Թևան Պողոսյանը ՄԻՊ պաշտոնի համար այլ թեկնածու ունի

«Պետք է մի բան գիտակցենք՝ մինչև իրենք իրենց տեսլականներն ու ծրագրերը չեն ներկայացնում, շատ դժվար է գնահատել, թե ով շանս ունի, ով՝ չունի: Կլինի բաց քննարկում, պայքարն այդտեղ կգնա: Եթե վերցնենք մեր եղած քաղաքական մշակույթը, որ միշտ ասում ենք՝ դե կա մեծամասնություն, որը կքվեարկի իր թեկնածուի օգտին, ոնց որ թե ՀՀԿ խմբակցության տարբեր անդամներ էլ ասել են՝ ուրիշները որևէ շանս չունեն անցնելու, կարելի է ասել, որ նշանակման նման կլինի այդ քվեարկությունը:

Կստացվի՞ 3/5 հավաքել, թե՞ ոչ, ապագան ցույց կտա»,- այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը 168.am-ի հարցին, թե ներկայացված երեք թեկնածուներից ո՞վ ավելի մեծ շանսեր ունի դառնալու Մարդու իրավունքների պաշտպան:

Նա հավելեց, որ ցանկացած երեք թեկնածուներն էլ պետք է շատ լավ ուսումնասիրած լինեն նախկին երեք Մարդու իրավունքների պաշտպանների գործունեությունը, ճանապարհը, կատարած սխալները, մոտեցումները.

«Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչն են իրենք նորովի անելու, որ զգանք՝ ՄԻՊ-ը բոլորիս համար է: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա համակարգային փոփոխությունների մոտեցում»:

Հարցին, թե այնուամենայնիվ ո՞ւմ է տեսնում այդ պաշտոնում, նա պատասխանեց, որ իր թեկնածուն ներկայացված չէ.

«Մարդու տեսակի խնդիրը դժվար է գնահատել, որովհետև ես փորձում եմ իրեն դիտարկել՝ ինստիտուտ: Եթե մարդու տեսակով լինի, ես լրիվ այլ թեկնածու ունեմ: Ես շատ կցանկանայի, որ Արտակ Կիրակոսյանը լիներ այդ պաշտոնում: Ինքն այն մարդն է, որն ունի համակարգային փոփոխության տեսլական»:

Տեսանյութեր

Լրահոս