«BeIN Media Group» մեդիախումբը գնել է Miramax Films հոլիվուդյան կինոստուդիան
Miramax Films հոլիվուդյան նշանավոր կինոստուդիան, որն ստեղծել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածքը», «Սպանել Բիլին», «Անգլիացի հաճախորդը», վաճառվել է Քատարում հաստատված «BeIN Media Group» մեդիաընկերությանը: Այդ մասին տեղեկացնում է Financail T imes կայքը:
Հրատարակության տվյալներով՝ գործարքն ավարտվել է մարտի 2-ին, դրա գումարի չափը չի հայտնվում: Նշվում է, որ այս ձեռքբերումը Քատարի ընկերությանը թույլ կտա իր ազդեցության գոտին ընդլայնել 24 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ավստրալիան: «Մեր պլանները ենթադրում են ընկերության հետագա աճ եւ նրա համար նոր կոնտենտի ստեղծում»,- հրատարակությունը մեջբերում է BeIN Media Group-ի գործադիր տնօրենի՝ քատարցի գործարար Նասեր Ղանիմ ալ Հելայիֆիի խոսքը:
«BeIN-ի ղեկավարության ներքո մենք անհամբերությամբ ենք սպասում մեր հեռուստա- եւ կինոարտադրանքի հետագա տարածմանը՝ ամրապնդելով կինոստուդիայի՝ որպես անկախ առեւտրային կինոյի պիոների դիրքերն ամբողջ աշխարհում»,- իր հերթին հայտնել է Miramax Films-ի գլխավոր տնօրեն Սթիվ Շոհը:
Miramax Films-ն ստեղծվել է 1979 թվականին՝ Հարվի եւ Բոբ Վայնշտեյն եղբայրների կողմից, որոնք 1993 թվականին այն The Walt Disney Company-ին են վաճառել 80 մլն դոլարով: 2000-ականների վերջին ստուդիան ֆինանսական դժվարություններ է ունեցել, իսկ 2010 թվականին The Walt Disney Company-ն Miramax Films-ը 660 մլն դոլարով վաճառել է մի խումբ ներդրողների՝ միլիարդատեր Ռոնալդ Թյութորի գլխավորությամբ:
Ընդամենն ընկերության կողմից նարահանվել է 700 ֆիլմ, որոնց թվում են՝ «Կատաղած շները», «Ծերունիներն այստեղ տեղ չունեն», «Ավիատոր», «Չիկագո» կինոնկարները եւ շատ ուրիշներ: Ընկերության ֆիլմերից շատերն արժանացել են «Օսկար» կինոմրցանակի: