Բաժիններ՝

«Օրական մի անգամ եմ հաց ուտում, էն էլ՝ ճաշարանում»

asparez.am. «Դոնարա տատը Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում մենակ է ապրում: Տարիներ առաջ եռյակ ունեցած այս կինը երկար ժամանակ է՝ երեխաներից լուր չունի:

-Մեկը շուտ է մահացել, էն երկուսն էլ դուրսն են, քանի տարի է, ոչ լուր ունեմ, ոչ խաբար,- ասում է տիկին Դոնարան, ով օրերս էր դիմել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ ֆինանսական աջակցության խնդրանքով:

Օրվա հացի խնդրին գումարվել են նաեւ կոմունալ վարձերն ու բազմազավակ այս կինը հայտնվել է անելանելի վիճակում: Տիկին Դոնարան ոչ նպաստ է ստանում, ոչ թոշակ: Օգտվում է քաղաքի բարեգործական ճաշարանից, ինչի համար շնորհակալ է:

-Օրական մի անգամ եմ հաց ուտում, էն էլ ճաշարանում: Տանը ոչ մի բան չունեմ, էնքան էլ ցուրտ ա, ամբողջ օրը ցրտից սառչում եմ,- ասում է նա:

Երբ իմանում է, որ իր մասին գրելուց հետո հնարավոր է աջակցողներ հայտնվեն, ուրախանում ու լալիս է միաժամանակ:

-Մենակ շուտ կգրես, հա՞, աղջիկ ջան,- անընդհատ կրկնում է տիկին Դոնարան:

Լուսանկարվել չի ուզում: Ասում է՝ ամաչում է, չի ուզում, որ դեմքը երեւա:

Հրաժեշտից առաջ տալիս է հեռախոսահամարն ու մի անգամ էլ հիշեցնում՝ չես մոռանա, չէ՞, շուտ կզանգես, չէ՞, շուտ կգրես»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս