Truthly-ն ընդլայնում է սահմանները. նախագծին կարող են միանալ նաև կազմակերպությունները

Հայկական Truthly ստարտափին արդեն իսկ անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Գործարկումից ի վեր այս նախագիծը մեծ հաջողություն է գրանցել: Այժմ հավելվածում միայն Հայաստանից կա 70.000-ից ավելի օգտատեր: Իրենց մասին անանուն կարծիք իմանալ ցանկացողների թիվը մեր երկրում գնալով աճում է: Հաշվի առնելով հավելվածի շուրջ առաջացած հետաքրքրությունը՝ հավելվածի հեղինակներն ընդլայնում են հավելվածի տարածման սահմանները:

Truthly-ն նոր ծառայություն է առաջարկում կազմակերպություններին, որը հնարավորություն է տալիս նրանց անանուն, անկեղծ կարծիքներ ստանալ իրենց հաճախորդներից և օգտագործել այդ կարծիքները բիզնեսը բարելավելու համար: Նույն կերպ ընկերությունը կարող է կարծիքներ ստանալ մարդկանցից, ովքեր իրենց հաճախորդը չեն, և հասկանալ, թե ինչու նրանք չենք օգտվում ընկերության ծառայությունից:

«Մենք կարծիք ստանալու հարթակ ենք, որտեղ արդեն 70 000-ից ավելի մարդ կա գրանցված Հայաստանից, իսկ նրանք տարբեր կազմակերպությունների հաճախորդներ են կամ պոտենցիալ հաճախորդներ: Այսինքն, Truthly-ում գտնվող մարդն ավելի պատրաստակամ է կարծիք հայտնելու կազմակերպությանը, քան ցանկացած այլ հարթակում, քանի որ նա մտել է Truthly հենց կարծիք հայտնելու կամ ստանալու համար: Նաև այլ գործիքներ ենք առաջարկում կազմակերպություններին, որպեսզի կարծիք ստանալու գործընթացն առավել արդյունավետ և հեշտ լինի: Արդյունքում՝ ստացվում է, որ հաճախորդներն անմիջական մասնակցություն են ունենում կազմակերպության բիզնեսի զարգացման մեջ և զգում են, որ իրենց ձայնը հասանելի է, և իրենց գնահատում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց հավելվածի հեղինակ Հրաչյա Մանուկյանը:

Truthy

Կարդացեք նաև

Կազմակերպությունների համար ծառայությունը լինելու է վճարովի, սակայն առաջին 50 ընկերություններին առաջին ամիսը ծառայությունը կտրամադրվի անվճար՝ բետա տարբերակով:

«Եթե ընկերությունը որոշում է միանալ, մենք մեզ մոտ բացում ենք ընկերության անվճար պրոֆիլը, որտեղ ընկերությունը ցանկացած կարծիք կարող է հարցնել իր հաճախորդներից և մարդկանցից, ովքեր ինչ-ինչ պատճառներով հաճախորդ չեն դարձել»,- պատմում է Հրաչյա Մանուկյանը:

Հաճախորդները կունենան նաև հնարավորություն՝ ցանկացած պահի նամակագրության միջոցով հայտնել իրենց կարծիքը:

Նախագծի հեղինակները պատրաստել են հատուկ նշաններ, և դրանք փակցնելու են այն հաստատություններում, որոնք միացել են Truthly-ին: Truthly-ին միացած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի նաև սոցիալական կայքերի միջոցով:

Նախագծի հեղինակներից տեղեկացանք նաև, որ 3 օրում նախագծին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ:

«Այս ուղղությունը հիմա բաց է հայկական շուկայում: Բողոքի գրքերը, անհատական զանգերը կամ թղթով տրված կարծիքներն արդեն հնացել են և նախկին արդյունավետությունը չունեն: Սա բոլորովին նոր մոտեցում է, երբ հաճախորդի կարծիք ստանալն արագ է, ժամանակին, անկեղծ»,- եզրափակեց Հրաչյա Մանուկյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս