Ինչո՞ւ է Համբուրգի սեքսուալ աստղը միայնակ. Bild-ն Իվետա Մուկուչյանից հարցազրույց է վերցրել

Գերմանական Բիլդ պարբերականը հարցազրույց է վերցրել ‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ինչո՞ւ է Համբուրգի սեքսուալ աստղը միայնակ» վերնագրով հոդվածում նշվում է, որ 29-ամյա երգչուհին ներկայացնում է Հայաստանը ‹‹Եվրատեսիլ 2016››-ին:

Նշվում է, որ Հայաստանում նրան անդադար հետապնդում են լրագրողները, իսկ ահա Համբուրգում Իվետան կարող է մի փոքր հանգստանալ: Ներկա պահին Իվետան պատրաստվում է մայիսին կայանալիք մրցույթին: Անվերջ նկարահանումների եւ ձայնագրությունների արդյունքում անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չկա: Այդ իսկ պատճառով այս գեղեցկուհու սիրտն ազատ է: ‹‹Այս պահին ես ամբողջովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա››,- Բիլդին տված հարցազրույցում նշել է Իվետան: «Հենց այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին չեմ փնտրում: Տղամարդը պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի ինձ հետ հավասար կարողանա դիմանալ այս ամենին»:

Bild-ը նշում է, որ Իվետան մենություն չի սիրում, ուստի շրջապատում է իրեն ընկերներով՝ մարդկանցով, ովքեր հարազատ են եւ սիրում են նրան:

«Իմ քույր Մարիաննան ինձ հետ միասին մեկնելու է Եվրատեսիլ: Նա այնտեղ է լինելու ոչ միայն որպես ինձ շատ հարազատ մարդ, այլև որպես իմ դիմահարդար»,-ասել է երգչուհին:

Պարբերականը հիշեցնում է, որ 2009 -ին Իվետան մասնակցել է ‹‹Հայ սուպերսթար›› նախագծին եւ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Այդ օրվանից նա մեծ ճանաչում է ձեռք բերել Հայաստանում: Բիլդը շեշտում է` Իվետան շատ ոճային արտիստ է: ‹‹Շատ եմ սիրում բեմական հագուստներն ու դիմահարդարումը, բայց առօրյայում ջինսեր եւ սպորտային կոշիկներ եմ կրում: Սիրում եմ հարմարավետ եւ ոճային հագուստ››,-ընդգծել է երգչուհին: Նյութի հեղինակը վստահ է` թե′ բեմական շքեղ հագուստով, թե′ գործած գլխարկով՝ Իվետան միշտ սեքսուալ է:

‹‹Ասում են, որ սեքսուալությունը ներքին հատկանիշ է ու հագուստն ամենեեւին կապ չունի: Իվետան այս վարկածի իսկական մարմնավորումն է››,-նշում է պարբերականը:

Տեսանյութեր

Լրահոս