Լուսանկարիչ, որին ոչ ոք չէր ճանաչում
Այս կնոջ մասին դժվար թե շատ տեղեկատվություն գտնեք: Նա հայտնի լուսանկարիչ չէ: Նրա կյանքի ընթացքում իր աշխատանքներից և ոչ մեկը չի հրապարակվել: 2009թ. անշարժ գույքի գործակալ Ջոն Մալոֆը աճուրդում գնում է մի քանի արկղ, որոնք պատկանում էին անհայտ ինչ-որ մեկին: Այդ արկղերի մեջ նա հայտնաբերում է մոտ 100 հազար նեգատիվ և չմշակված ժապավեններ: Երբ Ջոնը սկսեց սկանավորել դրանք, նա պարզապես չէր հավատում աչքերին:
Նեգատիվները վերածվեցին հրաշալի պատկերների, որոնք նկարահանված էին 60-70-ական թվականներին: Այդ լուսանկարները պատկանում էին Վիվիան Մայերին: Վիվիանն իր ամբողջ կյանքի ընթացքում լուսանկարել է, բայց ոչ մեկին ցույց չի տվել իր աշխատանքները: Նա իր տան սենյակը դարձրել էր լուսանկարչական լաբորատորիա և ժապավեններից ստանում էր լուսանկարները:
Լուսանկարչություն միջոցով նա երբեք գումար չի աշխատել: Նույնիսկ նրա ամենահարազատ մարդիկ չեն իմացել լուսանկարչության նկատմամբ Վիվիանի այդչափ սիրո մասին: Եվ միայն նրա մահվանից հետո, պատահաբար, նրա աշխատանքները դարձան պատմության մասնիկներ:
Իր կյանքի մեծ մասը Վիվիանն ապրել է Չիկագոյում և աշխատել է՝ որպես տնային դաստիարակչուհի, հարուստ ընտանիքներում: Ազատ ժամանակ Վիվիանը թափառում էր իր քաղաքի փողոցներում` ֆոտոխցիկը ձեռքին: Նրա լուսանկարները շատ լավ փոխանցում են անցյալ դարի կեսերի ամերիկյան կյանքը: Նա հագնում էր տղամարդու տաբատ, տղամարդու կոշիկներ և գրեթե միշտ կրում էր լայնեզր գլխարկ:
«Նա սոցիալիստ էր, ֆեմինիստ, կինոքննադատ և այն տեսակի մարդկանցից էր, որոնք միշտ դեմքին են ասում ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լինի»,- այսպես են արտահայտվում իրենց դայակի մասին Վիվիանի նախկին ուսանողները:
Հանելուկային լուսանկարչի կյանքը զարմացնում է և հիացմունք առաջացնում: Գուցե իսկական արվեստը կարիք չունի արտաքին գնահատականի, թերևս, յուրաքանչյուր բան պետք է ստեղծել՝ առանց գոհացնելու ցանկության, ինչպես արել է 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկը` Վիվիան Մայերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը