Հայաստանը ևս կարող է խախտել իր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում

Չնայած ՀՀ իշխանությունների դժգոհություններին ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ անգործության վերաբերյալ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կրկին պնդում է, որ ՀԱՊԿ-ն չի կարող ներգրավված լինել ԼՂ հակամարտության մեջ։

«Հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով Կովկասում իրավիճակի հետ կապված։ Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ հայտարարում են, որ ՀԱՊԿ-ն չի արձագանքում, ինձ համար զարմանալի է։ Մենք ամենամյա հայտարարություններում անդրադառնում ենք հարցին»,- երեկ ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ այդ կապակցությամբ հայտարարությունները բավարար են։
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբեր ամսին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում Հայաստանի նախագահն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության աճին՝ քննադատելով ՀԱՊԿ-ին։

«Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը։ ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի, և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման։ Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը։ Մենք պետք է դրանից դասեր քաղենք»,- նման օրինակով էր հանդես եկել Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ այլ անդամ երկրների ղեկավարների հետ գագաթաժողովի ընթացքում։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ դեկտեմբերի 9-ին Ռուսաստանում անցկացվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Վերջինս նիստից հետո նշել էր, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեն միաձայն ողջունել է Ռուսաստանի օդային գործողությունը Սիրիայում, այնինչ ՀԱՊԿ այլ երկրների ներկայացուցիչները միաձայն հերքեցին, թե հայտնել են իրենց աջակցությունը։ Միևնույն ժամանակ, որոշ ռուս վերլուծաբաններ և պաշտոնյաներ ակնարկում են, որ ռուս-թուրքական բախման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմական բազան պետք է կատարի իր գործառույթները, թեև Նիկոլայ Բորդյուժան պնդում է, որ ռազմաբազան նախատեսված չէ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

«168 Ժամի» հետ զրույցում Լոնդոնի Քինգս քոլեջի Անվտանգության դասընթացների բաժնի առաջատար ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանն ասաց, որ, թեև ՀԱՊԿ-ն ունի ՆԱՏՕ-ին նմանեցված կանոնադրություն, սակայն չունի ՆԱՏՕ-ի նման ձևավորած կայուն, խորը ռազմական համագործակցության ավանդույթներ։ Ըստ նրա՝ այս կազմակերպության կանոնակարգը գրված է թղթի վրա և պարտադիր ուժ չունի, ինչը ցույց է տալիս կառույցի պատմությունը։

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն իմաստ ունի միայն ՀԱՊԿ-ի շրջանակում անցկացվող վերազինումների, համատեղ զորավարժությունների տեսանկյունից, քանի որ, ըստ էության, հակամարտություններում ՀԱՊԿ-ն չի կարողանում իրականացնել իրեն վերապահված գործառույթները, որովհետև յուրաքանչյուր երկիր իր շահն է առաջ մղում՝ անտեսելով ՀԱՊԿ կանոնադրությունը։ Միայն ԼՂ հակամարտության դեպքում չէ, որ այդպես է։ Ըստ իս՝ խնդիրը շատ ավելի մասշտաբային է՝ ՀԱՊԿ-ն միասնաբար չի գործում, միասնաբար հանդես չի գալիս ոչ մի հակամարտությունում։ Սա նշանակում է, որ կառույցը չի գործում»,- նման տեսակետ հայտնեց Թրեյսի Ջերմանը։

Վերջինս նաև նշեց, որ ՀԱՊԿ-ում ձևավորված այս ավանդույթը յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս խուսափել նաև Ռուսաստանի նախաձեռնած գործողություններին, հակամարտություններին աջակցելուց։ «Այսինքն՝ ինչպես ՀԱՊԿ երկրները չեն միջամտում ԼՂ հակամարտությանը, այնպես էլ Հայաստանը կարող է առաջ մղել իր ինքիշխանությունը՝ ռուս-թուրքական նույնիսկ ռազմական էսկալացիայի դեպքում ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի չնչին մասնակցությամբ, այսինքն՝ խախտել իր ստանձնած պարտավորությունները, որովհետև ՀԱՊԿ-ն, ըստ էության, չի գործում՝ որպես անվտանգությունը երաշխավորող կառույց։ ՀԱՊԿ-ին սպասվում է ԱՊՀ-ի ճակատագիրը, քանի որ կառույցում ամրագրված օրենքները չեն գործում»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա Ջերմանի խոսքով՝ հակամարտությունում նոր միտումներ տեսանելի չեն։

«Հակամարտության հարևանությունն է ավելի վտանգավոր դարձել, բայց Ղարաբաղյան հակամարտության դինամիկան պահպանվում է՝ լարվածություն սահմանին և շփման գծում, երկարաձգվող բանակցային գործընթաց։ Սակայն լարվածություն, որը կողմերը վերահսկում են, որպեսզի այն չանցնի դեպի պատերազմական գործողություններ, քանի որ, չնայած ռազմատենչ հայտարարություններին, կողմերը պատրաստ չեն նոր պատերազմի ու նոր կորուստների»,- ասաց Ջերմանը։

Տեսանյութեր

Լրահոս