«Whats App, Viber, Facebook Messenger, Signal… Ո՞ր մեսինջերն է ավելի պաշտպանված». պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը

«Ապրիլ ամսից Whats App-ը մտցրել է ուժեղ գաղտնալսում: Թարմացված ծրագիրը նոր գաղտնագրումով է: Մինչ այդ էլ ծրագիրն աշխատում էր գաղտնագրված, բայց տարբեր տիպի գաղտնագրման համակարգեր են օգտագործվում, և խնդիրն այն է, որ կան համակարգեր, որոնց հանդեպ վստահությունն ավելի ցածր է, կան համակարգեր, որոնք երրորդ կողմի աուդիտ չեն անցել: Այսինքն՝ պարզ չէ, իրենք ամո՞ւր են, թե՞ ոչ: Հիմա Whats App-ը կիրառում է Open Whisper Systems կազմակերպության կողմից մշակված համակարգ, որը, ընդ որում՝ բաց համակարգը՝ հասանելի բոլորին: Այն այսօրվա դրությամբ համարվում է շատ վստահելի՝ գաղտնագրումը շատ ավելի լուրջ է, ու կարևորն այն է, որ սա գաղտնագրման այն ձևերից է, երբ Whats App-ի աշխատողները չեն կարող կարդալ գրածը: Այսինքն՝ գաղտնագրումը գնում է գրողի և ստացողի մակարդակով, ոչ թե՝ ծառայությունը տրամադրողի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նշենք, որ Whats App հավելվածի անվտանգության բաժնում նշվում է, որ հավելվածի նոր տարբերակն օգտագործողները հնարավորություն կունենան իրենց հասցեագրքում ներառված կոնտակտներին ուղարկել հաղորդագրություններ, նկարներ, ֆոտոներ, վիդեոներ, ձայնային հաղորդագրություններ, կատարել զանգել, որոնք պաշտպանված կլինեն ավելի ամուր կոդավորումով, ներառյալ՝ խմբակային չատերը:

Մեր հարցին՝ եթե մինչև հիմա միայն Signal-ից էինք օգտվում՝ վստահ լինելով, որ չենք գաղտնալսվում, հիմա կարո՞ղ ենք նույն վստահությամբ Whats App-ից օգտվել, նա պատասխանեց. «Հիմա WhatsApp-ն օգտագործում է հենց Signal-ի գաղտնագրումը, այսինքն՝ նույն համակարգն են վերցրել իրենք»:

Մյուս մեսինջերների ապահովությունից էլ հետաքրքրվեցինք. Facebook Messenger-ի ու Viber-ի դեպքում գաղտնագրումն ինչպիսի՞ն է, երրորդ անձը մուտք ունի՞ մեր հաղորդագրություններ:

Կարդացեք նաև

«Սնոուդենի ասելով՝ Facebook Messenger-ն ամենահեշտ ընթերցվողն էր՝ ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից: Viber-ի դեպքում, դժվար է ասել, որովհետև ինքն էլ է փակ համակարգ, այսինքն՝ 100 տոկոսանոց հայտնի չէ, թե ինչպես է այն աշխատում: Բայց, առնվազն, այնտեղ չի գնում գաղտնագրում այն մակարդակով, որ հենց Viber-ում չկարողանան կարդալ: Բնականաբար, բոլոր մեսինջերներն էլ օգտագործում են ինչ-որ գաղտնագրում, բայց Facebook-ի դեպքում հայտնի է, որ այն մեր մեսիջները կարդում է: Դուք դա կարող եք նկատել, օրինակ, երբ հղում եք ուղարկում, ու ինքը կարող է արգելափակել, ասել, որ դա սպամ է: Դա նշանակում է, որ իրենք տեսնում են, թե դու ինչ ես ուղարկում: WhastApp-ի գաղտնագրումը ենթադրում է, որ ծրագրի ներսում չեն տեսնում, թե դու ինչ ես խոսում»,- պատասխանեց մեդիափորձագետը:

Տարբեր մեսինջերներից եկող սպամների խնդրին անդրադառնալով՝ Ս.Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր համակարգ փորձում է նմանատիպ բաներն արգելափակել, և այնպես չէ, որ WhatsApp-ը չունի այդ թերությունը:

Հարցին՝ մեսինջերներից ո՞րն ի՞նչ առավելություններ ունի, և ո՞րն է ավելի վստահելի՝ տարբեր տեղեկություններ փոխանցելու առումով, նա պատասխանեց.

«Signal-ը, իհարկե, ապահով է, խնդիրն այն է, որ շատ մարդ չունի: Whats App-ն այնքանով է լավ, որ բոլորի մոտ կա: Ռազմական գաղտնիք, այսպես թե այնպես, չարժի փոխանցել: Signal-ն ունի ավելի մեծ պլյուսներ, որ, օրինակ՝ թույլ չի տալիս սքրին շոթ անել: Օրինակ՝ Telegram-ի գաղտնի չատերն ուրիշ դրական հատկություն ունեն, որ կարող ես երկու կողմից ջնջել նամակագրությունը: Ամեն մեսինջեր ինչ-որ յուրահատուկ բաներ է ներառում»:

Սամվել Մարտիրոսյանին խնդրեցինք հասարակությանը խորհուրդներ տալ՝ այս օրերին մեսինջերներից ճիշտ օգտվելու համար, և ասել, թե ինչից պետք է զերծ մնալ. «Մեսինջերների դեպքում մի կարևոր բան կա, որ համարյա չի կիրառվել, բայց կարող է կիրառվել, այն է՝ դրանք շատ լավ գործիք են խուճապ տարածելու համար: Աշխարհում նման փորձեր կան, երբ անհայտ համարներից սկսում են խուճապ տարածող հաղորդագրություններ ուղարկել: Կարևոր է՝ չհավատալ ոչ մի գրառման, որը ձեր հասցեագրքից չէ, այսինքն՝ ուղարկողը ձեր ընկերը չէ»:

Տեսանյութեր

Լրահոս