«Հայաստանն այսօր Ռուսաստանի պատանդն է, և այդ զնդանի վրա դնում է ևս մեկ կափարիչ». փորձագետ

«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանն իր օդային դարպասներն ու դրանց անվտանգությունը հանձնում է Ռուսաստանին: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ես չեմ կարծում, որ դրանով մեր անվտանգության հուսալիությունն ավելանում է: Ես ցավով եմ ուզում ասել, որ ՀՀ իշխանությունները, աչքի առաջ ունենալով բազմաթիվ օրինակներ, ունենալով բազմաթիվ հնարավորություններ, պատշաճ հետևություններ չեն անում, որ պետք է ընդհանրապես վերագնահատվի ՀՀ անվտանգության կոնցեպցիան: Իշխանությունը փորձում է շարունակել հինը և անում է քայլեր, որոնք է՛լ ավելի են փոքրացնում ՀՀ սուվերենությունը: Այս քայլն ուղղված է ոչ թե՝ ՀՀ անվտանգության բարձրացմանը, այլ հարված է ՀՀ անվտանգությանը: Եվ ՀՀ իշխանությունը թույլ է տալիս ՌԴ-ին ևս մեկ անգամ հարվածելու և խոցելի դարձնելու մեր անվտանգությունը: Հայաստանն այսօր Ռուսաստանի պատանդն է, և այդ զնդանի վրա դնում է ևս մեկ կափարիչ»,- ասաց Ռ.Մեհրաբյանը:

Ըստ նրա` այս ամենի անմիջական պատճառները կերևան առաջիկայում, բայց պարզ է, որ ՌԴ-ն ինչպես համարել է, այնպես էլ շարունակում է համարել ՀՀ-ն ֆորպոստ, և ՀՀ իշխանությանը վերաբերվում է լավագույն դեպքում՝ որպես այդ ֆորպոստի պահակի, ընդ որում` իր կողմից նշանակված պահակի, և հարաբերություններն էլ շարունակում է կառուցել ըստ այդմ, իսկ իշխանություններն էլ հակառակն ապացուցելու որևէ քայլ չեն անում:

«Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում նախատեսում է այցելություն Իրան, բայց ես դժվարանում եմ ասել` այդ այցելության ընթացքում շոշափվելո՞ւ է արդյոք Իրանից Հայաստան գազ բերելու հարցը, թե՞ ՀՀ-ն շարունակելու է կատարել իր պարտավորությունները ԵՏՄ-ի, «Գազպրոմի» առաջ, բացի իր ժողովրդից: Այսօր ժամանակն է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՌԴ էներգետիկ լծից, և ոչ թե նաև իր երկինքը հանձնի ՌԴ-ին: Նրանք հսկում են «Զվարթնոցը», Իրան-Հայաստան սահմանին շարժը, հիմա էլ օդը»,- նշեց Ռ.Մեհրաբյանը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է անցած տարի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Այժմ փաստաթուղթը ներկայացվել է ԱԺ հաստատմանը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարով՝ հետագա գործողության հնգամյա ժամանակահատվածներով ինքնաբերաբար երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Տեսանյութեր

Լրահոս