«Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է. Մարգարիտ Բարանկիցեն
Բուրունդիի Խաղաղության տան (Maison Shalom) խնամքի տան և Rema հիվանդանոցի աշխատակից Մարգարիտ Բարանկիցեի համոզմամբ` «Ավրորա» մրցանակը պետք է վերջ դնի այն բռնությունների շղթային, որ առկա է իր երկրում և աշխարհում: Այս մասին նա նշեց մրցանակաբաշխության ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում:
«Ինձ համար այս մրցանակը հնարավորություն է, որ հարցականի տակ դնեմ Բուրունդիի քաղաքական գործիչների գործունեությունը: Սա կօգնի նրանց մտածել այն մասին, որ եթե վռնդում են մարդկանց, տարագիր են դարձնում մայրիկներին, կանանց, դա սխալ է։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ «Ավրորա»-ի նախաձեռնողներին. մենք աշխարհին ցույց տվեցին, որ եթե ինձ մրցանակ տվեցին, ապա պետք է իրենց քաղաքականությունն հարցականի տակ դրվի: Բոլոր հանցագործները պետք է իրենց հարց տան՝ ճի՞շտ են վարվում»,- շեշտեց Մարգարիտ Բարանկիցեն:
«Ավրորա»ի դափնեկրի խոսքով` ինքն ատելություն չունի իր երկրի նախագահի հանդեպ, որը, նրա խոսքով, սպանություններ է գործում: «Ես կարեկցում եմ նրան: Բոլորս պետք է հասկանանք, որ բանակցությունն է հաղթանակի ճանապարհը: Յուրաքանչյուր փախստական աշխարհի քաղաքացի է: Միակ ուղերձը, որ կուզենայի փոխանցել` երկրագունդը մեծ է բոլորի համար, մենք պետք է կարողանանք ապրել երջանիկ, ինչպես
քույրեր և եղբարներ»,- շեշտեց նա:
«Ավրորա» և 100 LIVES նախաձեռնությունների համահիմնադիր Նուբար Աֆեյանը շեշտեց, որ մրցանակը տրվում է նախկինում կատարած գործունեության համար:
«Պետք է քայլեր է ձեռնարկվեն, որ մենք ունենանք մի աշխարհ, որտեղ Մարգարիտի գործունեության կարիքը չլինի»,- շեշտեց նա:
«Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն էլ ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց, որ համահիմնադիրներն իրականացրել են իրենց երազանքը:
«Մեր երազանքն էր կառուցել մի բան, որ պետք է մարդկանց համար լինի: Մենք հուսով ենք, որ բարեհաջող կերպով կկարողանանք «Ավրորա»-ն դարձնել ամենամյա: Այն ունի կենսական կարևորություն, ստեղծում է իրազեկվածություն, մեխանիզմ է, որով մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվում աշխարհում»,շեշտեց Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: Բարանկիցեն մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում: Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20 հազար որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար: Նրա աշխատանքը շարունակվում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկված երեխաներին եւ օգնել ապաստանել Բուրունդիի փախստականներին Ռուանդայում։
Մրցանակի դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական երեք կազմակերպություններին։ Դրանք են Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու, «ԺանՖրանսուա Պետերբրոկ» եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամները:
The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր
փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: