Աշխարհահռչակ Փինկ Մարտինի խումբը կատարում է «Ով սիրուն, սիրուն» երգը
Ամերիկյան ամենապահանջված, բազմալեզու և ոճային Փինկ Մարտինի (Pink Martini) խումբը իր երգացանկում ներառել է հայկական ամենասիրված ու տարածված երգերից մեկը` «Ով սիրուն, սիրուն»-ը: Խմբի վրա մեծ ազդեցություն են ունեցել հայկական, իսպանական, խորվաթական, թուրքական, չինական, գերմանական, ճապոնական, ռումինական, իտալական և անգլիական մշակույթները:
Խմբի հրավիրված վոկալիստ Արի Շարիպոն, ով նաև Ամերիկայի Հանրային ռադիոյի Լոնդոնի թղթակիցն է (NPR), իր եթերներից մեկի ընթացքում պատմել է, որ մի քանի շաբաթ առաջ զանգ է ստացել Փինկ Մարտինի խմբի մեներգիչ Լոդերդեյլից, ով առաջարկել է նրան սովորել հայերեն երգ` խմբի մյուս մեներգիչ և թմբկահար Թիմոթի Թիշիմոտոյի հետ դուետ կատարելու համար: Այդ ժամանակից ի վեր նա թափառում է Լոնդոնի փողոցներում` քթի տակ հայերեն խոսելով և հույս ունենալով, որ Թիմոթին նույն բանն է անում:
«Ես հայերեն չեմ խոսում: Բայց ես նաև չեմ խոսում հունարեն և իսպաներեն, բայց խմբի հետ երգում եմ այդ լեզուներով: Եվ ես մի օր զանգահարեցի Սան Ֆրանցիսկոյում ապրող իմ ընկերոջը, ով հայ է: Մենք մի ամբողջ ժամ խոսեցինք հեռախոսով և նա ինձ սովորեցրեց հայերեն արտասանության բոլոր հնարքները և բոլոր բառերի նշանակությունը: Ինձ համար կարևոր է, որ ես հասկանամ այն երգի բառերը, որը երգում եմ, նույնիսկ եթե ես չեմ խոսում այդ լեզվով»,- ասել է Արի Շարիպոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը