Օֆշոր սիրե, յար սիրե

Ինչպես երևում է, հայրենի կառավարությունն օֆշորների թեմայի հետ կապված է մի անբացատրելի և խորը սիրով։ Այնքան խորը, որ ոչ մի հրապարակում, ոչ մի բացահայտում չի ազդում կառավարության գործելաոճի վրա և դաս չի հանդիսանում։ Խոսքը վերաբերում է ոչ միայն՝ ներկա կառավարությանը, այլ նաև՝ նախկին կառավարություններին։

Հասարակությունը դեռ չի մարսել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալը։ Ու եթե թվում էր, թե դրանից հետո ՀՀ իշխանությունները պետք է փորձեին առավելագույնս խուսափել օֆշորային թեմաներից ու մութ մեխանիզմներից, գործնականում տեղի ունեցավ հակառակը։ Ամենաթարմ օրինակը հինգշաբթի օրն էր։ ՀՀ կառավարությունն այդ օրվա նիստում հավանություն էր տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին և լրացում, փոփոխություն կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականը։

Վարչապետը հանձնարարել էր համաձայնել ներդրումային ծրագրին` պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը։ Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որևիցե մեկի կամ «Գրանթ Թորնթոն» ընկերության կողմից, և վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ՝ ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն։ Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկել համապատասխան նախարարությունների հետ։

Հանուն արդարության՝ նշենք, որ ծրագիրը շքեղ է շարադրված (հատկապես «Դվինի» խարխուլ պատերի ֆոնին)։ Ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.6 մլն դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ։

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումը, ըստ ծրագրի, պետք է իրականացվի «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան։ Փոխվելու է նաև անվանումը՝ «Դավիթ Բեկ» հյուրանոց։

Սա էլ դեռ ամենը չէ։ Ըստ ծրագրի, հյուրանոցային համալիրն ունենալու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանսների համար նախատեսված կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիտնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ, և այլն։

Անգլիացիներն ասում են՝ the last, but not the least (վերջինը, սակայն ոչ պակաս կարևորը). հյուրանոցի տարածքում նախատեսվում է բարձրակարգ (VIP) խաղատան կազմակերպում՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա։ Դե, իհարկե, 100 մլն դոլարից ավելի ներդրման դեպքում կարելի է խաղատուն կառուցել անգամ Հանրապետության հրապարակում, ուրեմն՝ ինչո՞ւ չօգտվել այդ հնարավորությունից։ Այլ գայթակղիչ մանրամասներ էլ կան՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որի վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար։

Իսկ նրանց համար, ովքեր ուղղաթիռ չունեն, կծառայեն ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիները՝ նախատեսված մոտ 380 ավտոմեքենաների համար։

Սակայն ամենից «գայթակղիչը» ներդրում կատարել պատրաստվող ընկերությունն է։ Այն գրանցված է օֆշորում։ Hetq.am-ն արդեն գրել է, որ «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited) գրանցվել է Կիպրոսում՝ 2008թ.։ Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ այս ընկերության բաժնեմասը 2010 թվականից հավասարապես կիսում են օֆշորային երկու այլ ընկերություններ՝ Բելիզում գրանցված՝ BERFARQ INVESTMENTS LIMITED-ը և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված՝ JADIS SERVICES INC.-ը։ Ընդ որում, պարբերականը բացահայտել է, որ ո՛չ CCG Caucasian Communication Group Limited ընկերությունը, ո՛չ էլ դրա բաժնետերերը կենսագրություն չունեն որևէ ոլորտում։

Օֆշորային այս ընկերությունների մասին տեղեկություններ գրեթե չկան։ CCG Caucasian Communication Group Limited ընկերությունը ստեղծման օրվանից, բացի բաժնետիրոջ փոփոխությունից, որևէ այլ գործարք չի իրականացրել։ Ու այս ամենից հետո, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի տխուր փորձը, կարող ենք դառը կանխատեսում անել՝ «Դվին» հյուրանոցային համալիրը դժվար թե տեսանելի ապագայում վերակառուցվի։

Շատ հեռուն չգնանք՝ հիշենք Մարզահամերգային համալիրի պատմությունը։ Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսին համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց 20 օրական մի անհասկանալի ընկերության՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» անվանումով։ Հետո պարզվեց, որ դրա միակ սեփականատեր ոմն Արմեն Գևորգյանն այդ ընկերությունը վաճառել է ոմն Վահագ Դինո Ավադիսյանին, որի անունը շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում։ Իսկ 3 ամիս առաջ, պարզվեց, «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը չի վճարել 30 մլն դոլարը, և կառավարությունն իր որոշմամբ չեղյալ համարեց վաճառքի պայմանագիրը։ Ասում են՝ հիմա համալիրի գույքը՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, հայելիներ, գորգեր ու անգամ ծորակներ, մաս-մաս վաճառում են։ Իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում «Դվին» հյուրանոցին նման բան չի սպառնում, որովհետև… այդտեղ ընդհանրապես ոչինչ չկա՝ պատերից բացի։

Օֆշորների մասին խոսելիս՝ հիշենք, որ անցած տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը նույնպես օֆշորային էր և գրանցված էր Կիպրոսում։ Հետագայում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը բացատրեց, որ տեխնիկապես ավելի նպատակահարմար էր գործարքն իրականացնել օֆշորային ընկերության միջոցով։ Կարելի է ասել՝ սա միակ դեպքն էր, երբ օֆշորային առեղծվածը շատ արագ բացվեց, և մարդկանց մոտ հարցեր չմնացին՝ ով է ընկերության իրական տերը։

Իսկ «Դվինի» դեպքում դժվար է ասել՝ ե՞րբ կիմացվի, կամ կիմացվի՞ արդյոք երբևէ։ Դատելով մեր կառավարության գործաոճից՝ կարելի է եզրակացնել, որ նրանք ճանաչում են օֆշորային ընկերությունների իրական տերերին։ Ու հայտնի հումորային մանրապատման նման՝ մնում է միայն հարցնել՝ գոնե հա՞յ են։ Իսկ հայ լինելն այս դեպքում իրոք մխիթարական է, որովհետև անհասկանալի ու թաքուն ճանապարհով երկրից դուրս տարված միջոցները գոնե մասամբ վերադառնում են Հայաստան և ներդրվում տնտեսության մեջ։ Թեկուզ՝ «օֆշորային» եղանակներով։ Իսկ որ մեր երևելիներն օֆշորներից լավ գլուխ են հանում, հերթական անգամ ապացուցվեց վերջերս՝ ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնանկության միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս