Վաղ հայտնաբերման դեպքում մաշկի չարորակ գոյացությունը բուժելի է 95-98 տոկոսով
Հունիսի 9-11-ը Հայաստանում կանցկացվի «Մելանոմայի վաղ ախտորոշման եւ կանխարգելման օրեր» բարեգործական միջոցառումների շարքը: Մելանոման մաշկի չարորակ գոյացություն է, եւ վերջին տարիներին նկատվում է հիվանդության աճ ամբողջ աշխարհում: Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության վիճակագրության համաձայն 2012 թվականին հիվանդացությունների թիվը հասել է 232 000-ի, որից 55 300-ը` մահացու:
Օնկոլոգիական հիվանդությունների շարքում մելանոման մնում է ամենաագրեսիվներից մեկը, որի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը եւ ժառանգական նախատրամադրվածությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանն իր ելույթում կարեւորեց միջոցառումը բնակչության շրջանում հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման, վաղ հայտնաբերման եւ ըստ այդմ համապատասխան բուժում տրամադրելու համատեքստում:
«Հիվանդությունների վաղ հայտնաբերումը եւ կանխարգելումը նախարարության որդեգրած քաղաքականության կարեւոր մասն է: Մեր նպատակն է գործընկերների հետ մարդկանց մեջ ձեւավորել առողջությունը պահպանելու, այն գնահատելու եւ ժամանակին բժշկին դիմելու մշակույթը»,- ընդգծեց նախարարի տեղակալը:
Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի խոսքով` վերջին 5 տարում Հայաստանում գրանցվել են հիվանդացության 251, իսկ մահացության 135 դեպք: Մինչեւ 30 տարեկան մարդկանց մոտ հիվանդությունը բավականին հազվադեպ է հանդիպում, այն հատկապես տարածված է 50-69 տարեկանների շրջանում: Նրա խոսքով` վաղ հայտնաբերված մելանոման բուժվում է 95-98 %-ով:
Միջոցառման շրջանակում մայիսի 10-ին «Դա Վինչի» կլինիկայում կիրականացվեն քաղաքացիների անվճար հետազոտություններ: