«Գերմանիան այսօր պետք է նպաստի, աջակցի Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին»

Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը համոզմունք ունի, որ հունիսի 2-ին Գերմանիայի օրենսդիրը վերջապես 1915-ին հայերի հանդեպ Օսմանյան Թուրքիայի իրագործածը կանվանի իր անունով` ցեղասպանություն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց պատգամավորը, Բունդեսթագի կողմից համապատասխան բանաձևի ընդունումն իր համար կարևոր հարց է, մեծ ջանք է թափում, որ «1915 թվականի ոճրագործությունը հավուր պատշաճի որակվի որպես ցեղասպանություն»:

«Մենք աշխատում ենք խորհրդարանում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու համապատասխան բանաձևի որդեգրման ուղղությամբ ու ասեմ, որ այս պահին բավական լավ է իրավիճակը: Հունիսի 2-ի լիագումար նիստում համապատասխան բանաձև է ներկայացվելու, մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ այն հավանության արժան անա մեծամասնության կողմից: Ուրախ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիան ևս կճանաչի ցեղասպանությունը»,-ասաց Ալբերտ Վայլերը:

Պատգամավորը կարևոր համարեց դեռ նախորդ լիագումար նիստի ժամանակ կոալիցիոն երկու ուժերի ղեկավարների միջև ձեռքսեղմումն ու որոշումը, որ մինչև խորհրդարանի ամառային ընդմիջում պետք է ներկայացվի համատեղ բանաձև: «Այս պահին կա նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համաձայնությունը, և ես կարող եմ հայտարարել, որ հունիսի 2-ին մենք մեծամասնություն ենք ունենալու այս հարցում»,-ընդգծեց պատգամավորը` մանրամասնելով, որ բանաձևի վերնագրում լինելու է «ցեղասպանություն» բառը, բայց դրանով ոչ թե ցանկանում են մեղադրել ու դատապարտել այսօրվա Թուրքիային, այլ ճանաչելով ձգտում են երկու երկրներին տանել հաշտեցման: «Առանց ճանաչման չկա հաշտեցում:

Բանաձևում ցանկանում ենք անդրադառնալ նաև Գերմանիայի մեղքի բաժնին: Ի վերջո բոլորին է հայտնի, որ այն ժամանակվա կայսերական Գերմանիան կարող էր հայերին պաշտպանել, որոշակիորեն կանխել ողբերգությունը, սակայն չարեց: Մեկ այլ կարևոր դրույթ ևս, որ Գերմանիան այսօր պետք է նպաստի, աջակցի Հայաստանի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացին: Դա շատ կարևոր է նաև տնտեսական գործոնից ելնելով, որ երկրների միջև որոշակի հաշտեցման գործընթաց սկսվի»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հրեաների ցեղասպանությանն ու Գերմանիայի կողմից իր պատմության հետ հաշվի նստելուն` պատգամավորը շեշտեց, որ իրենց ժողովուրդն ու պետությունը այդ սարսափելի իրադարձությունից հետո փորձել են վերաիմաստավորել, ճանաչել ու ընդունել իր կատարածը, որի արդյունքում Գերմանիան ու Իսրայելն ունեն սերտ հարաբերություննեև: «Եթե դու որպես գերմանացի գնում ես Իսրայել, ջերմ ընդունելության ես արժանանում: Ես ցանկանում եմ, որ այդ օրը գա Հայաստանի ու Թուրքիայի համար, ցանկացած հայ Թուրքիայում ջերմ ընդունելության արժանանա և հակառակը, ինչպես մեր դեպքում պատմությունն այդ հնարավորությունն ընձեռեց»,-հույս հայտնեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ «Գերմանիան քաջություն ունեցել է ընդունելու իր նախորդների սխալը, իսկ Թուրքիան 101 տարի անց էլ ժխտում է այդ փաստը»`Ալբերտ Վայլերը պատասխանեց. «Այս առումով ես կարևորում եմ, որ երկրները ճանաչեն ցեղասպանությունը: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ է Թուրքիային այս թեմայի ծիրի մեջ պահելու համար: Ասում եմ` դատապարտման հարց չէ, բայց գուցե այս ճանապարհով Թուրքիան համապատասխան քաջություն ու համարձակություն ունենա վերաիմաստավորելու, ճանաչելու անցյալը: Գերմանիան վառ օրինակ է աշխարհի ու Թուրքիայի համար, որ եթե դու ցուցաբերում ես ճանաչելու քաջություն, իրականում լուրջ հնարավորություն է քեզ տրվում հաշտության հասնելու համար: Ոչ ոք անսխալական չէ, սակայն եթե դու ընդունում ես ու գիտակցում, որ սխալ էիր, խոսում է քո մեծության և ուժի մասին: Այսպիսով դու կորցրած վստահությունը հետ ես բերում: Անհրաժեշտ է սովորել պատմությունից, որ ապագայում խուսափենք հնարավոր սխալներից»:

Անի Նազարյան

Տեսանյութեր

Լրահոս