Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսության անվտանգությունն ուժեղացվել է
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական հսկողությունն ուժեղացվել է: Aյս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հունիսի 2-ի երեկոյան, վախենալով, որ կարող է բողոքի ակցիա կազմակերպվել, Գերմանիայի հյուպատոսության շենքը ոստիկանությունը շրջափակման մեջ է վերցրել: Հյուպատոսարանի մոտ են բերվել ոստիկանական զրահամեքենաներ:
Անվտանգության միջոցառումները խստացվել են նաև Ստամբուլում գործող գերմանական տարբեր հաստատությունների շրջանում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: