Ընթերցանության օլիմպիադա` հանրակրթական դպրոցներում

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Այս առիթով «Զարկերակ» մամուլի ակումբի հյուրերից մեկը՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց օրվա խորհրդի, ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև՝ ձեռքբերումների մասին:

Բանախոսը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն մի քանի տարի հանրակրթական դպրոցներում ընթերցանության օլիմպիադա է կազմակերպվում.

«Սա մեր վերջին 10 տարիների ամենազիլ ձեռքբերումներից մեկն է: Հանրակրթական դպրոցներում վերջին տարիների ընթացքում ընթերցանության օլիմպիադաներ են կազմակերպվում: Ամեն դպրոցի հաղթողների համար տարբեր խրախուսական պարգևներ են նախատեսված: Թվով 33 դպրոցների ֆինալիստներ, օրինակ՝ ԱՄՆ դեսպանի կողմից ստացել են քինդլներ, Պաշտպանության նախարարությունը տարվա կտրվածքով վերանորոգում է 10 հաղթող դպրոցների ռազմագիտության դասասենյակները, հաղթողներից մեկը հնարավորություն ունի իր ծնողներից մեկին հրավիրել Փարիզ՝ ուղևորության, դպրոցի հաղթողի հայրը կարող է ստանալ անվճար ԱՊՊԱ, և այլն: Սա հատուկ ստեղծված ստիմուլ է, որպեսզի ոգևորի նաև մյուսներին՝ ավելի շատ կարդալու, ու կարծես դրական արդյունքներ ենք գրանցում»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հակադարձելով չսպառվող գրականությունը մեծ տպաքանակներով շարունակ հրատարակելու և գրախանութների դարակներին նորանոր գրքեր թողնելու նկատառումներին՝ պատասխանում է. «Մեր ընթերցողները դեռ նոր են գալու: Մենք մեր ընթերցողներին ինքներս ենք պատրաստում»:

Կարդացեք նաև

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև նկատառումներին, թե գրքերի չսպառման պատճառներից մեկն էլ դրանց բարձր գներն են. «Երբ ասում են, թե գիրք թանկ է, ես ուզում եմ հարցնել՝ իսկ ինչի՞ց է թանկ՝ սրճարան գնալո՞ւց, զվարճանքների՞ց, թե՞ կրթություն ստանալուց: Ի դեպ, գիրք գնելն ու կարդալն ամենաէժան կրթություն ստանալու ձևն է: Իսկ եթե ասում են, թե գրքի գինն ավելի բարձր է, քան ստացած եկամուտները, ապա պետք է մտածել եկամուտները բարձրացնելու մասին: Հայաստանում գիրքն էապես շատ ու շատ ավելի էժան է, քան ցանկացած այլ երկրում, որտեղ գիրքը կարևորում են»:

Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում գործող հրատարակիչներին և իր մրցակիցներին, գործընկերներին համարում է հերոսներ. «Սա բիզնես չի, և քանի դեռ հասարակությունը չի փոխվել, բիզնես չի դառնալու: Ես կերազեի, որ Հայաստանում հրատարակչական գործը դառնար բիզնես, իսկ ի՞նչ է դա՝ կապիտալի տրանսֆորմացիա: Այդպիսի գործով ժամանակին զբաղվել են Մանթաշովը, Նուբար Փաշան, Արամյանցը, Գյուլբենկյանը, Մեդիչիների ընտանիքը՝ Իտալիայում: Նրանք իրենց ստացած եկամուտները տրանսֆորմացրել են՝ գիտելիքի, արվեստի մշակույթի մեջ ներդրումներ անելով: Իհարկե, հետագայում դա նույնպես տրանսֆորմացվում է գումարի, օրինակ՝ Մեդիչիների ժառանգության շնորհիվ Իտալիան այսօր տարեկան ստանում է 40 մլրդ դոլար եկամուտ»:

168.am-ի այն հարցին, թե նկարագրված իրականությանը հասնելու համար արդյո՞ք պետական հոգածության և համակարգային փոփոխությունների կարիք չկա, բանախոս Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Իհա՛րկե կա: Ամբողջ աշխարհում ընթերցողներն են ղեկավարում հեռուստադիտողներին: Հեռու չգնանք՝ մեր հարևան Վրաստանում բոլորովին այլ պատկեր է: Այնտեղ միջին ընթերցողը 15 անգամ ավելի շատ է գիրք գնում, չեմ կարող ասել՝ նաև ընթերցո՞ւմ են, թե՞ ոչ, բայց վաճառքի ծավալները հստակ գերազանցում են մեզ: Սա պետական քաղաքականության արդյունք է: Մենք ունենք ընդամենը մեկ գրական գործակալ, Վրաստանն ունի առնվազն՝ 10-15-ը, առնվազն 80 լեզվից մենք թարգմանիչներ չունենք՝ շվեդերեն, ֆիններեն, նորվեգերեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն, խորվաթերեն, սերբերեն: Սրանք խնդիրներ են, հասկանո՞ւմ եք, որ պետական հոգածության կարիք են զգում: Իհարկե, հույսներս այս իշխանություններից կտրվել է, և մենք գրեթե ողջ ծանրությունը մեր ուսերին վերցրած՝ փորձում ենք առաջ շարժվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս