Երևանում ակնաբույժը դատապարտվել է տուգանքի. ներարկումը սխա՞լ է կատարվել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ բժշկուհի ակնաբույժը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 150 հազար դրամ տուգանքի:

Նախաքննության ընթացքում բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա հանդիսանալով բժշկուհի-ակնաբույժ՝ ձախ աչքի «մակուլայի շրջանի այտուց» հիվանդությամբ բուժօգնության դիմած 41-ամյա հիվանդի նկատմամբ իրականացրել է բուժսպասարկում` կատարել դեղորայքի ներարկում ձախ աչքում, սակայն ներարկման ընթացքում գլուխը ոչ պատշաճ ֆիքսելու արդյունքում կատարված ներարկման հետևանքով կնոջ առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս, որն արտահայտվել է ձախ աչքի ենթակոնյուկտիվալ արյունազեղման, ապակենման մարմնում լողացող պղտորման ձևով:

Առաջադրված մեղադրանքում բժշկուհին իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ ինքը սխալ բուժում չի կատարել:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ամբաստանյալն ունի բարձրագույն կրթություն, երկար տարիներ աշխատում է՝ որպես բժիշկ-ակնաբույժ, ամուսնացած է, նախկինում դատված չի եղել, տուժողը հայտնել է, որ նրա նկատմամբ պահանջ և բողոք չունի:

Ըստ դատական ակտի՝ տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ ունեցել է տեսողության որոշակի նվազում: Որոշել է դիմել բժշկի, որպեսզի կանխի հիվանդության բարդացումը: Բժշկուհին իրեն ուղարկել է հետազոտման, որի ընթացքում պարզվել է, որ ունի ձախ աչքի հատակի բորբոքում: Տեսնելով հետազոտման նկարը՝ բժշկուհին ասել է, որ իր ձախ աչքի հատակը բորբոքված է, և պետք է ներարկումների միջոցով փորձեն վերականգնել տեսողությունը: Նույն օրն իր ձախ աչքում ներարկում է կատարվել, որից հետո գնացել է տուն: Բժշկուհին ասել է, որ հաջորդ ներարկումը պետք է կատարվի մեկ շաբաթ անց: Մեկ շաբաթ անց կրկին գնացել է ակնաբուժական կենտրոն, և բժշկուհին կրկին ներարկում է կատարել իր ձախ աչքում: Ներարկում կատարելուց հետո ասել է, որ ներարկման ժամանակ աչքն արյուն է լցվել, սակայն անհանգստանալու կարիք չկա, և այն կանցնի:

Կրկին գնացել է բժշկուհու մոտ, որից հետո վերջինս գործիքով հետազոտել է ձախ աչքը, որից հետո նշանակել է դեղամիջոց և ասել, որ մի քանի օր կաթեցնելուց հետո արյունը կանցնի: Շուրջ 17 օր կաթեցրել է նշված դեղը, սակայն փոփոխությունը շատ աննշան է եղել: Կրկին գնացել է բժշկուհու մոտ: Վերջինս իրեն կրկին ուղարկել է աչքի հատակը նկարելու: Այնուհետև, համակարգչի մեջ նայելով նկարը՝ ասել է, որ անհրաժեշտ է վիրահատություն կատարել: Չի հիշում` երկրորդ ներարկումը կատարելիս ինքը գլուխը շարժե՞լ է, թե՞ ոչ, բայց ներարկումը կատարելու ժամանակ ուժեղ ցավ է զգացել: Ներարկում կատարելիս իր աչքը ցավազրկել են, բայց իր աչքը լավ ցավազրկված չի եղել, քանի որ ինքն ուժեղ ցավ է զգացել, և հնարավոր է, որ այդ ցավից գլուխը շարժած լինի: Այդ ներարկումից հետո իր ձախ աչքի կոպը կախվել է, առաջացել է «պտոզ», աչքի բիբը լայնացել է և լույսին չի արձագանքում: Դեպքից հետո եղել է մի քանի ակնաբույժների մոտ, և նրանք ասել են, որ իր աչքի շլությունը, կոպի իջեցումն առաջացել է ներարկման հետևանքով: Դեպքից հետո աչքի բուժում չի ստացել:
Ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ և բողոք չունի, ցանկանում է ներողամիտ լինել նրա նկատմամբ և կփորձի ինքնուրույն վերականգնել իր աչքի հետ կապված խնդիրները:

Ըստ դատական ակտի՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ հայտնաբերվել է ձախ աչքի ենթակոնյուկտիվալ արյունազեղում, ապակենման մարմնում լողացող պղտորում, որոնք, հնարավոր է, որ եղել են կատարված ներարկման արդյունք և, որպես այդպիսիք, առաջացրել են առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Հանձնաժողովը հարկ է համարել նշել, որ ձախ աչքի ակնահատակում առկա փոփոխությունները՝ «մակուլայի այտուցը, էպիռետինալ մեմբրանը», կապ չունեն ներարկման հետ:

Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ ըստ ներկայացված քրեական գործի նյութերի տվյալների՝ կնոջ ձախ աչքում արյունազեղման առաջացումը պայմանավորվել է ներարկումով, չի բացառվում ինչպես՝ ոչ պատշաճ ներարկում կատարելու հետևանքով, այնպես էլ՝ ներարկման պահին բուժանձնակազմի կողմից հիվանդի գլուխը ոչ պատշաճ ֆիքսելու արդյունքում շարժվելու հետևանքով, այսինքն՝ նման արյունազեղման առաջացումը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ բուժող բժշկի կողմից ոչ պատշաճ ներարկում կատարելու հետ, որի արդյունքում նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայման հատկանիշով, այսինքն՝ վնասվածքի հետ անմիջական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը 21 օրից ավելի: Ներկայացված քրեական գործի նյութերի տվյալները հիմք են տալիս եզրակացնել, որ ձախ աչքի արյունազեղումը չի առաջացել ախտորոշված հիվանդության հետևանքով:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ բուժօգնության նպատակով իրեն է դիմել տուժողը, ով գանգատվել է ձախ աչքի ցածր տեսողությունից: Վերջինիս երկու աչքերի հետազոտության արդյունքում ախտորոշվել է ձախ աչքի «մակուլայի այտուց» հիվանդությունը: Ինքը պարզաբանել է, որ նման ախտորոշման դեպքում բուժումը կատարվում է ներարկումների միջոցով: Այնուհետև տուժողը ցանկություն է հայտնել բուժման կուրս անցնել իր մոտ: Ինքը համաձայնագիր է ներկայացրել նրան, որից հետո վերջինս, ծանոթանալով համաձայնագրի բոլոր կետերին, ընդհուպ՝ մինչև աչքի տեսողության կորուստ ունենալու վտանգին, համաձայնել և ստորագրել է համաձայնագիրը:

Նույն օրը կատարել է ինտրավետրիալ ներարկում և ձախ աչքի ապակենման մարմնի մեջ ներարկել է դեղորայք: Մեկ շաբաթ անց հիվանդը եկել է, որից հետո կատարել է հետազոտումներ, վիճակը համապատասխանել է բուժման ընթացքին, և ինքը կրկին ներարկում է կատարել: Երկու դեպքում էլ ներարկումները կատարել է նույն եղանակով, սակայն երկրորդ ներարկման ժամանակ հիվանդը գլուխը կտրուկ շարժել է, որը պատճառ է հանդիսացել ձախ աչքի արյունազեղման, քանի որ ներարկում կատարելիս ասեղն անցնում է անոթավորված շերտերով: Եթե անգամ հիվանդը գլուխը չշարժեր, հնարավոր է, որ առաջանար արյունազեղում, քանի որ արյունազեղումը կարող է առաջանալ ճնշման տատանման, աչքը տրորելու և անգամ՝ փռշտոցի հետևանքով: Արյունազեղումն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, տեսողության սրության վրա չի ազդում, բուժում չի պահանջում և որոշ ժամանակ անց ինքն իրեն ներծծվում է: Չի կարող բացատրել, թե ինչու է դատաբժշկական հանձնաժողովը եզրակացրել, որ արյունազեղման հետևանքով տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

Նախքան ներարկում կատարելն ինքը զգուշացրել է, որ ներարկումից անմիջապես հետո տեսողությունը կվատանա, և մոտ 10 օր անց, դեղի ներծծման հետ, տեսողությունը կսկսի լավանալ: Դրանից երեք օր անց հիվանդի հայրը զանգահարել է իրեն և վիրավորելով՝ ասել, որ դստեր աչքի արյունը չի ներծծվում: Ինքը բացատրել է, որ անհանգստանալու կարիք չկա, սակայն կարող են գալ, և ինքը կրկին կհետազոտի: Նույն օրը հիվանդը եկել է ակնաբուժական կենտրոն, որից հետո ինքը հետազոտել է նրան և ասել, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի արյունը ներծծվի: Երբ ցանկացել է չափել աչքի ճնշումը, հիվանդը հրաժարվել է և գնացել կլինիկայի ղեկավարի մոտ: Վերջինս զանգահարել է իրեն և հարցրել, թե ո՞րն է պատճառը, որ գանգատվում է ձախ աչքից: Ինքը մանրամասն ներկայացրել է ախտորոշումը և կատարվող բուժման ընթացքը: Կլինիկայի ղեկավարն ասել է, որ կատարվել է պատշաճ բուժում, և ինքը շարունակի այն:

Դրանից 17 օր անց հիվանդը եկել է իր մոտ: Վերջինիս ձախ աչքի հատակը և տեսողությունը զննելուց հետո ուղարկել է աչքի հատակը նկարելու: Այնուհետև, համակարգչի մեջ նայելով նկարը՝ ասել է, որ աչքի հատակի մակուլայի այտուցը մասամբ ներծծվել է, և դրա շնորհիվ էլ աչքի տեսողության սրությունը բարձրացել է մինչև 0,3-0,4, ինչից հետո վերջինս հեռացել է: Դրանից հետո արդեն տեղեկացել է, որ կատարվածի համար հիվանդը դիմել է Ոստիկանություն: Նմանատիպ ներարկումները կատարվում են հիվանդի պառկած վիճակում: Որևէ կարգ առկա չէ, որ ներարկում կատարելիս անհրաժեշտ է հիվանդի գլուխը ֆիքսել:  Հիվանդի գլուխը ֆիքսելու միակ ձևը հիվանդին պառկեցնելն է: Եվ վիրահատությունները, և ներարկումները կատարվում են պառկած վիճակում:
Առաջադրված մեղադրանքում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը սխալ բուժում չի կատարել:

Անդրադառնալով պաշտպանության կողմի այն փաստարկին, որ ինտրավետրիալ ներարկում կատարելիս գլուխը ֆիքսելու պահանջ կամ բժշկական արձանագրություն առկա չէ, դատարանը նշել է, որ կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ արյունազեղման առաջացումը պայմանավորվել է ներարկումով, չի բացառվում ինչպես՝ ոչ պատշաճ ներարկում կատարելու հետևանքով, այնպես էլ՝ ներարկման պահին բուժանձնակազմի կողմից հիվանդի գլուխը ոչ պատշաճ ֆիքսելու արդյունքում շարժվելու հետևանքով, այսինքն՝ նման արյունազեղման առաջացումը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ բուժող բժշկի կողմից ոչ պատշաճ ներարկում կատարելու հետ:

Այլ խոսքով՝ փորձագետի եզրկացությամբ հաստատվել է, որ արյունազեղման առաջացումը պայմանավորված է եղել ոչ պատշաճ ներարկում կատարելով: Դատարանի գնահատմամբ՝ բժշկուհին ներարկումը կատարելիս պարտավոր էր և կարող էր նախատեսել բուժվող հիվանդի առողջությանը անզգուշությամբ վնաս պատճառելու հնարավորությունը, ուստի իր մասնագիտական պարտականությունները՝ ինտրավետրիալ ներարկումը, պարտավոր էր կատարել պատշաճ, այդ թվում՝ հիվանդի գլուխը պատշաճ ֆիքսելու պայմաններում, որպեսզի ներարկման հետևանքով արյունազեղում չառաջանար, և տուժողի առողջությանը վնաս չպատճառվեր:

Նշենք, որ դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:

Տեսանյութեր

Լրահոս