Կենտրոնական Ամերիկայի երկրները միավորում են ջանքերը Զիկա վիրուսի դեմ պայքարում
Կենտրոնական Ամերիկայի երկրները պայմանավորվել են համատեղ պայքար մղել Զիկա տենդի տարածման դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Պետությունների ղեկավարները, որոնք ընդգրկված են Կենտրոնաամերիկյան ինտեգրացիոն համակարգում (SICA), անցկացրել են տեսահամաժողով Հոնդուրասի ղեկավար Խուան Օռլանդո Էռնանդեսի գլխավորությամբ ու հանձնարարել առողջապահության նախարարություններին 15-օրյա ժամկետում մշակել գործողությունների հատուկ ծրագիր հիվանդության դեմ տարածաշրջանային պայքարի շրջանակում:
Գործողությունների պլանը նախատեսում է նաև մոծակների ոչնչացում, որոնք հանդիսանում են Զիկա վիրուսի տարածողներ: Հոնդուրասի ղեկավարը նաև կոչ է արել համատեղ գնել տենդի դեմ պայքարի նյութերը դրանց գինը նվազեցնելու նպատակով:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժնի ղեկավար Սյուզաննա Ջաքաբը նախազգուշացրել է Եվրոպայում Զիկայի տարածման վտանգավորության մասին՝ կապված գարնան գալուստի հետ:
Ի տարբերություն այլ տրոպիկական հիվանդությունների՝ մինչ օրս չի ստեղծվել պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց, որը ի վիճակի կլիներ հակազդել այդ վիրուսի տարածմանը:
Զիկա վիրուսը, որը լայն տարածում է ստացել Լատինական Ամերիկայում, հայտնաբերվել է 1947 թվականին Ուրուգվայում: Հիվանդության ներկայիս բռնկումը անվանում են խոշորագույնը պատմության մեջ:
ԱՀԿ-ի տվյալով՝ 3-4 միլիոն մարդ կարող է վարակված լինել Հարավային, Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայում: