«Ավտոբուսի ազերի վարորդը հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր…»
aparaj.am-ը գրում է. «Աբգար եւ Մարիետտա Բալայանները սումգայիթյան եղեռնագործության վկաներ են, ովքեր դեպքերից 28 տարի անց դեռ վախով են վերհիշում կատարվածը:
Աբգար Բալայանը 1991-ին Սումգայիթ էր տեղափոխվել Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղից: Սումգայիթում զբաղվում էր շինարարական աշխատանքներով: Մի քանի տարի անց խոշոր շինարարական ընկերությունում աշխղեկ է նշանակվում: 1964 թվականին ամուսնանում է Մարիետտայի հետ: Սումգայիթում ծնվում են նրանց 4 զավակները՝ երկու դուստր եւ երկու որդի: Նրանց հետ էր ապրում նաեւ Աբգարի մայրը՝ Փիրուզա Բալայանը, ով, ինչպես տիկին Մարիետտան է նշում, ի սկզբանե դեմ էր Ադրբեջան տեղափոխվելուն: Փիրուզան դրա համար պատճառներ ուներ: Պատճառները հասնում են մինչեւ 1915 թվական:
Հայրը Սպիտակաշեն գյուղի ջրաղացպանն էր եւ հարգված մարդ էր գյուղում: Մի օր սարսափելի դեպք կատարվեց Փիրուզայի աչքի առաջ: Հոր հետ գիշերը ջրաղաց էր գնացել, երբ հեռվից ձիավորներ երևացին: Աշխատողներն աղջկան թաքցրին՝ ինչ-որ վատ բան կանխազգալով: Պարզվեց՝ ադրբեջանցիներ էին եկողները: Նրանք հորը ծնկի իջեցրին եւ գլխատեցին, իսկ դուստրը թաքստոցից ականատես եղավ այդ տեսարանին: Այս պատմությունը Փիրուզան պատմեց տարիներ անց, երբ սումգայիթյան ջարդերից մազապուրծ ընտանիքը հասավ Արցախ:
Մարիետտա Բալայանը նշում է, որ չնայած մինչեւ 1988 թվականը լուրջ ընդհարումներ չեն եղել հայերի եւ ազերիների միջեւ, սակայն Ալիև ավագի իշխանության գալուն զուգահեռ՝ ազգային հողի վրա դժգոհությունները շատացել էին: Ազգայնացվում էր ամեն ինչ: Բարձր պաշտոնների նշանակում էին միայն ազերիներին: «Ակնհայտ էր, որ այս ամենը նպատակային էր արվում: Հաճախ էի ամուսնուս հետ դրա մասին խոսում, սակայն նա չէր հավատում, ասում էր՝ բազմազգ երկիր է, հնարավոր չէ խտրականություն դրվի ազգերի միջեւ: Չէր հավատում` մինչեւ որ ականատես եղավ դրան»,- հիշում է Մարիետտան:
Աբգար Բալայանը պատմում է, որ հենց իրենց շինարարական բրիգադի կողմից է կառուցվել 16-րդ միկրոշրջանը: «Երբ առաջին անգամ Սումգայիթ գնացի, ժողովուրդը «բարաքներում>> էր ապրում: Տարիների ընթացքում` այնտեղ ապրող ազգային մյուս փոքրամասնությունների հետ միասին կառուցեցինք Սումգայիթը, իսկ ավելի ուշ` նույն շրջանում բանակարաններ տվեցին մեզ: …Մեզ դուրս հանեցին մեր իսկ կառուցած տներից»,-ասում է Աբգարը:
1988 թվականի վերջերին ակնհայտ հայահալած քաղաքականություն էր վարվում: Մարիետտան պատմում է, որ խանութի հերթի ժամանակ մի կին, երբ իմացավ` հայ է, ասաց՝ գնացեք ձեր երկիրը, թե չէ կստիպենք, որ գնաք:
Հաճախ ազերիների կողմից կատարված հանցագործությունները վերագրում էին հայերին` ժողովրդի մեջ ատելությունն ավելի խորացնելու նպատակով:
«Ավտոբուսի ազերի վարորդը հայ երեխային դեն նետեց ավտոբուսից` միայն նրա համար, որ երեխան լացում էր, եւ այդ ամենը վերագրեցին հայերին: Ամեն օր նմանատիպ պատմություններ էինք լսում>>,- պատմում է Մարիետտան:
Դուստրը՝ Ժաննան, 1988-ին 19 տարեկան էր, եւ սովորում էր Սումգայիթի պոլիտեխնիկ ինստիտուտում: Պատմում է, որ չնայած գերազանց գնահատականներով էր սովորում, վերջին կիսամյակի թվանշանները չստացավ եւ ինստիտուտի «սև ցուցակի» մեջ ընդգրկվեց: Սա էլ ազգային պատկանելության պատճառով էր:
«Ջարդերից մի քանի ամիս առաջ, երբ շենքի շքամուտքը մաքրում էի, նկատեցի, որ մեր տան պատին խաչ է նկարված, այնուհետեւ տեսա, որ մյուս շենքերում ապրող հայերի տան պատերին էլ կան այդ խաչերը,- հիշում է Մ. Բալայանը,- սկսեցին նաեւ հայերին ցուցակագրել: Երբ դա էլ նկատեցի, հիշեցի մանկությանս օրերին մորս պատմած պատմությունները, թե ինչպես էին թուրքերը ցեղասպանությունից առաջ հայերի տան պատերին ու դռներին խաչ նկարում, որ գիշերով մտնեն` իրենց սև գործն անեն: Մի օր էլ հարևանուհիս ասաց՝ գիշերները լույսը չանջատեք, քանի որ ադրբեջանցիներիս հրահանգված է գիշերները լույսերը չանջատել: Ով անջատում է՝ հասկանում են, որ հայ է, եւ տունն են մտնում»:
«Մեր շենքում 10 տարեկան տղա էր ապրում տատիկի եւ պապիկի հետ,- շարունակում է նա,- մի օր տղայի ոտքը վնասվեց կոտրված շշի բեկորներից: Երբ տեսա, տուն բերեցի, ոտքի վերքը մշակեցի, շաքարով թեյ տվեցի, երեսը լվացի եւ տուն ուղարկեցի: Հաջորդ օրը նա իր ադրբեջանցի տատիկի եւ պապիկի անձնագրերը բերեց եւ ասաց. «Եթե ձեր դուռը ծեծեն, այս անձնագրերը ցույց կտաք, որ ձեզ բան չանեն»:
Փետրվարի 27-ին սկսվեց սարսափելին: Ականատես եղան, թե ինչպես դիմացի շենքի հայերի ապրանքները շենքից վայր նետեցին, իրենց էլ անորոշ ուղղությամբ տարան` առանց թույլ տալու գոնե տաք հագուստ վերցնեն:
«50-60 հոգանոց ավազակախմբով էին ազերիները: Մոտեցան մեր շենքին: Իրանցի հարևանուհիս՝ Խանումը, պատշգամբից ասաց՝ իզուր տեղը շենք մի մտեք, այստեղ հայեր չկան: Այդպիսով՝ խուսափեցինք մահից: Տանը երկու շիշ վառելիք էի պահում, որ հանկարծ մտնեն` իմ եւ աղջիկներիս վրա լցնեմ եւ վառեմ, որ ազերիի ձեռք չընկնենք: Ամուսինս էլ երկու կացին գնեց, մեկը ավագ որդուս՝ Արտակին տվեց, մյուսն ինքն առավ, որ ազերիները մտնեն, գոնե երկու ազերի ոչնչացնեն: Ասում էր՝ գոնե անպատիվ չմեռնենք:
Այդ օրերին եղբորս աղջիկը, ով Սումգայիթի 9-րդ միկրոշրջանում էր ապրում, տեղափոխվեց մեր տուն եւ տեղեկացրեց, որ իրենց շենքի շրջակայքում գտնվող ակումբում (СК клуб) հավաքված են հայերը. այնտեղ ավելի ապահով է: Ակումբը շրջապատված է ռուսական զորքով ու զինտեխնիկայով: Որոշեցինք, որ երեք երեխաներիս հետ այնտեղ տեղափոխվեմ, իսկ ամուսինս ու ավագ որդիս մնացին տանը: Աբգարը կտրականապես դեմ էր այնտեղ տեղափոխվելուն. ասում էր՝ լավ է տանը մեռնեմ, քան ընդունեմ այն հանգամանքը, որ վախենում եմ ազերիներից: Նա մեր ավագ որդու հետ մնաց տանը: Աբգարը շուկա էր գնում, ուտելիք գնում՝ ազերի ներկայանալով: Ոչ մեկը կասկած չուներ, քանի որ հիանալի ադրբեջաներեն էր խոսում»:
Հարցին, թե ի՞նչ եղավ ակումբում, ո՞վքեր էին այնտեղ` Մարիետտան ձեռքերով փակեց աչքերը՝ կարծես չցանկանալով այդ տեսարանը վերհիշել: Հետո պատասխանեց. «28 տարի շարունակ հենց այդ տեսարանն եմ ուզում մոռանալ: Շենքը լեցուն էր հայերով: Վիրավորներ կային, ծեծված, կացնահարված մարդիկ, արյունլվա դեմքեր, ցավից գոռացող մարդիկ, եւ, որ ամենասրասափելին էր, ոչ մեկը չգիտեր` հաջորդ վայրկյանին ինչ կարող է պատահել մեզ հետ: Բոլորով հատակին էինք քնում, ուտելիքն էլ մի անկյունում դրված էր, սակայն ոչ մեկը այդպես էլ չմոտեցավ ուտելիքին»:
«Երբ ակումբ հասանք, պարզվեց, որ ավագ դուստրս իր հետ ոչ մի ձմեռային հագուստ չի վերցրել,- շարունակում է,- փոխարենը վերցրել էր մի քանի ամիս առաջ Արցախից ուղարկված Այբբենարանը, որով երեխաներին հայերեն տառերն էի սովորեցնում: Վերցրել էր նաեւ ընտանեկան նկարների ալբոմը: Առաջին պահին զայրացա, բայց հետո հպարտության նման մի բան զգացի սրտումս»:
Ժաննան հիշում է, թե ինչպես Սումգայիթյան ջարդերից մի քանի ամիս առաջ մայրը սկսեց իրենց հայերեն տառեր սովորեցնել: Այբբենարանի վրա էլ լեռ էր պատկերված, սակայն ամոթով խոստովանում է, որ չգիտեր` ինչ լեռ է:
«Մի գիշեր երազ տեսա: Երազիս գնացքով անցնում էի երկու լեռան մոտով, մեկը` մեծ, գագաթն էլ ձյունապատ, մյուսը՝ ավելի փոքր: Մեծ լեռան վրա էլ մեծ լույս կար: Արթնացա տատիկիս երազս պատմեցի, ասաց այդ լեռը Արարատն է, երազդ էլ նշանակություն ունի, շուտով կիմանաս` ինչ նշանակություն ունի: Ամիսներ անց, երբ մահից մի կերպ փրկվելով Հայաստան վերադարձանք, այդ նույն տեսարանը բացվեց իմ առջեւ»,-հիշում է Ժաննան:
Մարիետտան երեխաների հետ մի քանի օր մնաց ակումբում, մինչեւ իրանցի հարեւանուհու օգնությամբ կարողացան Հայաստան մեկնող գնացքի երեք տոմս գնել:
«Երբ Աբգարը տոմսերը բերեց, լուրջ խնդրի առաջ կանգնեցինք՝ ո՞վ պետք է մեկնի: Մեր ընտանիքը 7 հոգուց էր բաղկացած. ո՞վ գնա, ի՞նչ անենք: Վերջում որոշվեց, որ Աբգարը դստրերիս եւ փոքր տղայիս հետ մեկնի՝ փորձելով համոզել ազերիներին, որ անհրաժեշտ է երեխաներին ուղեկցել եւ հետ գալ: Այդպես էլ եղավ: Երեխաներին դիմավորեցին ու տարան Աղվերան, իսկ ինքը վերադարձավ»:
Աբգարը վերադարձավ մի քանի օր անց, կարողացավ մի կերպ տոմս գնել եւ ընտանիքի մյուս անդամների հետ տեղափոխվել Հայաստան:
«Մեզ տարան Աղվերանի հյուրատներից մեկը, ուր մեկ ամիս մնացինք: Սակայն ես չէի կարող ընդունել այն հանգամանքը, որ ես չեմ աշխատում, իսկ ինձ օրական 3 անգամ կերակրում եւ մնալու տեղ են տալիս: Ես ամբողջ կյանքս Ադրբեջանի համար եմ աշխատել, իսկ Հայաստանի համար ոչինչ չեմ արել: Չէի կարող ընդունել, որ ինձ ձրի կերակրեն ու պահեն: Հյուրատան տարածքն էի մաքրում ձյունից, փորձում էի մի բանով օգտակար լինել: Մի օր էլ Ռոբերտ Քոչարյանը Աղվերան եկավ եւ հարցրեց, թե ովքե՞ր կցանկանան Ղարաբաղ տեղափոխվել: Անմիջապես համաձայնեցինք եւ ցանկություն հայտնեցինք Մարտունի տեղափոխվել, քանի որ այնտեղ ազգականներ ունեի»,- պատմում է Աբգար Բալայանը:
Մարտունի տեղափոխվելուն պես տեղավորվեցին բարեկամներից մեկի տանը, ունեցած գումարով անասուններ գնեցին: Իսկ որոշ ժամանակ անց էլ բնակարան ձեռք բերեցին:
Երբ Արցախյան պատերազմն սկսվեց, ավագ որդին՝ Արտակը, առաջնագծում էր, հայրը եւ մայրը՝ թիկունքում. կատարում էին ցանկացած աշխատանք: Հայրն օգնում էր, խրամատներ էին կտրում, ուտելիք, վառելափայտ հասցնում զինվորներին, մայրն էլ զինվորների հագուստներն էլ լվանում, կարում, հարդուկում, հարկ եղած դեպքում՝ արյուն էր տալիս` ում պետք էր:
«Մեկ ընտանիքի նման էր ապրում հայությունը պատերազմի տարիներին` հացն ու ցավը կիսելով, դրա համար էլ հաղթեցինք: Մեր ժողովուրդը ցեղասպանությունից այդքան տարի հետո չպետք է նորից կոտորած տեսներ, սակայն Սումգայիթը եւ Բաքուն մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հայը իր հողում պետք է ապրի եւ արարի: Հիմա հանգիստ եմ, որ զավակներս, թոռներս այստեղ են՝ հայրենիքում, օտարությունից հեռու»,- ասում է Աբգարը»:
Արմինե Նարինյան