Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննություն ավարտվել է
Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ քրեական գործն ուղարկել է դատախազին:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է: Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Նա այժմ անազատության մեջ է: