«Եթե դա էլ չանենք, ավտոփոխադրումների շուկան էլ ենք կորցնելու, և տարանցիկության մասին կարելի է մեկընդմիշտ մոռանալ». Գագիկ Աղաջանյան
Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, և ըստ նրա՝ ՀՀ-ի համար ստեղծվել է մի իրավիճակ, որն ունիկալ է վերջին 25 տարվա ընթացքում.
«Մենք կիսաշրջափակման մեջ գտնվող երկիր ենք, ու այս պայմաններում գտնվելով հանդերձ, պետք է կարողանանք օգտվել առիթից և իրականացնել այն, ինչի մասին երկար տարիներ խոսվում է։ Խոսքը Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու մասին է, քանի որ Հայաստանն այն ունիկալ իրավիճակում է, երբ ունենալով այն պոտենցյալը, որ հիմա կա, կարող է հանդես գալ որպես կապող օղակ Իրանի ու Ռուսաստանի միջև։ Շատ են խոսում այն մասին, որ ԵՏՄ-ում Հայաստանի հայտնվելը, կամ Վրաստանի հայտնվելը ԵՄ կազմում, մեկը մյուսի համար կամուրջ կարող են հանդիսանալ, դա աբստրակցիա է ավելի շատ: Իսկ այն, ինչն այսօր ներկայացնում եմ, առարկայական է՝ կոնկրետ ճանապարհների ու փոխադրումների ու դրանց պահանջարկի մասին է խոսքը, որոնք ունեն երկու երկրները: Այսինքն՝ 80 և 150 միլիոնանոց շուկա ունեցող երկու երկրներն իրար կապելու փորձ անել և այս հսկայական բեռնափոխադրումների ծավալի մեջ գոնե 5-10 տոկոս չափաբաժին ունենալ, ինչը Հայաստանի համար շատ մեծ թիվ կլինի»:
Ըստ նրա՝ այդ գործընթացի համար հարկավոր է շատ արագ մի շարք գործողություններ իրականացնել. «Նախ՝ մեզ պետք են օրենսդրական փոփոխություններ։ Մեր երկրի մաքսային օրենսդրության տարանցիկ փոխադրումներին վերաբերող հատվածն ուղղակիորեն խոչընդոտ է տարանցիկ փոխադրումների համար։ Ավելին, եթե մեր հարևան երկրներում այս մաքսային օրենսդրությունը կիրառվի Հայաստանի նկատմամբ, հավատացեք, մենք՝ որպես երկիր, որը տարանցիկ փոխադրումներից շատ է օգտվում, կունենանք լուրջ խնդիրներ: Էլ չեմ խոսում մնացած խնդիրներից, ինչպիսիք են՝ ճանապարհային հարկերը, տուրքերը, մաքսային փոխադրումների հետ կապված այն խոչընդոտները, որոնք կան, և այլն»:
Գ. Աղաջանյանը նշեց, որ խոսքն ավտոճանապարհների մասին է, ոչ թե՝ երկաթուղու, որովհետև տարանցիկ երկաթուղային փոխադրումներն Իրանից դեպի Ռուսաստան երկաթուղու կառուցման պայմաններում բավականին բարդ է. «Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն ավելի շատ քաղաքական պրոյեկտ է, սակայն, եթե նույնիսկ դա իրականացվի, առայժմ միայն Վրաստանի հետ տարանցիկության մասին կարող ենք մտածել: Եթե Հայաստանը նախկինում ու մինչև վերջերս դիտվում էր մի երկիր, որը հնարավորություն էր տալիս տարածաշրջանի բոլոր երկրները մեկը մյուսի հետ կապել Հայաստանի երկաթուղու տարանցիկությամբ, ապա այսօր՝ բառացիորեն մեկ տարի հետո, ունենում ենք մի իրավիճակ, երբ բոլոր երկրները միմյանց հետ կապվում են ոչ Հայաստանի տարանցիկությամբ: Երկաթուղային կապն Իրանից՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, անցնում էր Հայաստանով, իսկ մեկ տարի հետո իրավիճակը կտրուկ կփոխվի, որովհետև շահագործման կհանձնվի Ղարս-Ախալքալաք երկաթգիծը, հետո՝ Կազվին-Ռեշտ-Աստանա երկաթուղին, ու այս երկու երկաթուղիներով Հյուսիս-Հարավ ճանապարհը կիրականանա: Մեզ մնում է ավտոփոխադրումների շուկան, որի մի մասն ի վիճակի ենք ու պարտավոր ենք մեզ վրա վերցնել, և ունենք շատ կարճ ժամանակ դա անելու համար, եթե դա էլ չանենք, ուրեմն ավտոփոխադրումների շուկան էլ ենք կորցնելու, և տարանցիկության մասին կարելի է մեկընդմիշտ մոռանալ»: