«Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…». Հարություն Բադալյան

Հարություն Բադալյանը կաշեպատ տուփը դնում է սեղանին: Երկյուղած, զգուշությամբ բացում եմ: Ահա «Մարտական խաչը»: Ես երբեք սրանից չեմ ունենա` անցնում է մտքովս: Այնքան վեհություն, հպարտություն, փառք, այնքան մեծ խորհուրդ ունի այս շքանշանը, որ հուզմունքից արցունքոտվում եմ: Մատով շոյում եմ երկնագույն երիզը, խաչը…

-Ի՞նչ եք մտածում,- հարցնում է Հարությունը:

-Երջանիկ մարդ ես,- պատասխանում եմ,- ընտրյալ ես…

-Հա,- ասում է Հարությունը,- իմ ամենահամարձակ երազանքները «Արիության» մեդալից այն կողմ չեն անցել…

…Նրբակազմ տղա է, բարակիրան, գեղեցիկ, կանոնավոր դիմագծերով: Դեմքին ինչ-որ ազնվական հպարտություն կա, մի ամուր, հուսալի շեշտ, կամային մի գիծ, որ բառերով դժվար է բացատրել: Բայց ավելի շատ ջութակահարի է նման, քան «Արիության» մեդալ երազողի:

-Մարդու ուժը մարմնի մեջ չէ, այլ հոգու,- տղան ասես կարդում է մտքերս: …Ես երբեք այսքան մոտից «Մարտական խաչ» չեմ տեսել. ու զգում եմ` ինչ-որ կարևոր բան պիտի ասեմ, բայց չեմ կարողանում բռնել ծայրը:

-Այս մեդալը միայն քոնը չէ,- սկսում եմ կցկտուր ճիգով: -Սա նաև իմ մեդալն է… որովհետև… այս մեդալը կապում է ինձ ու քեզ…

-Որովհետև այս մեդալը ես ստացել եմ քեզ պաշտպանելու համար,- միտքս ավարտում է Հարությունը:

-Պիտի որ շատ երջանիկ լինես…

-Ուրախությունս կատարյալ կլիներ, եթե բոլոր մարտական ընկերներս ողջ լինեին:

Սրճարանի սեղանին գրոտած թղթեր են: Ես փորձում եմ վերծանել ձեռագիրը: «Հանկարծ նկատեցի, որ երկու ադրբեջանցի գնում են դեպի մեր կացարանը, նետվեցի առաջ, մինչ թուրքը կքաշեր ձգանը, իմ զենքը առաջինը կրակեց: Ընդամենը երեք մետր հեռավորությունից ես տեսա, թե ինչպես է իմ արձակած կրակահերթից թուրքը պարում օդում… մյուսը, տեսնելով անշնչացած ընկերոջը, փորձեց փախչել, բայց չհասցրեց. նրան էլ գնդակահարեցի: Հետո… ես կռիվ էի տալիս մարտական ընկերոջս կյանքի, սեփական արժանապատվության, դիրքի, հողի… ու էլի շատ բաների համար: Մեկը մյուսի հետևից պայթող նռնակները վերջապես կանգնեցրին թշնամուն, նրանք սկսեցին փախչել: Երբ նկատեցի, որ հեռանում են, որոշեցի հետապնդել: Վիրավոր ոտքս չէր ենթարկվում, բայց ես առաջ էի գնում… ուզում էի, որ նրանք չտանեն իրենց դիակները, և որ ամենակարևորն է` հետ չգան իմ ընկերների ու իմ դիրքի վրա: Նահանջողներին հետապնդելիս մի հոգու էլ սպանեցի նռնակով: Երբ այլևս անկարող էի ոտքի վրա մնալ, պառկած էի կրակում…»:

Ես ծալում եմ թղթերը:

-Երեք ադրբեջանցիներին վիրավոր ոտքո՞վ ես սպանել,- չեմ հավատում կարդացածիս:

-Չէ, անվնաս ձեռքերով,- կատակում է Հարությունը:

Եթե քեզ ու ընկերներիդ սպառնացող թշնամուն քաջաբար «վնասազերծելը» ես դեռ կարող եմ հասկանալ, ապա փախչող  զինված հրոսակախմբին մեն մենակ վիրավոր ոտքով հետապնդելը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղիս մեջ: Նրացից յուրաքանչյուրը կարող էր շրջվել ու մի կրակահերթով վերջակետել ամեն ինչ… կարող էր նռնակ նետել:

-Իհարկե, կարող էր,- Հարությունը չի ժպտում: Հոնքերը կիտած, նայում է դեմքիս:

-…Ինչպե՞ս են ծնվում նման որոշումները,- հարցնում եմ ու նույն պահին ափսոսում: Ես այնքան ներշնչված եմ, որ չեմ ուզում պահը փչանա մի բոցաշունչ հայրենասիրական ելույթով:

-Ես միշտ էլ ցանկացել եմ կարևոր լինել,- ասում է Հարությունը, ու ես հասկանում եմ, որ «կարևորը» այն բառը չէր, որ կար մտքում:

-Ես ցանկացել եմ ինձ ուժեղ զգալ… Բացառիկ, եզակի: Իմ ուժերից վեր դժվարություններ եմ հաղթահարել այդ զգացողության համար:

-Նույնիսկ կյանքի գնո՞վ…,- ես փորձում եմ գուշակել, թե ինչ էր մտածել «կարևոր» բառի փոխարեն:

-Ես ինքս եմ խնդրել, որ ավելի հանգիստ ու անվտանգ պոստից ինձ տեղափոխեն մեր` ամենավտանգավոր դիրքը: Ու ծնողներս չեն իմացել, որ ես դիրք եմ պահում: Երբ պատմում էին մեր վաշտի նախկին հրամանատարի մասին` թե նա ինչպես է աներկյուղ շրջել դիրքերում` հոգեբանորեն կոտրելով թուրքերին, իմ սիրտը սկսում էր արագ-արագ բաբախել: Հետո… Ես էի նույնը կրկնում: Երբ թշնամին կրակում էր վրաս, ես մտածում էի, որ մարդը պիտի գեղեցիկ մեռնի…

Ես շրջվում եմ ու նայում սեղանների շուրջ խմբված մարդկանց: Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկը լսի մեր զրույցը: Ես ուզում եմ բոլորին ասել` նա ընդամենը քսան տարեկան է, բայց գեղեցիկ մեռնելը գերադասել է վախեցած ապրելուց:

-Հայրս շատ լավ մարդ է,- հանկարծ ասում է Հարությունը,- պատվախնդիր ու ազնիվ ապրելը պակաս հերոսություն չէ, քան մարտադաշտում թշնամու վրա նռնակ նետելը: Հայրս Երևան է եկել իր ծննդավայր Ուրցալանջ գյուղից ու մեն-մենակ ճանապարհ հարթել իր համար: Աշխատել է առավոտից իրիկուն, բայց իր ծնողներից փող չի խնդրել: Տղամարդու հերոսությունը այստեղից է սկսվում` պատվախնդրությունից: Ինչ զրկանքների ասես չի դիմացել, որ պահի ընտանիքը, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք: Երբ հորս հարցրին, թե  ինչի կարիք ունենք, հայրս պատասխանեց` ոչ մի բանի: Ու լրագրողները գրեցին, թե ես հարուստի որդի եմ… Այո, ես հարուստի որդի եմ, բայց հորս հարստությունը փողի մեջ չէ: Ես հորս պես սիրում եմ իմ սեփական փողն աշխատել: Ինքնուրույն հասնել բարձունքների ու լիուլի վայելել հաղթանակը: Ինքնահարգանքից մեծ հպարտություն չկա: Ուսանող ժամանակ ինչ գործ ասես չեմ արել, որ իմ սեփական փողն ունենամ:

Հարությունը բացում է կաշեպատ տուփը:

-Սա շատ ծանր Խաչ է:

-Ի՞նչ,- ինձ թվում է ծանր բառը սխալ լսեցի:

-«Մարտական խաչը» ինձ հայրենիքն է տվել` որպես հրաման…

-Ի՞նչ է հրամայել հայրենիքը…

-Անվերջ բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ է՛լ ավելի շատ մարդկանց օգտակար լինել: …Ուզո՞ւմ եք իմանալ երջանկության իմ բանաձևը:

-Իհարկե…

-Երջանկությունն այն է, երբ քեզնից է կախված հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր, և նրանք բոլորն էլ օրհնում են քեզ:

Ես ոտքի եմ կանգնում, կաշեպատ տուփից հաիում եմ «Մարտական խաչը» ու ամրացնում շարքային Հարություն Բադալյանի կրծքին:

…Իսկ տունդարձի ճանապարհին անդադար մտածում էի, թե ինձ ինչ է հրամայել հայրենիքը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս