնությունների համար: Դե Վաալը գրում է, որ Դիարբեքիրում HDP-ի տեղի իշխանությունները վերականգնել են հայկական եկեղեցին, ներողություն են խնդրել 1915թ. հայերի կոտորածների համար ու կառուցել զոհերի հիշատակի հուշարձան: Թուրքիայում Հայկական հարցն արդյունավետորեն միացել է քրդական հարցին:
Էրդողանը, վարչապետ եղած տարիներին վարած քաղաքականությանը հակառակ, այժմ՝ իր նոր բռնապետական դիմակով, պատերազմ է հայտարարել քրդերի ու հայերի իրավունքների դեմ:
Էրդողանը մեծամասնության կարիք ունի խորհրդարանում՝ նոր Սահմանադրության և երկրում նախագահական կարգ հաստատելու համար: Դրա համար նրան անհրաժեշտ է HDP-ի անդամներին զրկել խորհրդարանում անձեռնմխելիությունից՝ մեղադրելով ահաբեկչությանը նպաստելու մեջ, և նրանց փոխարինել իր հավատարիմ մարդկանցով:
Հարձակման թիրախում հայտնվողներից էր HDP-ի հայազգի խորհրդարանական Կարո Փայլանը, ով պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները ու մարտահրավեր նետում Թուրքիայի նոր սուլթան դառնալու՝ Էրդողանի մտադրությանը:
Փայլանը վիրավորվել էր մայիսի 2-ին, Թուրքիայի Մեջլիսում կռիվների ժամանակ, ու ասում է, որ մյուս խորհրդարանականներն իրեն էին թիրախ ընտրել՝ ելնելով էթիկ պատկանելությունից:
Բունդեստագի բանաձևը կարող է միայն ավելի բարդացնել Փայլանի և նրա համախոհների կյանքը Թուրքիայում: Թուրքիայի հայկական փոքր համայնքը և կիսաօրինական կերպով երկրում աշխատող հազարավոր հայեր հատկապես խոցելի են այն քայլերի դիմաց, որ Թուրքիայի իշխանությունները կարող են ձեռնարկել:
Պատրաստեց ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ