Ես Գրիզլովին ասացի՝ չենք կարող ստորագրել. Հայաստանը չի միանա այդ հայտարարությանը. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը խոսել է այն մասին, թե միջպետական հարաբերություններում գրագետ իշխանությունն ինչպես պետք է գործի, ինչպես պետք է առաջ տանի պետության շահը՝ չվտանգելով այլ երկրների հետ իր հարաբերությունները: Նա այս առումով բերեց իր անձնական փորձի օրինակը:
«Ժամանակին՝ 2008 թվականի օգոստոսին, երբ ՌԴ-ն հայտարարություն էր պատրաստել՝ Օսիայում իբր վրացիների իրականացրած Ցեղասպանությունը դատապարտող, ես խոսեցի Պետդումայի նախագահ Գրիզլովի հետ ու ասացի՝ մենք չենք կարող ստորագրել, միանալ այդ հայտարարությանը, որովհետև մենք Ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, ու այդտեղ Ցեղասպանության փաստեր չկան, և երկրորդ՝ մեր հիմնական ճանապարհը Վրաստանով է, ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ նման հայտարարության: Մարդը հասկացավ ինձ: Նման մի դեպք էլ եղավ 2008թ. փետրվարին, Կոսովոյի հետ կապված: Այսինքն՝ եթե դու հարգում ես քո խնդիրները, բացատրում ես դրանք տարբեր երկրներին, խնդիր չի առաջանում: Պետք է տեր կանգնել սեփական իրավունքներին, և այդ ժամանակ քեզ կհարգեն, ու դու կստանաս աջակցություն: Մենք Ռուսաստանից ստացել ենք այդ աջակցությունը: Դե, թող հիմա էլ զենք տան, ինչի՞ չեն տալիս»,- ասաց Խորհրդարանի նախկին նախագահը:

Նա հավելեց նաև՝ «Եվրամիությունը շոկի մեջ ընկավ, երբ մենք հայտարարեցինք, որ մտնում ենք ԵԱՏՄ, բայց կարճ ժամանակ անց աշխատեցին նոր փաստաթղթի վրա, ու 2017թ. ստորագրվեց CEPA-ի համաձայնագիրը (Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), ընդ որում, ի տարբերություն շատ երկրների, մեր համատեղ աշխատանքն ամենաարդյունավետն էր՝ ըստ իրենց գնահատականների»:
Հիշեցնենք. 2017թ. նոյեմբերի 24-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ)։ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Ընդ որում, CEPA-ն վավերացրել է Եվրոպայի 27 երկիր։
Մանրամասները՝ տեսանյութում:



