Կտտանքներ, դաժան վերաբերմունք, անպատժելիություն. Amnesty International-ի անդրադարձը՝ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների դեպքերին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը, որտեղ անդրադարձ կան նաև Հայաստանի հիմնական իրավունքների խախտման դեպքերին:

Զեկույցում նշվում է, որ կամարտահայտման, հավաքների, միությունների, խոսքի ազատության վիճակը վատթարացել է նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում, որտեղ գրեթե բոլոր երկրներում տարածված են կառավարության կողմից ԶԼՄ-ների գործունեությանը հետևելու, բողոք ցույցերը ճնշելու, համացանցային գրաքննության դեպքերը:
Ներկայացնենք զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածն ամբողջությամբ:

Հայաստանին վերաբերող բաժնում կազմակերպությունն արձանագրել է հետևյալը.
«Իշխանությունները բազմիցս ցրել են ընդհանուր առմամբ խաղաղ հանրահավաքները, այդ թվում՝ ավելորդ ոստիկանական ուժով, ինչը հանգեցրել է նոր ու ավելի խոշոր ելույթների: Ցույցերի կազմակերպիչներին ձերբակալում էին ու նրանց դեմ հարուցում քրեական գործեր կասկածելի մեղադրանքներով: Հաղորդվում էր հակակառավարական ակցիայի մի մասնակցի վրա հարձակման մասին, ով ծեծի էր ենթարկվել: Նախկինի պես, անհանգստություն են հարուցում կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև՝ անպատժելիությունը, որից օգտվում էին նրանք, ովքեր դրանք իրականացնում էին: Բանակային ծառայությունից գիտակցաբար հրաժարվողները կարողացան օգտվել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին նոր դրույթներից, որոնք 2013 թվականին օրենսդրություն էին մտցվել:

Համառոտ տեղեկություն

Դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները կողմ քվեարկեցին սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են անցում նախագահական կառավարական համակարգից խորհրդարանական կառավարման։ Դրա հետ միասին, ընդդիմությանն անհանգստացրել է, որ գործող նախագահը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո մնա իշխանության գլխին:

Հավաքների ազատություն

Տարին աչքի է ընկել հասարակական դժգոհություններով ու համատարած բողոքի ակցիաներով՝ կապված մի շարք սոցիալական ու քաղաքական խնդիրների հետ, ինչպես նաև իշխանության փորձերի՝ կոշտ միջոցառումներ ձեռնարկել ելույթների կազմակերպիչների ու մասնակիցների նկատմամբ: Ամենաբուռն բողոքի ակցիաները երկրում առաջ են բերել երկու թեմաներ՝ էլեկտրաէներգիայի սակագների պլանային բարձրացումն ու սահմանադրական փոփոխությունները, որոնք թույլ կտան նախագահին իշխանության ղեկին մնալ երկրորդ ժամկետի ավարտից հետո (հունիսին և հոկտեմբերին՝ համապատասխանաբար):

Երևանում սեպտեմբերի 21-ին հակակառավարական ցույցից հեռանալուց հետո դաժան ծեծի ենթարկվեց Սմբատ Հակոբյանը՝ երկրի իշխանություններին քննադատող քաղաքական կուսակցության անդամը:

Նա ստացավ գլխի վնասվածք, կողոսկրերի վնասվածք: Ոստիկանությունը գործ հարուցեց, որի շրջանակում ձերբակալվեց 3 կասկածյալ: 2014 թվականին բողոքի ակցիայի 3 մասնակիցների վրա նույնատիպ հարձակման հետաքննությունը 2015 թվականին արդյունք չտվեց:

Ուժի գերազանցում

Ոստիկանությունը բազմիցս գերազանցապես խաղաղ հավաքների ժամանակ ձերբակալել է ակցիայի խաղաղ մասնակիցների ու ուժ է գործադրել: Հակակառավարական բողոքի ցույցերի դուրս եկող ակտիվիստները նախկինի պես ռիսկի էին դիմում՝ ենթարկվել բռնության Ոստիկանության ու իշխանամետ կազմակերպությունների կողմից:
Հունվարի 15-ին Ոստիկանությունը հազարավոր մարդկանց Գյումրիում արգելեց մտնել ՌԴ հյուպատոսություն, ովքեր ցանկացել են երթ անցկացնել ու իրենց վրդովմունքն արտահայտել ռուս զինծառայողի կողմից 6 հոգուց բաղկացած ընտանիքի սպանության կապակցությամբ:

Ականատեսների վկայություններով՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ անկարգությունների հակազդման հատուկ հանդերձանքով ոստիկանները մահակներ ու արցունքաբեր գազով ու լուսաձայնային նռնակներ են կիրառել, ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել նրանց ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդու, որոնց հաջորդ օրն ազատել են։ Հաղորդվում էր, որ տուժել է 9 ցուցարար և 3 ոստիկան։ Տարեվերջի դրությամբ՝ դեպքի հետաքննությունը դեռ ավարտված չէր:
Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ սկսեցին շուրջօրյա բողոքի ակցիա՝ Երևանի կենտրոնում տեղադրելով վրանային ճամբար՝ կապված կառավարության հայտարարած էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշման հետ: Հունիսի 23-ին շուրջ 500 ցուցարար երթով շարվեցին դեպի նախագահական նստավայր ու արգելափակեցին ճանապարհը: Ոստիկանությունը ուժով, այդ թվում՝ ջրցան մեքենաներով, ցրեց նրանց: Ի պատասխան՝ որոշ ցուցարարներ ջրով լի շշեր նետեցին նրանց ուղղությամբ, սակայն հավաքվածներն իրենց հիմնականում խաղաղ դրսևորեցին։ Ոստիկանությունը ձերբակալեց 237 մարդու։ Ավելի ուշ, առանց մեղադրանք առաջադրելու, վերջիններս ազատ արձակվեցին:

Բացի այդ, ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառել նաև լրագրողների հանդեպ, խլել ու կոտրել տեխնիկան, ինչի արդյունքում՝ պաշտոնապես ներողություն խնդրեցին։ Տարեվերջի դրությամբ՝ միջադեպի հետաքննությունը դեռ ավարտված չէր։
Խոսքի ազատություն

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման 5 անդամ ձերբակալվեց զանգվածային անկարգությունների պլանավորման մեղադրանքով այն բանից հետո, երբ հայտարարեցին ապրիլի 24-ին հակակառավարական միտինգ անցկացնելու ծրագրերի մասին։ Դա տեղի ունեցավ՝ չնայած այն բանին, որ կազմակերպիչները պաշտոնական թույլտվություն ունեին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ապրիլի 9-ին Երևանի դատարանը նրանց կալանավորեց 2 ամսով։ Նրանց ազատեցին մայիսի 4-ին՝ Երևանում զանգվածային բողոքի ցույցերից հետո, սակայն նրանց դեմ հարուցված քրեական գործը դեռ փակված չէ։

Կտտանքներ ու դաժան վերաբերմունքի այլ տեսակներ

Նախկինի պես անհանգստություն են հարուցում կտտանքներն ու դաժան վերաբերմունքը Ոստիկանությունում ու բանտերում, ինչպես նաև անպատժելիությունը, որից օգտվում են նրանք, ովքեր դա թույլ են տվել: Տեղի իրավապաշտպան կազմակերպություններն ուշադրություն են հրավիրել այն պրակտիկայի վրա, երբ իրավապահներին, որոնք կասկածվում են կտտանքներ թույլ տալու մեջ, հաճախ ժամանակավորապես հեռացրել են զբաղեցրած պաշտոնից, իսկ հետո նորից նշանակել նույն կամ ոստիկանական ավելի բարձր դիրքի՝ այլ բաժանմունքում:

Լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների, տրանսգենդերների ու ինտերսեքսերի իրավունքներ

Մայիսի 17-ին մոտ 100 ակտիվիստ փակ միջոցառմանը տոնել են Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: ԼԳԲՏ-ի հանդեպ խտրականությունը նախկինի պես անհանգստության առիթ է տվել՝ գենդերային յուրահատկությամբ հակախտրական օրենսդրության բացակայության պայմաններում և ատելություն սերմանող համընդհանուր հաղորդագրությունների ֆոնին։

Ծառայությունից գիտակցաբար հրաժարվողներ

Հայաստանում սկսեցին կիրառել օրենսդրական փոփոխություններ 2013թ. այլընտրանքային քաղաքացիական ծառայության վերաբերյալ, որը թույլ է տալիս նրանց, ովքեր կրոնի պատճառով են խուսափում բանակում ծառայելուց, զբաղվել հասարակական աշխատանքներով՝ Զինված ուժերում ծառայելու փոխարեն»:

Տեսանյութեր

Լրահոս