Մեծ Բրիտանիայում Քեմերոնի պաշտոնաթողությունն են պահանջել օֆշորային սկանդալի պատճառով
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի պաշտոնաթողությունն են պահանջել այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ մասնակցել է օֆշորային ընկերությունների գործունեությանը: Այս մասին գրում է The Mirror-ը:
Լեյբորիստ, խորհրդարանում գանձապետարանի հատուկ կոմիտեի անդամ Ջոն Մաննը կառավարության ղեկավարին անվանել է երեսպաշտ: «Քեմերոնը վեց տարի ուներ, որ ճշմարտությունն ասեր խորհրդարանին եւ ժողովրդին: Նա դա չի արել»,- գրել է նա Twitter-ի՝ իր միկրոբլոգում:
Լեյբորիստ, Համայնքների պալատի գանձապետարանի կոմիտեի անդամ Ուես Սթրիթինգը գտնում է, որ Քեմերոնի նկատմամբ վստահությունը լիովին խախտված է: Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Թոմ Ուոթսոնը կառավարության ղեկավարին կոչ է արել Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարությանը վերադարձնել այն բոլոր միջոցները, որոնք նա ստացել է օֆշորների շնորհիվ:
Ապրիլի 7-ին Քեմերոնը խոստովանել է, որ ինքը բաժնետոմսեր է ունեցել հոր Blairmore Holdings օֆշորային ընկերությունում մինչեւ Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար դառնալը, հաղորդել է BBC News-ը: Նա նաեւ հայտնել է, որ նախքան 2010 թվականին պաշտոնն ստանձնելն ինքը վաճառել է ավելի քան 30 հազար ֆունտ ստեռլինգ գումարի բաժնետոմսերը:
Լուսանկարը` Reuters