Բաժիններ՝

Վարչապետը նախարարներին մենաշնորհների հետ կապված հանձնարականներ տվեց

Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բեզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Պատճառն այն է, որ այս ապրանքների շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են՝ մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայի դուրսմղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շուկաների ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները, և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը:

Ընդհանրապես յուրաքանչյուր ապրանքի շուկայում առկա են այնպիսի կենտրոնացվածության թե՛ յուրահատուկ, թե՛ առավել ընդհանրական պատճառեր, որոնց ընդհանրականի հաղթահարմանը պիտի առաջնահերթ ուղղված լինեն մեր ջանքերը: Առաջին հերթին սկսենք վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներից: Իհարկե, միայն դրանցով չենք սահմանափակվելու»,- ասաց վարչապետը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մշակել հստակ ուղեցույցներ՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ. դրանք պետք է ընդգրկեն բոլոր անրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարման ժամկետները, իրականացնող մարմինները, բողոքարկման կարգը, և այլն:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկասմյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն:

ՊԵԿ նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը վարչապետը հանձնարարեց օգոստոսի 1-ից սկսած ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձեևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին վարչապետը հանձնարարեց քննարկել և երկամսյա ժամկետում ներկայացնել հայեցակարգ, թե ինչ լրացուցիչ կարգավորումներ պետք է կիրառել ներմուծում-մեծածախ վաճառք-մանրածախ վաճառք շղթայում, որը կբացառի խոշոր տնտեսվարողների կողմից ապրանքային շուկայում խաղի կանոնների թելադրումը.

«Մասնավորապես, առաջարկում եմ քննարկել վերոնշյալ սոցիալապես կարևոր ապրանքներում նույն խոշոր տնեսվարողների կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը արգելելու գաղափարը: Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ վաճառքի պայմանները պետք է լինեն թափանցիկ և հավասար բոլոր ձեռքբերողների համար»,-ասաց Հ. Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս