«Լավ է ուշ, քան ավելի ուշ». Դավիթ Հարությունյան

«Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկն է, և մենք, բնականաբար, հետաքրքրված ենք, որ այն զարգանա: Այնուամենայնիվ, հանքարդյունաբերության զարգացումը չի կարող համարվել երկրի կայուն զարգազման հիմք, եթե հաշվի չեն առնվում երկու կարևոր գործոններ: Դրանք բնապահպանությունը և սոցիալական պատասխանատվությունն են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցի մասին:

«Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր քաղաքականությունը, ռազմավարությունը: Այս հարցերին է փորձ կատարում պատասխանել այս զեկույցը: Այս զեկույցը համապարփակ զեկույց է, որը պետք է հիմք հանդիսանա բոլոր շահագրգիռ կողմերի հետ, հատկապես՝ քաղհասարակության, նաև ոլորտում տնտեսվարողների հետ համատեղ մշակելու միասնական ռազմավարություն: Ռազմավարություն, որն իսկապես կլինի երկարաժամկետ, չի լինի կոնկրետ պահի տակ, և կոնկրետ հանքի հետ կապված լուծումներ, և կլինի տեսլականով լի: Սա է հիմնական խնդիրը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով պղնձի արտահանմանը, որի գինը նվազել է, Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղում մշակելու գաղափարը շատ հետաքրքիր գաղափար է, այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց անգամ այդ աշխատանքը շատ լուրջ վերլուծություն է պահանջում՝ բնապահպանական և սոցիալական տեսանկյունից: «Պղինձը մեզ համար հանքարդյունահանման ամենակարևոր հատվածն է, և հայտնի է, որ այն տեխնոլոգիաները, որոնք ավանդական են, առաջացնում են բազմաթիվ մեծածավալ թափոններ՝ ծծմբաթթվի տեսքով: Համար մեկ խնդիրը պետք  է լինի, թե ինչ ճանապարհով ենք մենք գնում առաջ: Խնդիրը պարզունակ չէ: Դա պահանջում է վիթխարի ներդրումներ, բայց վիթխարի ներդրումները կարող են արդարացված լինել, եթե երկրում կա օրենսդրություն, որը պաշտպանում է պղինձ կորզելու ոլորտում ներդրողին, որ նա կունենա բավարար քանակի հանքանյութ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Խոսելով հանքարդյունաբերության հետևանքով մարդկանց առողջական խնդիրների մասին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Իհարկե, լավագույն լուծումը կլիներ, եթե երկիրն ընդհանրապես չունենար հանքարդյունաբերություն: Բայց արդյո՞ք դա ճիշտ լուծում է: Արդյոք դա չի՞ նշանակի, որ այդ նույն բնակավայրերում չեն լինի աշխատատեղեր, երկիրը կկորցնի իր տնտեսական զարգացման կարևորագույն հատվածներից մեկը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բոլորի շահերի հավասարակշռումը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք հաշվարկներ արվե՞լ են՝ հանքարդյունաբերությունն ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ է տալիս, նա պատասխանեց. «Ցանկացած նախաձեռնության ժամանակ կարելի է հարց ուղղել՝ արդյոք ուշ չէ՞: Լավ է ուշ, քան ավելի ուշ»:

 

Տեսանյութեր

Լրահոս