ՔԱԳՎ համամիտ չէ Հանրային խորհրդի ավիացիայի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի գնահատականներին
«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը առաջին անգամ ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2002 թվականի մայիսի 20-ին։ Նշված օրենքի մշակման համար հիմք են հանդիսացել եվրոպական համայնքի մի շարք երկրների առաջատար փորձը, այդ թվում, Շվեդիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն օրենսդրությունը, միաժամանակ օրենքի մշակման ընթացքում ներառվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) կողմից առավել կարևորվող թռիչքային և ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող չափանիշները։
Միջազգային տնտեսության գրեթե ամենադինամիկ զարգացող ոլորտը վերջին տասնամյակներում հանդիսանում է քաղաքացիական ավիացիան ոլորտն է, որի կանոնակարգումները կրում են անընդմեջ բնույթ: Այդ իսկ պատճառով 2007 թվականի փետրվարին Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Ավիացիայի մասին» նոր օրենք, որը մինչև 2015 թվականը մշտապես փոփոխվել և լրացվել է ԻԿԱՕ-ի չափանիշների և առաջարկվող գործելակերպերի փոփոխություններին համապատասխան։
Ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումները՝ միջազգային ստանդարտների շարունակական ներդրումը, քաղաքացիական ավիացիայի ոլորտի լիազոր մարմինների կառուցվածքի և լիազորությունների տարանջատումը, օրենսդրության ներքին ու միջազգային մարտահրավերներին առավել համապատասխանեցումը, իրականացնելու նպատակով վարչապետի կողմից 2013 թվականին ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Թափանցիկ քննարկումներ են կազմակերպվել և իրականացվել նաև Հայաստանի Հանրապետությունում մի շարք օտարերկրյա պետությունների դեսպանատների, Համաշխարհային բանկի, Եվրոմիության, USAID, ՄքՔենզիի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Արդյունքում, մշակվել և 2015 թվականի հունիսի 19-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենք՝ ըստ էության, օրենքի նոր խմբագրություն, որի մեջ հաշվի են առնվել տեղական և միջազգային այս բոլոր կառույցների առաջարկները։
Սկսած 2003 թվականից մշակվել և ընդունվել են ոլորտը կանոնակարգող շուրջ 31 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում և 49 ՔԱԳՎ պետի հրամաններ, որոնք մշտապես փոփոխվում և լրացվում են միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում թռիչքային անվտանգության համալիր աուդիտներ են իրականացվել ԻԿԱՕ կողմից (2007 և 2015 թվականներ), ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ նավագնացության միջազգային կազմակերպության կողմից (2010 թվական) և ավիացիոն անվտանգության համալիր աուդիտներ Եվրոպական ավիացիայի անվտանգության կոնֆերանսի կողմից (2007, 2009, 2011, 2013 և 2016 թվականներ), որոնց արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն օրենսդրության լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին։
Ներկայումս, ՔԱԳՎ կողմից իրականացվում են ընդհանուր նշանակության ավիացիայի, սիրողական թռիչքների կանոնակարգմանն ուղղված ուսումնասիրություններ և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև ոլորտի գիտական զարգացումների և օդանավերի փորձարկումների նպատակով համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական ավիացիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ։
Ինչ վերաբերում է վերը նշված՝ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մամուլի հաղորդագրությունում տեղ գտած Օդային օրենսգրքի նախագծին, ապա հարկ է նշել, որ այն ակնարկվում է սկսված դեռևս 2005 թվականից, և դրա մասնագիտական քննարկումների արդյունքում առաջնահերթություն է տրվել գործող օրենքի մոդելին, իսկ մասնագետների կողմից նշվել է, որ ներկայացված օրենսգրքի նախագիծը ուղղակի Ռուսաստանի Դաշնության Օդային օրենսգրքի հայերեն թարգմանությունն է, այն էլ առանց վերջին տարիների միջազգային չափանիշներին համապատասխանեցման: Նախագծով չի կարգավորվում որևէ այլ հարց, քան «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ընդհակառակը՝ գործող օրենքը առավել ամբողջական է և ընդգրկում է վերջին տարիների ընդունված միջազգային չափանիշների պահանջները։ Իսկ ինչ վերաբերվում է օրենք թե օրենսգրիք տարբերակմանը, ապա դա զուտ իրավական տեխնիկայի խնդիր է, քանի որ, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է», իսկ առաջարկվող օրենսգրքի նախագիծը ոչ մի կերպ ամբողջական կամ հիմնական նորմեր չի համակարգում, այլ ենթադրում է բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի առկայություն, որոնք ներկայումս արդյունավետ գործում են։
Ելնելով վերոգրյալից, Գլխավոր վարչությունը ոչ միայն չի կիսում Հանրային խորհրդի հաղորդակցության մեջ նշված տեսակետը՝ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում ԻԿԱՕ պահանջներին», այլ նաև համարում է այն անընդունելի։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն