Բաժիններ՝

Տարեկան 350 դրամ՝ մասնագիտական ուսուցման համար. Առողջապահության ոլորտի «հմայքը»

Որքան էլ ոչ միանշանակ վերաբերվենք պաշտոնական վիճակագրությանը, այդտեղ շատ հաճախ կարելի է գտնել ցուցանիշներ, որոնք թեկուզ անուղղակիորեն լույս են սփռում տարբեր ոլորտների իրական պատկերի վրա։

Այսպես, դեկտեմբերի 30-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2015» զեկույցը։ Իհարկե, ամանորյա թոհուբոհի մեջ այս զեկույցն աննկատ անցավ գնաց, սակայն դրանում կա մի չափազանց հետաքրքիր տվյալ։ Խոսքը վերաբերում է տարբեր ոլորտներում մասնագիտական ուսուցմանն ուղղվող ծախսերին։

ԱՎԾ-ն, մասնավորապես, հրապարակել է, թե 2014 թվականի տվյալներով 1 միավոր աշխատուժի վրա որքան գումար է ծախսվում՝ աշխատավարձի, բոնուսների, սոցիալական վճարների և այլ ծախսերի տեսքով։ Այս ծախսերից ուշագրավ է հատկապես մասնագիտական ուսուցմանն ուղղվող ծախսերը։

Ինչպես երևում է պաշտոնական տվյալներից, մասնագիտական ուսուցմանն առավել լուրջ են վերաբերվում ֆինանսական ոլորտում։ Այստեղ մեկ աշխատողի մասնագիտական ուսուցման գծով ամսական ծախսվում է միջինը 3828 դրամ։ Սա կազմում է ֆինանսական ոլորտի միջին ամսական անվանական աշխատավարձի (403020 դրամ) 0,94%-ը։

Աշխատակիցների մասնագիտական ուսուցմանը քիչ թե շատ պատշաճ ուշադրություն են դարձնում նաև տեղեկատվության և կապի ոլորտում՝ ամսական 1410 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 1 միավոր աշխատուժի գծով մասնագիտական ուսուցման ծախսը 377 դրամ է, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում՝ 336 դրամ։

Համարում եք՝ որ սա չափազանց փոքր թի՞վ է։ Այդ դեպքում ձեզ ավելի կզարմացնենք։

Առողջապահության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 129605 դրամ է, իսկ մեկ միավոր աշխատուժի գծով մասնագիտական ուսուցման ծախսը՝ ընդամենը 29 դրամ։ Կամ՝ 1 տարվա կտրվածքով  348 դրամ։ Կամ, եթե անկեղծ լինենք, առողջապահության ոլորտում մասնագիտական ուսուցման վրա գումար չեն ծախսում, որովհետև 348 դրամը չեղածի հաշիվ է։

Իհարկե, այս հաշվարկները միջինացված են։ Իհարկե, հնարավոր է` հաշվարկի մեջ մեխանիկորեն ներառվել են նաև սանիտարները կամ հիվանդանոցների պահակները, ինչի արդյունքում մասնագիտական ուսուցման միջինացված թիվը կոնկրետ բուժաշխատողների համար նվազել է։ Լավ, ենթադրենք իրական թիվը 5 անգամ ավելի մեծ է՝ ամսական 1750 դրամ։ Բայց սա էլ զավեշտ է։ Ի՞նչ մասնագիտական ուսուցում կարող է լինել այդ գումարով։

Միգուցե ոմանք կասեն՝ բուժհաստատությունները բանկերի կամ բջջային կապի օպերատորների նման հարուստ չեն, որ մեծ գումարներ ծախսեն համակարգի աշխատողների վերապատրաստման համար։ Սակայն մի՞թե կարևորությունը նույնն է։ Չէ՞ որ նաև սրա պատճառով է, որ հանրապետության բժիշկների ճնշող մեծամասնությունը ընդհանրապես տեղյակ չէ գիտության վերջին նվաճումներից և առաջնորդվում է տասնամյակների վաղեմություն ունեցող գիտելիքով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով (բժշկական սխալներ՝ մահվան ելքով, ոչ արդյունավետ բուժում և այլն)։

Իսկ ո՞ւր է պետությունը։ Մեծ հաշվով՝ այս հարցում պետության գործոնը չկա։ Պետությունն ընդամենը կանոնակարգել է բժիշկների սերտիֆիկացման գործընթացը և քաշվել մի կողմ։ Բժիշկները 3 տարին մեկ պարտավոր են սերտիֆիկացվել, սակայն դա ամբողջությամբ ձևական գործընթաց է։ 3 տարին մեկ ընտրվում են մի քանի բուժհաստատություններ, որոնց բժիշկները մի քանի օր դասախոսություն են կարդում իրենց մնացած գործընկերների համար։ Վերջ, կարող եք շարունակել բուժել։ Ընդամենը հարկավոր է չբացակայել։

Ավելին ասենք, «պտիչկա» դնելու համար այդ դասախոսության մասնակցելու համար յուրաքանչյուր բժիշկ իր գրպանից վճարում է մի կլորիկ գումար (մինչև 100 հազար դրամ)։ Սա էլ դեռ ամենը չէ։ Բժիշկներից շատերը նախընտրում են այս վճարից բացի որոշակի գումար ավելի ծախսել՝ «սիրաշահել» այս գործընթացի պատասխանատուներին, և չհաճախել դասընթացներին (իհարկե, առանց բացակա ստանալու)։ Որովհետև չեն ցանկանում և՛ սերտիֆիկացման համար գումար վճարել, և՛ զրկվել մի քանի օրվա աշխատավարձից։ Առավելևս, որ շոշափելի օգուտ այդ դասախոսություններից չեն ունենում։

Ահա այսպիսի պատկեր է առողջապահության ոլորտում։ Զրուցեք ձեր մտերիմ բժիշկների հետ և կհամոզվեք, որ նրանք մինչև կոկորդը կուշտ են այս անիմաստ պրոցեսից։

Ի դեպ, վերադառնալով մասնագիտական ուսուցման գծով ծախսերին՝ նշենք, որ կրթության ոլորտում պատկերն ավելի տխուր է. մեկ աշխատողի գծով մասնագիտական ուսուցման ամսական ծախսը միջինը 16 դրամ է։ Ու այս տեմպերով մենք որոշել ենք գիտելիքահենք տնտեսություն կառուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս